ԹեհրանՀամայնք

Իրանի Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան նախարարի՝ Խորհրդարանական, Իրաւական եւ Նահանգային գործերի տեղակալի այցը ազգային առաջնորդարան

Երեքշաբթի, 9 դեկտեմբերի 2025 թւականին ազգային առաջնորդարան այցելեցին Իրանի Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան նախարարի՝ խորհրդարանական, իրաւական եւ նահանգային գործերի տեղակալ դոկտ. Ջաւադ Վահեդին եւ նրան ընկերակցող՝ Թեհրան եւ Մազանդարան նահանգների Մշակութային ժառանգութեան գերատեսուչներ՝ դոկտ. Ալի Թոլուին եւ դոկտ. Հոսէյն Իզադին:

Ազգային առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, նոյն խորհրդի անդամ՝ Հարմիկ Աւետեանը եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Սոյն հանդիպումը շարունակութիւնն էր Իրանի Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան նախարար դոկտ. Սէյէդ Ռեզա Սալեհի Ամիրիի հետ թւականիս դեկտեմբերի 2-ին՝ Խորհրդարանի Պատգամաւորի եւ Թեմական խորհրդի ատենապետի ունեցած հանդիպման, հետեւաբար կողմերի միջեւ խորհրդակցութիւնների հիմնական թեման հայկական եկեղեցիների եւ պատմական յուշարձանների պահպանման ոլորտում անհրաժեշտ աշխատանքների եւ ծրագրերի համակարգումն ու իրականացումն էր, ինչպէս նաեւ փոխադարձ համագործակցութեան անհրաժեշտութիւնը:

Հանդիպումն ընթացաւ ջերմ ու մտերմիկ եւ խոստումնալից մթնոլորտում:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button