ԹեհրանՀամայնք

Տեղի ունեցաւ Դերենիկ Մելիքեանի հեղինակած՝ «Հայոց Ազատամարտի օրրանը» գրքի շնորհանդէսը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայ ժողովրդի կենաքում հոկտեմբեր ամիսը իւրայատուկ տեղ է գրաւում, այն խորհրդանշում է ոչ միայն Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօնը, այլեւ համարւում է հայ ժողովրդի Զինեալ պայքարի մեկնարկը: 

Հոկտեմբեր 23-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան  համագործակցութեամբ եւ միութեան «Արցախ» սրահում տեղի ունեցաւ «Հայոց Ազատամարտի օրրանը. Ատրպատականի Հայութիւնը XIX դարավերջին – XX դարասկզբին» գրքի շնորհադէսը, որի հեղինակն է պատմական գիտութիւնների թեկնածու, «ԱԼԻՔ» օրաթերթի նախկին գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը:

Հեղինակը գիրքը նւիրել է ազգային-հասարակական գործիչ եւ գաղափարական մտաւորական՝ հանգուցեալ Խաժակ Տէր Գրիգորեանի յիշատակին, գիրքը հրատարակւել է «ԱԼԻՔ»-ի միջոցով:

Միջազգային իրաւունքի ասպիրանտ համալսարանի դասախօս Արտոյտ Զոհրաբեանը համապարփակ գծերով ներկայացրեց գրքի բովանդակութիւնը, որից յետոյ գրքի մասին ելոյթներով հանդէս եկան «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը եւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Իսկ գրքի հեղինակ Դերենիկ Մելիքեանն իր հերթին շնորհակալական խօսքը ուղղեց բոլոր նրանց, որոնց համագործակցութեամբ հնարաւոր դարձաւ նման աշխատութեան տպագրումը, եւ կարեւորութեամբ անդրադարձաւ գրքի հրատարակման հարցով իր օգտագործած իրանական աղիւրներին, որոնք իւրայատուկ փաստեր են պարունակում: Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանն էլ շնորհաւորելով, Դերենիկ Մելիքեանին՝ ընթերցեց միութեան շնորհաւորագիրը:

Վերջում գնահատանքի խօսք ասաց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը՝ փոխանցելով Սրբազան Հօր ողջոյնները:

Նշենք, որ ընթերցւեց նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանի յղած շնորհաւորական ուղերձը:

Մանրամասնութիւնները օրաթերթիս յառաջիկայ համարներից մէկում:

Related Articles

Back to top button