Իշխան Սաղաթէլեան. «Նիկոլ Փաշինեանը ՄԱԿ-ի ամբիոնից հրապարակային խոստովանեց Վաշինգտոնեան, այսպէս կոչւած, «պայմանաւորւածութիւնների» եւ իր խաղաղութեան օրակարգի ձախողումը»

«ԱԼԻՔ» – «Նիկոլ Փաշինեանի ելոյթը ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի ամբիոնից եւս մէկ անգամ ապացուցեց մեր բոլոր պնդումները։
Նիկոլ Փաշինեանը ՄԱԿ-ի ամբիոնից հրապարակային խոստովանեց Վաշինգտոնեան, այսպէս կոչւած, «պայմանաւորւածութիւնների» եւ իր խաղաղութեան օրակարգի ձախողումը»: Իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը՝ անդրադառնալով նախօրէին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Նիկոլի Փաշինեանի ելոյթին:
«Առաջինը՝ նոյնիսկ այս միջազգային բարձր հարթակից նա խուսափեց օգտագործել «գերի» բառը։ Փոխարէնը խօսեց «երկարամեայ կոնֆլիկտի բերումով անազատութեան մէջ յայտնւած անձանց» մասին։ Սա պարզապէս ամօթ է։ Սա վկայում է, որ Հայաստանի ղեկավարին արգելւած է անգամ բարձրաձայնել այն փաստը, որ Ադրբեջանը դեռեւս պահում է հայ ռազմագերիների։ Այս բառախաղերով Փաշինեանը մեղմացնում է իրականութիւնը եւ ծառայում Ադրբեջանի շահերին։
Երկրորդը՝ փաստացի Նիկոլ Փաշինեանը ՄԱԿ-ի ամբիոնից հրապարակային խոստովանեց Վաշինգտոնեան, այսպէս կոչւած, «պայմանաւորւածութիւնների» եւ իր խաղաղութեան օրակարգի ձախողումը։ Նա բառացի ասաց.
«Ադրբեջանի նախագահը… օգտագործել է, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք» արտայայտութիւնը… հայաստանեան իրականութեան մէջ դա ընկալւում է որպէս տարածքային պահանջ ՀՀ–ի նկատմամբ եւ կոնֆլիկտային խօսոյթի հետ է ասոցացւում»։
Այսինքն՝ Փաշինեանը խոստովանում է, որ Ալիեւը բացայայտում է իր իսկ ստորագրած փաստաթղթերի սնանկութիւնը։ Սա նրա երկրորդ հրապարակային խոստովանութիւնն է։ Առաջինը եղաւ ՇՀԿ գագաթնաժողովում, երբ ստիպւած էր ընդունել, որ Ադրբեջանի նախագահի խօսոյթը չի տեղաւորւում Վաշինգտոնում «համաձայնեցւած տրամաբանութեան» մէջ։
Սրան զուգահեռ նոյն ամբիոնից Ադրբեջանի նախագահը կրկին խօսեց Հայաստանի «ագրեսիայից» եւ «օկուպացիայից», Հայաստանի ղեկավարներին անւանեց պատերազմական յանցագործներ։
Եւ այս ամէնը թւարկելուց յետոյ Ալիեւը շեշտեց, որ Հայաստանի հետ պայմանագրի բոլոր կէտերի հեղինակն Ադրբեջանն է։
Հարց է՝ ինչպէ՞ս են այս ամենից յետոյ համարձակւում շարունակել հասարակութեանը հեքիաթ պատմել «հաստատւած խաղաղութեան» մասին։ Այսքանից յետոյ ինչպէ՞ս է իշխանական քարոզչամեքենան հերթական անգամ փորձելու մոլորեցնել ժողովրդին։ Ինչպէ՞ս են յայտարարելու, թէ խաղաղութիւնն արդէն եկել է, երբ անգամ Փաշինեանը հրապարակային կերպով ընդունում է, որ չկայ անգամ տարրական փոխըմբռնում օգտագործւող տերմինաբանութեան վերաբերեալ եւ նւազագոյն յարգանք այն սուբիեկտի նկատմամբ, ում հետ Ալիեւը ստորագրել է համաձայնագիր»,- գրել է նա։