Ծաղկազարդի տօնը՝ երեխաների ցնծութեան եւ օրհնութեան օր Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Աւագ շաբաթւայ նախապատրաստութեան առաջին քայլը հանդիսացող Ծաղկազարդի տօնը Ատրպատականի հայոց թեմում նշւեց մեծ խանդավառութեամբ: Յիսուսի Երուսաղէմ յաղթական մուտքի յիշատակով հաւատացեալ երեխաներին օրհնելու համար, Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադ գիւղում, կիրակի, ապրիլի 13-ին տեղի ունեցաւ Սուրբ Պատարագ եւ յետմիջօրէին՝ դռնբացէքի արարողութիւն:
Առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը Թաւրիզի Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում մատուցեց Ս. Պատարագ, եւ երեխաներից կազմւած խանդավառ թափօրով, հաւատացեալ ժողովուրդը մասնակից դարձաւ Աստւածաշնչական դրւագներից մէկի՝ Յիսուսի յաղթական թափօրին. իսկ նոյն օրը երեկոյեան, Դռնբացէքի խորհրդաւոր արարողութեամբ, հաւատացեալ ժողովուրդը մուտք գործեց Տիրոջ տնօրինական կեանքի վերջին շաբաթը, որը կոչւում է Աւագ Շաբաթ: Երգեցողութիւնը քառաձայն կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի միջոցով, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:
Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս Ծաղկազարդի տօնը երեսուն տարիներ առաջ հռչակեց «Հայ Մանուկների օր», որի պատճառով, Ծաղկազարդի օրը, յատուկ ուշադրութիւն է ցուցաբերւում հայ երեխաներին:
Առաջնորդ Սրբազան Հօր եւ թեմի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմինների յատուկ աշխատանքով, բոլոր մանուկները հրաւիրւեցին մասնակից լինելու եկեղեցական արարողութեան: Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադում, երեխաների դէմքին երեւում էր ցնծութիւն, երբ զանազան մանկական կերպարներով նրանց խանդավառելու ծրագրեր էին մշակւել եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմնի անդամների միջոցով:
Առաջնորդ Սրբազանը իր հոգեւոր պատգամում մանրամասն քննարկեց Ծաղկազարդի խորհուրդը, Երուսաղէմ յաղթական մուտքի համեստ, բայց խորիմաստ դրւագը առօրեայ կեանքում տեղադրելու հնարաւորութիւնները բացատրելով. «Համեստութիւնը ունի իր պայմանները: Յիսուս յատուկ մօտեցումով նախընտրեց իշուկի վրայ նստել, խոնարհ արքայի ծառայական կեանքը ներկայացնելու համար. այլապէս, նոյն օրերին արքաները անպայման նժոյգների վրայ էին նստում: Դա չի՛ նշանակում, որ որեւէ մէկը կարող էր շահագործել պահը, եւ անուժ ու տկար համարէր նրան, ու ծաղրէր: Նա հզօր արքայ էր, որ մտրակով տաճարից վտարեց վաճառականներին, եւ Աստծու տունը շուկայի վերածած մարդկանց», ասաց Սրբազանը, դրւագը մեկնաբանելով, այսօրւայ կեանքի պայմաններին պատշաճեցնելով:
Վերջապէս, ճշմարտութեան անբաղդատելի եւ անկրկնելի բնոյթը բացատրելով, նա յիշեց Յիսուսի Երուսաղէմ մուտքի պահին ըսւած հեղինակաւոր պատգամը՝ «Եթէ սրանք լռեն, քարերը պիտի աղաղակեն»: Յայտնենք, որ Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմինը ծաղկեփնջեր էր պատրաստել երեխաների գլխի համար, իսկ դրանց վրայ դրւեցին սպիտակ դերձանով ձեռագործ խաչեր, աշխատւած եւ նւիրւած, թաւրիզահայ հիւսւածեղէնի վարպետ՝ Մարինա Բուդաղեանի միջոցով. իսկ բադի կերպարով մանուկներին ուրախացրեց Արլէն Բադալեանը:
Ուրմիոյ Սուրբ Ստեփանոս ծխական եկեղեցում պատարագեց եւ քարոզեց՝ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Երգեցողութիւնը կատարւեց «Նարեկացի» երգչախմբի կողմից:
Եկեղեցական արարողութեան աւարտին, ինչպէս Թաւրիզում, նոյնպէս եւ Ուրմիայում եւ Գեարդաբադ գիւղում, սկուտեղների մէջ օրհնւեցին ուռիի ոստերը, որոնք պատրաստւել էին եկեղեցիների Խնամակալ մարմնի կանանց կողմից: Երեխաների խանդավառութիւնը իր գագաթնակէտին հասաւ, մանաւանդ երբ Թաւրիզի եկեղեցու շրջափակից ներս մուտք գործեցին մանկական կերպարներ՝ որոնք պարելով ու ցատկռտելով ուրախացրին նոյնիսկ մեծահասակներին: Նոյնպէս, աղաւնիներ թռցնելու պահ ստեղծւեց եկեղեցու բակում, երբ երեխաներ իրենց փափագները կապեցին աղաւնիների ոտքերին, եւ արձակեցին նրանց: Աղաւնիները տրամադրել էր նրանց պահպանող Վարդան Սարգսեանը:փ
Նոյն օրը երեկոյեան ժամը 5-ին, դարձեալ Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում, հանդիսապետութեամբ առաջնորդ Սրբազան Հօր, կատարւեց Դռնբացէքի խորհրդալից արարողութիւնը, որի աւարտին Սրբազան Հայրը, Երկրորդ գալստեան խորհրդով լցւած պատգամ յղեց ներկայ հաւատացեալներին:
Սրբազանը բացատրելով արարողութեան խորհուրդը, ներկայացրեց արթուն եւ պատրաստ լինելու կարեւորութիւնը, կեանքից եկող բոլոր տեսակի փորձութիւնների դիմաց. «Չարից զգոյշ լինելը, մարդ էակի գիտակցութիւնը արթուն պահող միջոց է, որպէսզի նա փրկւի վտանգից: Չարը միշտ պատրաստ է յարձակւելու մեզ վրայ: Նա քուն դադար չունի, միշտ մտածում է ինչպէ՞ս կործանել բարի մարդու կեանքը: Չարը, սատանան, դեռեւս այս կեանքում է գտնւում: Նա դեռ չի մտել դժոխք, որպէսզի աւելի մեծ թւով համագործակիցներ իր հետ միասին տանի այնտեղ: Սատանան միայն միջնադարում նկարւած անասնական կերպարը չէ, այլեւ մարդու կերպարանքով մտնում է միամիտ մարդկանց հոգու մէջ, եւ նրանց եւս սատանայի վերածում: Սատանայի բոլոր գործակիցները տիւ եւ գիշեր աշխատում են Աստծու հաւատացեալներին հեռացնել բարութեան կեանքից. մէկին գործի ասպարէզում խաբելով, ուրիշի ընտանեկան սիրոյ կեանքը փչացնելով, եւ այսպէս անընդհատ, ամէն ուղղութեամբե, ասաց Սրբազանը, շեշտելով հաւատքի զօրեղ դերակատարութիւնը, հեռու մնալու համար չարից:
Նոյն օրը ժամը 14:00-ին, Գեարդաբադի Ս. Գէորգ եկեղեցում տեղի ունեցաւ երեկոյեան ժամերգութիւն, ուռենիի ոստերի օրհնութիւն եւ Դռնբացէքի արարողութիւն, Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի միջոցաւ:
Ծաղկազարդով եւ Դռնբացէքի խորհրդալից արարողութեամբ, մեր թեմի բարեպաշտ զաւակները մուտք գործեցին Աւագ շաբաթւայ հոգեհարազատ օրերի ժամանակաշրջանը, Աստծու պարգեւած աղօթանւէր կեանքի բազմազան շնորհքներով հոգեւորապէս աճելու համար: