
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի առիթով Հ. Մ. «Սարդարապատ» միութեան սրահում երէկ՝ ապրիլի 22-ի երեկոյեան բանախօսական-գեղարւեստական համատեղ ծրագիր էր իրականացել:
Օրւայ բանախօս էր հրաւիրւել ազգային-գաղափարական գործիչ ճրտ. Վիգէն Բաղումեանը:
Համատեղ ծրագրին իրենց մասնակցութիւնն էին բերել Սրբոց Վարդանանց եկեղեցու Եկեղեցական խորհուրդը, Հ. Մ. «Սարդարապատ» եւ «Հայ կին» միութեան կից «Անի» միութիւնները։ Միութիւն մուտք գործելուց առաջ ներկաները բակում նախատեսւած վայրում խնկարկում եւ մոմ էին վառում ի յիշատակ Բիւրաւոր Սրբադասւած Նահատակների:
Կազմակերպիչ յանձնախմբի անունից բացման խօսքով եւ հաղորդավարութեամբ հանդէս եկաւ Արփա Քարամեանը, պատկերասփռւեց փաստավաւերագրական տեսաֆիլմ, իսկ ասմունքներով հանդէս եկան՝ Արթին Մովսիսեանը եւ Ռենէ Ոսկանեանը:
Ծրագրին Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանը ներկայացնելով օրւայ բանախօսի ազգային, հասարակական ու գաղափարական անցած ուղին հրաւիրեց Ճրտ. Վիգէն Բաղումեանին: Բանախօսի ելոյթը երեք հիմնական գլուխների էր բաժանւում՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման առումով անցած ուղին, Հայաստանի ներկայ իշխանութիւնների ապազգային քաղաքականութիւնը եւ տարածաշրջանի ու Իրանի իրավիճակը: Նա համապարփակ գծերով անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման առումով տասնամեակներ Հայ Դատի գրասենեակների կատարւած աշխատանքներին, Հայաստանի ներկայի իշխանութեան ներքաղաքական եւ արտաքին մակարդակով ապազգային քաղաքականութեանը եւ հայ ժողովրդի համազգային արժէքների ոտնահարմանն ու անտեսմանը, ինչպէս Արցախի հայկական լինելու ուրացում, «Արարատ» բիբլիական սարի անտեսում, Հայաստանեայց Առաքելական եկեղեցու դէմ արշաւ, որը նոյնիսկ Խորհրդային Սովետական տարիներին աննախադէպ է եղել, հայ ժողովրդի պատմութեան խեղաթիւրում, Հայաստանի բանակի թուլացում, անհանդուրժողականութեան տարածում, Բաքւում հայ ռազմագերիների անտեսում եւ Սփիւռքի նախարարութեան վերացմամբ, որի նպատակը միասնական հարցերի կարգաւորումն էր խափանել Հայաստան-Սփիւռք մէկ մարմին հանդիսացող գոյակցութիւնը եւ ոչնչացնել Սփիւռք-Հայաստան կապերը:
Բանախօսը կարեւորութեամբ անդրադարձաւ Հայաստանում շուտով կայացող խորհրդարանական ընտրութիւններին ընդգծելով ժողովրդի ճիշտ ընտրութիւնը, որով հնարաւոր լինի վերականգնել Հայաստանի եւ հայ ժողովրդի ոտնահարւած իրաւունքները: Բանախօսը անդրադառնալով տարածաշրջանի ներկայ պայմանների կարեւորեց հզօր Իրանի դերը Հայաստանի համար:
Ապա ներկաներին առիթ տրւեց հարցումների:
Միջոցառմանը ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Ալեքս Կարապետեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, ՊԺ-ի քաղաքամասի պատգամաւորներ, Հայոց Ցեղասպանութեան Կենտրոնական յանձնախմբի ատենապետ Մհեր Անդրէասեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ ներկաներ:
Եզրափակիչ խօսքով յանուն Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հանդէս եկաւ Սրբազան Հօր օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը:
Հայր Սուրբը ընդգծեց. «Մարդը գոյատեւում է թթւածնով, իսկ ազգերը եւ երկրները պատմական յիշողութեամբ, որը անցեալը, ներկան եւ ապագան իրար կապող կամուրջն է»: Հայր Սուրբը կարեւորեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, մեր իրաւունքների արդար եւ ամբողջական վերադարձի առումով պահանջատիրութեան շարունակութեանը եւ նշեց, որ չի կարելի ուրանալ Հայոց Ցեղասպանութիւնը, Արցախը եւ պատմական Հայաստանը:











