Կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին հաւատով ու աղօթական ոգով համախմբւել առկայ փորձութիւնների դիմագրաւման համար

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը յուլիսի 20-ին հրապարակայնօրէն յայտարարել է իր հետեւորդների հետ Վաղարշապատ քաղաքի կենտրոնական հրապարակում հաւաք կազմակերպելու եւ Մայր Աթոռի նկատմամբ հերթական ոտնձգութիւնը նախաձեռնելու մասին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է յարձակում ու բռնութիւն հրահրելու այս փորձը, որը բացայայտ միջամտութիւն է Հայոց Եկեղեցու կեանքին եւ նրա ինքնակառավարմանը։
Յորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշաւը եւ լծւել երկրի առջեւ ծառացած լրջագոյն հիմնախնդիրների յաղթահարմանը։ Միաժամանակ դիմում ենք պետութեան իրաւասու մարմիններին եւ պաշտօնեաներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաօրինական այս միջոցառումը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բարձրօրէն գնահատում է բարեպաշտ մեր ժողովրդի սէրն ու հաւատարմութիւնը հանդէպ Մայր Եկեղեցին եւ նախանձախնդրութիւնը՝ պաշտպանելու համայն հայութեան հոգեւոր կենտրոնն ու մեր նւիրական սրբութիւնները։ Կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին չտրւել իշխանութիւնների սադրանքներին, պահպանել զգօնութիւնն ու ողջախոհութիւնը եւ հաւատով ու աղօթական ոգով համախմբւել առկայ փորձութիւնների դիմագրաւման համար:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ