ԹեհրանՀամայնք

Չորրորդ պատից այն կողմ. «Կոմիտաս»-ի բեմը՝ Z սերնդի պատմութեան վկան

ՀԱՏԻՍ – Պատերազմից յետոյ, երբ բեմը դեռ փորձում է վերագտնել իր շունչն ու հանդիսատեսի հետ կենդանի երկխօսութիւնը, հինգշաբթի՝ յուլիսի 23-ին, Հ.Մ. «Արարատ» Կ-ի Արւեստից միութեան Մանկապատանեկան թատրոնը ներկայացրեց «Մեր սերունդը» բեմադրութիւնը՝ Էրւին Գալստեանի հեղինակութեամբ եւ բեմադրութեամբ։

Ներկայացումը չէր սահմանափակւում պատանիների մասին պատմութիւն պատմելով. այն նրանց ձայնն էր։ Համավարակը, արգելափակումները, հեռավար ուսուցումը, պատերազմը, համացանցային խափանումներն ու դրանց հետեւանքով ձեւաւորւած մեկուսացման զգացողութիւնը բեմում վերածւել էին շարժման, լռութեան, խօսքի եւ լոյսի։

Պատանի դերասանները, մարմնի լեզւի, խմբային մոնոլոգների ու լուսային լուծումների միջոցով, փորձեցին արտայայտել մի սերնդի ներաշխարհը, որը չափազանց վաղ հանդիպեց մեծ փորձութիւնների։

Դահլիճում հաւաքւել էին դերակատարների ծնողներն ու ընկերները, մշակութային եւ հասարակական դէմքեր, ինչպէս նաեւ թատրոնի ու կինոյի անւանի ներկայացուցիչներ։ Նրանց ներկայութիւնն ինքնին վկայում էր, որ ներկայացումը սովորական մանկապատանեկան ելոյթ չէր, այլ ժամանակի մասին խօսելու փորձ։

Թէեւ բեմադրութիւնն իր մէջ ներառել էր կարճ ժամանակահատւածում կուտակւած բազմաթիւ ծանր թեմաներ, որոնք երբեմն խտացնում էին ներկայացման շնչառութիւնը, այն հասցրեց իր գլխաւոր ասելիքը։

Եզրափակիչ տեսարանում «չորրորդ պատը» կարծես վերացաւ. երեխաները բեմում յայտնւեցին ծնողների դերում եւ ծափահարեցին դահլիճին՝ որպէս վաղւայ սերնդին։ Դա ներկայացման հերթական խորհրդանշական պատկերն էր. ոչ թէ մեծերը գնահատում էին երեխաներին, այլ երեխաներն էին հայեացք նետում մեծերի աշխարհին՝ յիշեցնելով, որ ապագան վաղուց արդէն բեմ է բարձրացել։

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button