Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրանաշէնի յանձնումը կը կտրի Հայաստանի հարաւային զարկերակը. Գալչեանը՝ «անկլաւների», լոգիստիկ ճգնաժամի եւ տարածքային փոխանակման հնարաւորութեան մասին

«Անկլաւների վերադարձը կամ փոխանակումը աբսուրդային լոգիստիկ փակուղի ու հսկայական ճգնաժամ կը ստեղծի»,- այս մասին Panorama.am-ի հետ զրոյցում նշեց ինժեներ-քարտէզագէտ Ռուբէն Գալչեանը։

Նիկոլ Փաշինեանն օգոստոսի 20-ի ճեպազրոյցում անդրադարձել է Տիգրանաշէնի տարածքային պատկանելութեանը եւ խորհրդային շրջանի անկլաւների խնդրին՝ նշելով. «Քարտէզների վրայ Արծւաշէնը Հայաստանի տարածք է, Քիարքին, Բարխուդարլուն եւ Իւխարի Ասկիպարանը Հայաստանի տարածք չեն եւ այն փաստ է, որի հետ մենք պէտք է առնչւենք»։

Այս յայտարարութիւնների, իրաւական եւ քարտէզագրական հիմքերի, ինչպէս սահմանազատման գործընթացում հնարաւոր ռիսկերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ինժեներ-քարտէզագէտ Ռուբէն Գալչեանի հետ։

Ռուբէն Գալչեան- Տիգրանաշէնը եւ նախկին ԽՍՀՄ շրջանում ձեւաւորւած անկլաւները փաստացի սահմանւել են խորհրդային զինւորական շտաբների կողմից՝ առանց առանձին բարձրագոյն միջպետական վաւերացման փաստաթղթերի, սակայն Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը:

Panorama.am – Իրաւական եւ քարտէզագրական ի՞նչ հիմքեր ունեն այս պնդումները, եւ սահմանազատման գործընթացում ո՞ր քարտէզներն են կիրառելի։

Ռուբէն Գալչեան – Տեսէ՛ք, այն հիմնարար քարտէզագրական հիմքերը, որոնց վրայ այսօր յղում ենք կատարում սահմանների գծման համար, մշակւել են ԽՍՀՄ զինւորական գլխաւոր շտաբի կողմից։ Մասնաւորապէս, 1969-1970-ական թւականներին կազմւած եւ համապատասխանաբար երկկողմանի՝ Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների մակարդակով վաւերացւած քարտէզներն են ընդունւել որպէս ելակէտ։ Այդ քարտէզների համաձայն՝ անկախութեան հռչակման պահին Հայաստանի տարածքում դէ իւրէ գտնւել են ադրբեջանական երեք անկլաւներ (Տիգրանաշէնը, Վերին Ասկիպարան եւ Բարխուդարլուն), իսկ Ադրբեջանի տարածքում՝ հայկական Արծւաշէն էքսկլաւը։

Այդուհանդերձ, պէտք է արձանագրել, որ անկլաւների գոյութեան սկզբնական իրաւական հիմնաւորումը որպէս առանձին միջազգային իրաւական ակտ բացակայում է․ դրանք պարզապէս տեղագրական եւ վարչական սահմանագծման արդիւնք էին միեւնոյն միութենական պետութեան ներսում։ Խորհրդային ժամանակաշրջանում, երբ հանրապետութիւնների միջեւ վարչական սահմանները պայմանական էին, տնտեսական կապերը՝ ինտեգրւած, իսկ ենթակառուցւածքները՝ միասնական, այդ անկլաւների բնակիչներն անարգել օգտւում էին հարեւան հանրապետութեան ռեսուրսներից (ջուր, գազ, էլեկտրաէներգիա, ճանապարհներ)։

Սակայն այսօր, երբ երկու պետութիւնները դեռեւս չունեն լիարժէք միջպետական եւ սահմանային փոխճանաչման համաձայնագրեր անվտանգութեան ոլորտում, անկլաւների առկայութիւնը ստեղծում է լոգիստիկ եւ իրաւական աբսուրդային փակուղի։ Ադրբեջանական կողմը իրաւականօրէն հնարաւորութիւն չունի անարգել յատելու Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ իր անկլաւ հասնելու համար, եւ հակառակը՝ Հայաստանը չի կարող ապահովել դէպի Արծւաշէն անխոչընդոտ մուտք եւ կոմունալ-ենթակառուցւածքային մատակարարումներ Ադրբեջանի վերահսկողութեամբ տարածքներով։

Աւելին, եթէ Տիգրանաշէնը փոխանցւի Ադրբեջանին, անմիջապէս կտրւելու է Հայաստանի հարաւային հատւածը՝ Վայոց Ձորն ու Սիւնիքը մայրաքաղաքին կապող միջպետական ռազմավարական մայրուղին։ Այլընտրանքային գիւղական ճանապարհները, որոնք անցնում են Վեդի քաղաքի կենտրոնով եւ վեց գիւղերի միջով, ֆիզիկապէս ի վիճակի չեն սպասարկելու օրական հազարաւոր ծանր բեռնատարների, նաւթատարների եւ մեծաքանակ տրանսպորտային միջոցների հոսքը։

Տիգրանաշէնում ներկայումս առկայ է սահմանափակ թւով հայաբնակ տնտեսութիւն (6-7 ընտանիք), իսկ նախկինում այնտեղ ապրել է 8-10 ադրբեջանական ընտանիք։ Եթէ անգամ տեսականօրէն պատկերացնենք բնակչութեան տեղաշարժ, ապա ադրբեջանցի բնակիչները տեղում բախւելու են կենսական ենթակառուցւածքների՝ ջրի, էլեկտրաէներգիայի, գազի եւ մատակարարման լիակատար բացակայութեան խնդրին, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող այդ համակարգերը չեն կարող սպասարկել օտարերկրեայ անկլաւը։

Հետեւաբար, միակ տնտեսագիտօրէն եւ լոգիստիկօրէն գործունակ լուծումը, որը քննարկւել է դեռեւս խորհրդային տարիներին, տարածքների փոխանակման սկզբունքն է։

Panorama.am – Խնդրեմ, մանրամասնէք Արծւաշէնի եւ անկլաւների փոխանակման հնարաւոր մաթեմատիկական ու աշխարհագրական հաշւեկշիռը։

Ռուբէն Գալչեան – Տարածքային առումով դրանք անհամաչափ մեծութիւններ են։ Մասնաւորապէս, Տիգրանաշէնի տարածքը կազմում է մօտ 5-6 քառակուսի կիլոմետր, մինչդեռ Արծւաշէնինը՝ շուրջ 40 քառակուսի կիլոմետր: Սակայն հաշւարկի մէջ պէտք է ներառել նաեւ Տաւուշի մարզում գտնւող միւս երկու ադրբեջանական անկլաւները՝ Վերին Ասկիպարան եւ Բարխուդարլուն։

Եթէ Հայաստանը վերցնի Տիգրանաշէնը եւ Տաւուշի երկու անկլաւները, եւ դրանց դիմաց Ադրբեջանին փոխանցւի Արծւաշէնը, սա կը լինի միակ խելամիտ եւ գործնական փոխհատուցման տարբերակը։ Հակառակ պարագայում, առանց փոխանակման, մենք ունենալու ենք հսկայական անվտանգային ու լոգիստիկ ճգնաժամ, որտեղ անկլաւներում յայտնւած քաղաքացիները զրկւած կը լինեն տեղաշարժի եւ հաղորդակցութեան իրաւունքից։

Panorama.am – 1991 թւականի սահմանազատման հիմքում ի՞նչ տրամաբանութիւն է կիրառւել։

Ռուբէն Գալչեան – Տրամաբանութիւնը, որ ինչ որ կար, դրանից սկսել, ինչ որ գոյութիւն ունէր, դրանով աշխատել, յետոյ սկսել սահմանազատումը, վերջնականը նոր մեր միջեւ իրականացնել, որի սկիզբը դրվել է, բայց դեռեւս լուրջ գործ չի արւում, բացի Տաւուշի 12 կիլոմետրից։

Panorama.am – Շնորհակալութիւն, հարցերին պատասխանելու համար։

ՔՆԱՐԻԿ ՍԱՀԱԿԵԱՆ

Related Articles

Back to top button