Փեզեշքիանը եւ Պուտինն ընդգծել են Թեհրանի եւ Մոսկւայի ընդհանուր դիրքորոշումների շարունակականութիւնը տարածաշրջանային եւ միջազգային հարցերում
«ԱԼԻՔ» – Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում, Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երկու գործընկերները քննարկել են Թեհրան-Մոսկւա երկկողմ յարաբերութիւնների վերջին զարգացումները՝ միաժամանակ ընդգծելով տարածաշրջանային եւ միջազգային հարցերում երկու երկրների ընդհանուր դիրքորոշումների շարունակականութիւնը։
«Իրանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները ռազմավարական են եւ շատ օգտակար երկու երկրների համար։ Ես նաեւ համարում եմ, որ BRICS-ը, ինչպէս նաեւ Եւրասիական տնտեսական միութիւնը եւ Շանհայի կազմակերպութիւնը, որոնց միացել ենք Ռուսաստանի աջակցութեամբ, յարմար հարթակ են ձեզ հետ կառուցողական փոխգործակցութեան համար»,- ասել է նախագահը՝ յոյս յատնելով, որ հնարաւոր կը լինի գագաթնաժողովի ընթացքում ներկայացւած կառուցողական առաջարկները եւ ընդունւած որոշումներն իրագործել երկկողմ եւ տարածաշրջանային հարթակներում, որպէսզի հնարաւոր լինի առաւել արդիւնաւէտ քայլեր ձեռնարկել միջազգային ասպարէզում ԱՄՆ-ի տոտալիտար եւ միակողմանի քաղաքականութեան դէմ, եւ նւազագոյնի հասցնել Իրանի ու Ռուսաստանի դէմ սահմանւած պատժամիջոցների ազդեցութիւնը:
Նա յոյս է յայտնել, որ Ռուսաստան նախատեսւող իր պաշտօնական այցի ընթացքում հնարաւոր կը լինի ստորագրել երկու երկրների միջեւ համապարփակ համագործակցութեան մասին համաձայնագիրը:
Նախագահ Պուտինն իր հերթին նշելով, որ տարածաշրջանային եւ միջազգային հարթակները նոր հնարաւորութիւններ են ընձեռում երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման համար՝ ընդգծել է, որ Թեհրանը եւ Մոսկւան մշտապէս սերտօրէն համագործակցել են տարածաշրջանային եւ միջազգային ասպարէզներում:
Նա նշել է, որ Ռուսաստանը կը շարունակի միջազգային ամենահրատապ թեմաների քննարկումն Իրանի հետ, դրանց թւում՝ Մերձաւոր Արեւելքի դրամատիկ զարգացումները, Սիրիայում եւ Անդրկովկասում իրերի վիճակը:
«Ընդհանուր առմամբ, պէտք է նշեմ, որ գլոբալ խնդիրների վերաբերեալ Ռուսաստանի եւ Իրանի տեսակէտները մօտ են կամ լիովին համընկնում են: Մենք ձգտում ենք հաստատել արդար եւ բազմաբեւեռ աշխարհակարգ եւ պահպանել ՄԱԿ-ի կենտրոնական դերը»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը կարեւորել է նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտի ոլորտներում յարաբերութիւնների ընդլայնումը. «Առաջնահերթութիւնները ներառում են այնպիսի խոշոր համատեղ նախաձեռնութիւնների իրականացումը, ինչպիսիք են իրանական երկաթուղային ենթակառուցւածքի զարգացումը` որպէս «Հիւսիս-Հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքի լայնածաւալ նախագծի խթանման, «Բուշեհր» ԱԷԿ-ի երկրորդ եւ երրորդ էներգաբլոկների կառուցումը»:
Նախագահի այլ հանդիպումները
Նշենք, որ BRICS-ի գագթնաժողովի շրջանակում, նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նաեւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի, ԱՄԷ-ի կառավարութեան նախագահ Շէյխ Մուհամմեդ բին Զայիդ բին Սուլթան ալ Նահայանի, Հարաւաֆրիկեան Հանրապետութեան նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի եւ Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալիի հետ: