ՄիջազգայինՔաղաքական

Վարուժան Գեղամեան. «Տիկին Գեոքթաշը երդւեալ ու սկզբունքային հակահայերից մէկն է. ինչու է Արսէն Թորոսեանը հանդիպել նրա հետ»

«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը սոցցանցերի իր հարթակներում տարածել է նախօրէին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսէն Թորոսեանի եւ թուրք նախարար Մահինուր Օզդեմիր Գեոքթաշի լուսանարը՝ գրելով.

«Նկարում Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական ծառայութիւնների նախարարն է՝ Մահինուր Օզդեմիր Գեոքթաշը։

Այս նախարարուհին ժամանակին քաղաքական ակտիւ գործունէութիւն էր ծաւալում Բելգիայում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամաւորը:

Սակայն 2015 թ.-ին նրա բելգիական քաղաքական կարիերան աւարտւեց. նրան հեռացրին բելգիական CDH կուսակցութիւնից: Պատճառը այս տիկնոջ կողմից Հայոց Ցեղասպանութեան հերքումն էր։

Մի խօսքով՝ տիկին Գեոքթաշը երդւեալ ու սկզբունքային հակահայերից մէկն է։

Իսկ ինչո՞ւ յանկարծ յիշեցի այս տիկնոջը։

Երէկ ՀՀ դէ-ֆակտօ նախարարներից մէկը հանդիպել է այս տիկնոջը՝ քննարկելու Հայաստան-Թուրքիա սոցիալական ոլորտը։ Ու ոգեւորութեամբ տարածել այդ մասին լուրը։

Այն, որ նմանատիպ օրակարգ չկայ, պարզ է ցանկացած սթափ մարդու։

Այն, որ երդւեալ հակահայի հետ հանդիպելը, երբ տասնեակ գերիներ ու Հայաստանի գրաււած տարածքներ կան, սխալ է, դա եւս պարզ է։

Սակայն աւելի էական է հետեւեալը. իմ կանխատեսումով, առաջիկայ ամիսներին (մինչեւ ընտրութիւն) իբր հաստատւած խաղաղութեան ու «հայ-թուրքական բարեկամութեան» կեղծ փուչիկը մեր աչքին է՛լ աւելի փչելու համար Հայաստանը ներկայացնողները ամէն միջազգային հարթակում փորձելու են գոնէ նկարւել Թուրքիայի ներկայացուցիչների հետ կամ անբովանդակ հանդիպումներ ունենալ։

Այս քարոզչական բեմականացումների նպատակը մէկն է. դրանք նախատեսւած են բացառապէս հայկական լսարանին մոլորեցնելու համար, ինչի վկայութիւնն է, օրինակ, այն, որ Թուրքիայի նախարարութիւնը երէկւայ հանդիպման մասին նոյնիսկ սոցցանցային գրառում չի արել, թէեւ այլ հանդիպումների անդրադարձել է։

Մի խօսքով, քարոզչական այս հնարքն էլ կարելի է աւելացնել «Անիի կամուրջի վերականգնում»  սենտիմենտալ քարոզին»:

Related Articles

Back to top button