ԹեհրանՀամայնք

Դպրոցական տարեմուտը Թեհրանի «Գոհար» եւ «Արաքս» դպրոցներում

Իրանում 2025-2026 ուսումնական տարեմուտը մեկնարկեց սեպտեմբերի 23-ին, եւ այդ օրը տօնական էր նաեւ իրանահայ համայնքի դպրոցներում:

Թեհրանում դպրոցական տարեմուտի առիթով Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչները եւ քահանայ հայրերը, դպրոցական տարեմուտի զանգը հնչեցրին տարբեր դպրոցներում:

Նոյն օրը առաւօտեան Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու Համայնքապետ վերպատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ Հարմիկ Աւետեանը, Կրթական խորհրդի փոխատենապետ Քլարա Աղախանեանը, Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը «Գոհար» տղայոց դպրոցում մեկնարկեցին տարեմուտը՝ Տէրունական աղօթքով եւ Իրանի պետական հիմնով:

Ողջոյնի խօսքեր փոխանցեցին դպրոցի տեսուչ՝ Վահէ Բաբայեանը եւ փոխտնօրէն Նորիկ Ղարաբէգեանը, իսկ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը ընթերցեց Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը:

Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու Համայնքապետ վերպատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը իր ողջոյնի խօսքը յղելով նշեց. «Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու եւ համայնքի նաեւ Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական եկեղեցիների միութեան նախագահների կողմից շնորհաւորում եմ ձեզ նոր ուսումնական տարին եւ դպրոցական կեանքի վերամուտը»: Վերապատւելին անդրադարձաւ Իրանի դէմ Իրաքի պարտադրեալ պատերազմի օրերին եւ Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ մեկնարկին եւ իր յարգանքը մատուցեց Իրանի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան ճանապարհին իրենց կեանքը նւիրաբերած նահատակների յիշատակին:

Աշակերտներին իր խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, ընդգծելով, որ աշակերտը պէտք է հաւատայ իր կարողականութիւններին եւ սովորի այնպէս ,որ ապագայում դառնայ լաւ մարդ ,լաւ հայ եւ ծառայի իր երկրին:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի փոխատենապետ Քլարա Աղախանեանը ընթերցեց խորհրդի կողմից հայոց դպրոցների վերամուտի առթիւ յղւած պատգամը, որի մէջ նշւած էր. «Սիրելիներ դպրոցը ոչ միայն գիտելիքի կենտրոն է, այլ նաեւ ձեր հարազատ տունն է, որտեղ ձեւաւորւում են ձեր երազանքները եւ ապագան: Դպրոցի գերխինդիրն է առիթներ ստեղծել ձեր բազմակողմանի զարգացման համար եւ միաժամանակ դաստիարակել բարեկիրթ սերունդ»:

***

Տարեմուտի առիթով պատգամաւորը եւ Կրթական խորհրդի փոխատենապետը այցելեցին «Արաքս» ազգային աղջկանց դպրոցը: Այդ առիթով դպրոց էին այցելել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ Արին Ալեքսանդրեանը, Կրթադաստիարակչութեան նախարարութեան 6-րդ շրջանի պատասխանատուն, թաղամասի ոստիկանատան 5-րդ բաժնի ոստիկանապետը:

Դպրոցական տարեմուտը աղուհացով օրհնեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը եւ Տէրունական աղօթքով ու Իրանի պետական օրհներգով մեկնարկեց տարեմուտը:

Ողջոյնի խօսք փոխանցեց դպրոցի տեսչուհի Անի Մանուկեանը, գնահատելով հիւրերի ներկայութիւնը եւ յաջողութիւն մաղթելով աշակերտներին վերմուտը,որից յետոյ բաւագ աշակերտները ողջունեցին առաջին դասարանցիներին: Դպրոցի տարեմուտի զանգը հնչեցրին պատգամաւորը եւ ներկայ հիւրերը, իսկ քահանայ հօր միջոցով ընթերցւեց Սրբազան Հօր պատգամը:

Հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը աշակերտներին խրախուսեց լաւ դաս սովորեն, որպէսզի ապագայում դառնան արժանի հայորդիներ: Պատգամաւորը ապա պարսկերէնով շարունակեց իր խօսքը, կարեւորելով պետական հիւրերի ներկայութիւնը հայոց դպրոցում:

Կրթական խորհրդի խօսքը փոխանցեց խորհրդի անդամ Մելինէ Փիազաքը: Տարեմուտի առիթով աշակերտները հանդէս եկան խօսքերով, ասմունքներով եւ երգերով: Անիա Բաղումեանը հայերէնով ներկայացրեց  աշակերտական խօսքը, իսկ Շողեր Յովակիմ Աւանէսեանը պարսկերէնով, ասմունքով հանդէս եկաւ՝ Էմելին Տիգրանեանը, իսկ պարսկերէն ասմունքով՝ Նարէ Օհանեանը, ուսուցչի երգը հայերէնով ներկայացրեցին՝ Անայիս Թարոյեանը, Մալենա Մարտեանցը եւ  Նարիս Բէյգեանը:

Յատկանշական է որ տարեմուտի առիթով նմանօրիկնակ ծրագրեր են տեղի ունեցել համայնքի բոլոր կրթօջախներում:

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button