ԹեհրանՀամայնքՀարցազրոյց

Ծանօթացում յաջողակ երիտասարդ Մինէ Միրզախանեանի հետ

Իրանահայ համայնքում քիչ չեն այն երիտասարդ-երիտասարդուհիները ովքեր իրենց ջանասիրութեամբ, յաջողում են նւաճել գիտական ու հասարակական զանազան բնագաւառներում: Ստորեւ ներկայացնում ենք մեր յաջողակ երիտասարդուհիներից՝ Մինէ Միրզախանեանին, ով ճարտարապետութեան ոլորտում յաջողութիւններ է գրանցել:

Մինէ Միրզախանեանի հետ «ԱԼԻՔ»-ի յարկի տակ ունեցած զրոյցի ընթացքում, ծանօթացանք նրա անցած ուղու եւ գրանցած յաջողութեան մասին:

Իր կենսագրական տւեալների մասին նա այսպէս ասաց. «Ծնւել եմ 1999 թւականի, օգոստոսի 6-ին Թեհրանում:

Ուսումնական տարիները սկսւել են «Ա. Ա. Ահարոնեան» ազգային մանկապարտէզից ապա յաճախել եմ «Արարատ» ազգային դպրոցը, միջնակարգիս առաջին տարին «Մարիամ» հաստատութիւն, որից յետոյ սովորել եմ նահատակ «Աւինի» արւեստի դպրոցում քանի որ ցանկանում էի ուսումս շարունակել ճարտարապետութեան ճիւղում: Երբ ընտրեցի իմ սիրած ճիւղը ապա այն շարունակեցի նաեւ համալսարանում, նախ «Փարս» ճարտարապետական համալսարանում գերդիպլոմի մակարդակում, ապա լիսանսի եւ գերլիսանսի մակարդակում ուսանել եմ Թեհրանի Ազատ համալսարաններում, իհարկէ գերլիսանսիս ճիւղը Նախագծերի եւ կառուցման տնօրինութիւն թեքումով»:

Մինէն որպէս յաջողակ ուսանող երիտասարդներին խրախուսեց, որ վստահ հետեւեն այն ճիւղը, որը իրապէս սիրում են եւ կարողութիւն ունեն այն շարունակել, եւ ընդգծեց որ համալսարանական ճիւղը ընտրեն ըստ իրենց նախասիրութեան: Նա նշեց. «Եթէ աշակերտը սիրում է գրաֆիկա, ճարտարապետութիւն կամ նմանօրինակ ճիւղեր, անհրաժեշտ է յաճախի արւեստի դպրոցներ, իհարկէ պէտք է ուսումնասիրել եւ լաւագոյն դպրոցը ընտրել: Ես պէտք է շնորհակալութիւն յայտնեմ ծնողներիս որ միշտ հաւատացել ու սատար են հանդիսացել ինձ»:

Անդրադառալով վերջերս ճարտապետութեան ոլորտում անցկացւող մրցութիւններից «Միր-Միրան» ճարտարապետական հիմնադրամի 17-րդ մրցոյթին նա ասաց, որ իւրաքանչիւր տարի կայանում է այս մրցութիւնը,  «Միր-Միրանը»-ը Իրանում շատ հանրայայտ ճարտարապետ էր, որը հիմք է դրել այս մրցոյթի:

Նա աւելացրեց. «Մրցոյթը բաղկացած է տարբեր բաժիններից, որոնցից մէկը աբստրակտ-ճարտարապետական եւ գրաֆիկական բնոյթի է եւ ունենում է տարբեր թեմաներ: Իմ թեման բակն էր: Ինձ այդ թեման հետաքրքրեց քանի որ ժամանակին, բնակարանները օժտւած էին բակերով, իսկ այսօր նորակառոյց բնակարանները մեծամասնաբար նոյնիսկ պատշգամբ չունեն, ուստի ինձ եւ իմ գործընկեր՝ Մոհամմադ Հոսէյն Սաղաֆի Ֆարին ներկայացւած թեմայով մեզանից պահանջւել էր աբստրակտ մի նախագիծ: Ես այդ ոլորտում մի նախագիծ ներկայացրի, որը ըստ իս կարող է ապագայում հիմք հանդիսանալ բնակարանաշինութեան հարցով: Ես իմ նախագիծը զարգացրեցի ըստ հետեւեալի՝ նախնադարում եղել է բնութիւն եւ երկինքը, ապա բնակչութեան աճով եւ քաղաքներում բնակարանների խիտ կառուցմամբ, այսօր տեսնում ենք գետին, բարձրայարկ շինութիւններ եւ երկինք եւ կարծես երկինքը շատ է մօտեցել: Ես վերադարձայ բնութեանը եւ մրջիւններին, որոնք իրենց բոյնը սարքում են գետինը փորելով, ուրեմն մտածեցի շէնքերի մէջ ինչ որ նախագծերի փոփոխութիւն տանք, որպէսզի խիտ շէնքերի մէջից երկինքը տեսանելի լինի եւ այս ուղղութեամբ իրականացրեցի նախագիծս: Այդ նախագիծը իրականացրել եմ համագործակցաբար իմ գործընկեր ճարտարապետ՝ Մոհամմադ Հոսէյն Սաղաֆի Ֆարի հետ եւ մեր նախագիծը առաջին տեղը գրաւեց այդ մրցոյթում»:

Մինէն իր մասնագիտական կեանքին զուգահեռ վարում է նաեւ միութենական ակտիւ կեանք, որի մասին նա այսպէս շարունակեց. «Կարեւոր է, որ անհատը իր կեանքում զբաղւի նաեւ միութենական աշխատանքով, ըստ իր նախասիրութեան եւ մտածի թէ քանի պարտականութիւն է կարող իրականացնել, օրինակ ես ժամանակին եղել եմ սկաուտ Հ.Մ.Ա.Կ.-ում եւ երկար տարիներ է ինչ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախմբի անդամ եմ, որը իմ նախասիրութիւնն է եւ փորձում եմ ամէն գնով շարունակել այն: Միութենական աշխատանքը մարդուն շատ է օգնում իր կեանքի տարբեր ասպարէզներում, օրինակ սկաուտ եղած ժամանակւանից շատ բան եմ սովորել, բայց խիստ դասերիս բերումով էլ չշարունակեցի, սակայն ամէն գնով պարը շարունակել եմ:

Մի խօսքով միութեանական կեանքը մարդուն նախապատրաստում է համայնքային կեանքի համար:

Ես համոզւած եմ որ մեր սիրելի աշակերտները կամ ուսանողները պէտք է ունենան միութենական կեանք եւ զբաղւեն իրենց նախասիրութիւններով»:

Հարցազրոյցը՝

ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button