ՀամայնքՆոր Ջուղա

Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առթիւ՝ ուղղաթիռի վետերան օդաչու գնդապետ Արտեմ Մելիքեանի յուշերի գրքի շնորհանդէսը՝ Նոր Ջուղայում

Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առթիւ, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 24-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղի ունեցաւ ուղղաթիռի վետերան օդաչու գնդապետ Արտեմ Մելիքեանի յուշերի գրքի շնորհանդէսը, որին ներկայ էին՝ Սպահանի նահանգապետ դոկտ. Մահդի Ջամալինեժադը, Սպահան, Եազդ եւ Չհարմահալ-Բախթիարի շրջանների «Աջա»-ի աւագ զինւորական, բրիգադի գեներալ Մոհսեն Քարամին, Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գերատեսչութեան տնօրէն Մասուդ Նիքբախթը, Սպահանի բանակի հետազօտութեան պաշտպանութեան պետ դոկտ. Շամախին, «Սայադ Շիրազի» պատերազմական կոմիտէի նախագահ գեներալ Սալառին, Սպահան քաղաքի Ոստիկանութեան հրամանատար գնդապետ Ահմադ Նիքբախթը, Հաւանիրուզի Աւիաընկերութեան «Վաթան Փուռ» կենտրոնի հրամանատար գնդապետ Նուրին, Սպահան քաղաքի գաւառապետ Մոհամմադալի Ահմադին, Քաղխորհրդի նախագահ պրն. Նուրսալեհին, Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան գերատեսուչ պրն. Սէյէդինիան, Սպահանի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան գերատեսուչ պրն. Քառամզադեն, եւ գնդապետ Մելիքեանի զինակից, վետերան գնդապետ Քալանթարին: 

Ծրագրին Սպահանի հայոց թեմից ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգ. դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները, գնդապետ Մելիքեանն ու իր կինը, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հարազատները եւ երկրի զինւած ուժերում ծառայող հայ զինւորները:

Երեկոն սկիզբ առաւ դրօշակի արարողութեամբ, որը կատարւեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկուտական միաւորի դրօշակակիր խմբի միջոցով, ապա հնչեց Իրանի Իսլամական Հանրապետութեան օրհներգը. ներկաները արարողութեանը հետեւեցին յոտնկայս, իսկ հայ զինւորները պատւի առնելով, մատուցեցին իրենց յարգանքի տուրքը:

Զարեհ Ղարախանեանը հանդիսավարեց ծրագիրը. նա որպէս բացման խօսք Պատգամաւորական ժողովի անունից ողջունելով ներկաներին եւ շնորհաւորանքի խօսք ուղղելով Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առթիւ՝ անդրադարձ ունեցաւ պատերազմի տարիներին իրանահայութեան դերակատարութեանը եւ ասաց, որ մարտի դաշտում իրանահայ զաւակների սխրագործութիւնները կարելի է վերագրել քրիստոնէութեան հաւատի հիմքում տեղ գտած՝ նահատակութեան, զոհաբերութեան եւ անձնուրացութեան մշակոյթին: Նա շարունակեց, թէ իրանական ազգի համակեցութիւնը ձեռք չի բերւել գրքերից եւ համաժողովներից, այլ այն ստեղծւել ու արմատաւորւել է ռազմաճակատների խրամատներում, գործողութիւնների դժւարին պահերին եւ Սրբազան պաշտպանութեան դաշտերում:

Շարունակութեան մէջ խօսքերով հանդէս եկան «Վաթան Փուր» կենտրոնի հրամանատար գնդապետ Նուրին, նահանգապետ Մահդի Ջամալինեժադը, Արտեմ Մելիքեանի զինակից՝ գնդապետ Քալանթարին ու պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը:

Գնդապետ Նուրին գնահատելով պատերազմի ութ տարիների ընթացքում Իրանում միաստւածութեան կրօններին դաւանող ժողովուրդների կողմից դրսեւորւած համախմբւածութիւնն ու համակեցութիւնը, անդրադարձաւ գնդապետ Մելիքեանի գործունէութեանն ու աւելացրեց, որ նա ոչ միայն աւելի քան 3000 ժամ թռիչք է արձանագրել իր աշխատանքային անցեալում, այլ նաեւ յետ պատերազմական ժամանակաշրջանում՝ որպէս հմուտ ուսուցիչ, կրտսեր օդաչուներին ուսուցանել է անհրաժեշտ հիմունքները: Գնդապետ Նուրին նաեւ տեղեկացնելով, թէ ամիսներ առաջ՝ իսրաէյլական յարձակումների ժամանակ, Արտեմ Մելիքեանն իր պատրաստակամութիւնն է յայտնել ռազմական ուղղաթիռներն անվտանգ վայր տեղափոխելու համար, ընդգծեց, որ նա չափազանց հայրենասէր անձնաւորութիւն է:

Պրն. նահանգապետն իր խօսքը համեմեց պարտադրեալ պատերազմի մի շարք նահատակների ու անձնուրացների, այդ թւում նաեւ հայերի յուշերով, ապա գովեստի խօսք ուղղելով օրւայ հերոսին, շնորհակալութիւն յայտնեց նրան, առ այն, որ անձնազոհ եւ անխոնջ կեցւածքով լծւել է Իրանի մայր հողի պաշտպանութեան գործին: Նա վստահութիւն յայտնեց, որ Իրանի ժողովուրդը անգամ իր արեան գնով պահելու եւ պահպանելու է իր երկիրն ու մարդկային բարձր արժէքները:

Գնդապետ Քալանթարին, ով 30 տարի եղել է Արտեմ Մելիքեանի զինակիցը, նշելով իր զինակցի յատկութիւնները, յատկապէս շեշտեց, թէ նա տիպար օրինակ է միասնականութեան եւ անձնազոհութեան: Նա աւելացնելով, որ գնդապետը մասնակից է եղել բազմաթիւ կարեւոր եւ ռազմական գործողութիւնների, առողջութիւն ցանկացաւ նրան եւ ընտանիքին, իսկ հոգու խաղաղութիւն՝ բոլոր նահատակներին:

Դոկտ. Գեղարդ Մանսուրեանն ընդգծելով իրանահայերի դերակատարութիւնը, թէ ինչպէս պատմութեան ընթացքում, առանցքային իրադարձութիւնների ժամանակ, լինելով իրենց մուսուլման եղբայրների կողքին, ջանք չեն խնայել երկրի պաշտպանութեան ուղղութեամբ, շեշտեց, որ իրանահայերը անբաժանելի մասն են Իրանի՝ ի մասնաւորի Սպահանի հասարակութեան: Նա դրւատանքի խօսք ուղղելով գնդապետ Արտեմին՝ աւելացրեց, թէ նա պատերազմի ամբողջ ընթացքում եւ իհարկէ դրանից յետոյ, որպէս յանձնառու, հայրենասէր եւ պատասխանատու զինւորական, չի զլացել երկրի համար լաւագոյնը կատարելու գործում:

Շնորհանդէսի բաժնի համար հրաւիրւեցին նահանգապետը, Սրբազան Հայրը, Գեղարդ Մանսուրեանը, Գնդապետ Նուրին, բրիգադի գեներալ Մոհսեն Քարամին, գնդապետ Նուրին, Նոէլ Մինասեանն ու Արտեմ Մելիքեանը, ովքեր բարձրացնելով գրքի խորհրդանշական շապիկը ծածկող վարագոյրը, ներկաներին ցուցադրեցին այս աշխատութիւնը:

Նշելի է, որ գնդապետ Արտեմ Մելիքեանի հեղինակած այս գիրքը բաղկացած է 103 էջից եւ անդրադառնում է գնդապետի կեանքին՝ ծննդեան օրւանից (իրանական 1326) մինչեւ իր աշխատանքային վերջին օրը (իրանական 1378): Գրքում տեղ են գտել լուսանկարներ՝ Արտեմ Մելիքեանի կեանքի զանազան դրւագներից եւ իր սխրագործութիւնների դիմաց ստացած գնահատագրերից ու շքանշաններից:

Վերջում թեմի Պատգամաւորական ժողովի, նահանգապետի ու Հաւանիրուզի Աւիաընկերութեան հրամանատարի կողմից յուշանւէրներ յանձնւեցին գնդապետ Արտեմին եւ իր տիկնոջը, ինչպէս նաեւ պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հարազատներին ու անձնուրաց Սուրէն Յակոբեանին:

Ծրագիրը համեմւած էր գեղարւեստական երկու կատարումներով՝ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի դաշնամուրի եւ Մասիս Մարգարեանի շեփորի նւագակցութեամբ հնչեց «Էյ Իրան» երաժշտութիւնը, իսկ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի անդամ Կարէն Խանլարեանը հանդէս եկաւ ասմունքով:

Ընթացքում ցուցադրւեցին երկու տեսանիւթեր. առաջինը՝ որտեղ արտացոլւել էր թեմի ազգային մարմինների եւ հայ համայնքների դերակատարութիւնը Իրան-Իրաք պատերազմում, պատրաստւել էր վանքի արխիւատանը պահպանւող լուսանկարներից եւ ցուցադրւում էր առաջին անգամւայ համար, իսկ երկրորդը՝ գնդապետ Մելիքեանի յուշերից մի հատւած էր, որը քաղւել էր երկրի հեռուստաընկերութեան վաւերագրական մի ֆիլմից:

Աւելացնենք նաեւ, որ ծրագրին զուգահեռ վանքի արխիւատան նկարներից կազմակերպւել էր լուսնակարների ցուցահանդէս՝ պատերազմի ժամանակաշրջանի թեմայով:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button