Մեր ժողովուրդը չի՛ կարող հանդուրժել եկեղեցու եւ նրա հովւապետի նկատմամբ ՀՀ վարչապետի հակաօրինական արշաւը
ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը

Ամենայն հայոց կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու եւ վերջինիս պաշտօնազրկելու մասին Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնները եւ ծրագրւող գործողութիւնները ծանր եւ առանձնապէս ծանր յանցագործութիւններ իրականացնելու նախապատրաստութիւն են։
Մասնաւորապէս, այդ գործողութիւններով խոչընդոտւելու է Մայր Աթոռի բնականոն գործունէութիւնը: Այդ կոչերը պարունակում են բռնութեան գործադրման կամ դրա կիրառման սպառնալիքի պայմաններում Ամենայն հայոց կաթողիկոսին պատանդառելու, նրան հրաժարական պարտադրելու, զանգւածային անկարգութիւններ հրահրելու եւ կազմակերպելու քրէօրէն պատժելի արարքներ։
Առ այդ, դիմում ենք հանրութեանը՝ չտրւե՛լ Նիկոլ Փաշինեանի հակասահմանադրական եւ հակաիրաւական սադրանքներին, չմասնակցե՛լ նրա կողմից Վեհարան արշաւելու ծրագրին, չդառնա՛լ քրէական օրէնսգրքով պատժելի համարւող խուլիգանութեան, զանգւածային անկարգութիւնների եւ այլ ծանր յանցագործութիւնների մասնակից։
Պահանջում ենք․
– ՀՀ գլխաւոր դատախազից եւ քննչական մարմիններից՝ Նիկոլ Փաշինեանի նկատմամբ նախաձեռնել քրէական վարոյթ եւ նրան ներգրաւել որպէս մեղադրեալ,
– ՀՀ ոստիկանութիւնից եւ ազգային անվտանգութեան ծառայութիւնից՝ կանխարգելել ՀՀ գործադիր իշխանութեան ղեկավարի կողմից նախապատրաստւող ծանր եւ առանձնապէս ծանր յանցագործութիւնները՝ այդպիսով չդառնալով նման մասշտաբների անօրինականութեան մեղսակից։
Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ քրէական օրէնսդրութեան համաձայն, քաղաքացիները, ովքեր հանդէս են գալիս նախապատրաստւող կամ իրականացւող ծանր յանցագործութիւնները կանխարգելելու դիրքերից՝ գործում են ՀՀ օրէնսդրութեան համաձայն։
Դիմում ենք հաւատաւոր մեր ժողովրդին․
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ինքնութեան առանցքային յենասիւնն է, որ դարեր շարունակ պահպանել է մեր ժողովրդի գոյութիւնը։
Հայոց եկեղեցու շնորհիւ 21-րդ դար հասած մեր ժողովուրդը չի՛ կարող հանդուրժել եկեղեցու, նրա հովւապետի եւ հոգեւորականաց դասի նկատմամբ Հայաստանի վարչապետի հակաօրինական արշաւը, ուստի կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրւած յանցագործութիւնն ու պաշտպանելու մեր սրբութեան սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
21.07.2025 թ.