Սրբոց Վարդանանց զօրավարաց տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, փետրւար 27-ին, Սրբոց Վարդանանց Զօրավարաց տօնի առիթով առաւօտեան ժամերգութիւն տեղի ունեցաւ Թաւրիզում: Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում արարողութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Եկեղեցական արարողութեան ներկայ գտնւեցին Թաւրիզի հայոց «Հայկազեան-Թամարեան-Սահակեան» դպրոցի եւ ՀՕՄ-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտներն ու նրանց տեսչութիւններն ու ուսուցչական կազմերը, ինչպէս նաեւ ծնողները, եւ թաւրիզահայ հաւատացեալներ:
Թեմակալ առաջնորդ Սրբազանը պատգամեց ներկայ հաւատացեալներին, բախտաբեր բախտ համարելով Ատրպատականում ծնւած իւրաքանչիւր հայ անձը, որը այս կամ այն չափով ժառանգորդն է Աւարայրի ճակատամարտից ողջ մնացած զինւորներից, եւ կամ նոյն պատերազմում զոհւած զինւորներից մէկի կամ միւսի հարազատին, որոնք ճակատամարտից յետոյ եկել էին իրենց եղբօրը կամ հօրը փնտռելու:
Սրբազանը ներկայացնելով պատերազմի պարտութեան տխուր երեւոյթը, շեշտեց 451 թւի բարոյական յաղթանակի վառ իմաստը, երբ 9 նախարարներ եւ զօրագնդերի հրամանատարներ, ինչպէս նաեւ 1036 զինւորներ նահատակւեցին պարսիկների կանոնաւոր բանակի դէմ մղւած անհաւասար ճակատամարտում: Սրբազան Հայրը անդրադառնալով մեր ժողովրդի ներկայ կեանքի դժւարութիւններին, հայրենական կեանքում որոշ անորոշութիւններին, ասաց. «Մենք յուսալքւող ժողովուրդ չենք, Ցեղասպանութիւնից վերապրած, եւ մեր ազգային կեանքը վերածաղկեցրած ժողովուրդ ենք, միշտ յիշելով Վարդանանց պատգամը՝ Մահ իմացեալ՝ անմահութիւն է: Այս էր նրանց պատգամը, որը մինչեւ այսօր զինում է մեզ, ամէն տեսակի դժւարութեան դիմաց», շեշտեց Սրբազան Հայրը:
Քարոզից անմիջապէս յետոյ կատարւեց հաւաքական խոստովանանք եւ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի ձեռամբ բոլոր հաւատացեալները հաղորդւեցին Քրիստոսի սուրբ մարմնով եւ արեամբ:
Եկեղեցական արարողութեան աւարտին, Թաւրիզի հայոց դպրոցի աշակերտուհի Մարիամ Վարդանեանը ներկայացրեց Վարդանանց նահատակութեան խորհուրդը, մեծարելով դարեր առաջ նահատակւած հերոսների կերպարը: Նոյն խորհըրդին նւիրւած ասմունքով հանդէս եկաւ հայոց դպրոցի աշակերտ՝ Արգամ Ոսկանեանը:
Նշենք, որ առաջնորդ Սրբազանը եւ եկեղեցու հոգեւոր հովիւ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը կատարեցին Վարդանանց զօրավարաց նւիրւած ազգային-եկեղեցական երգերը, որոնք դարեր շարունակ ոգի եւ ոյժ են տւել բոլոր նոր սերունդներին:
Եկեղեցու Խնամակալ մարմինը նւէրներ էր պատրաստել համայնքում Վարդան եւ Սաթենիկ անունը կրողներին, որոնք հերթաբար մօտեցան եւ Սրբազան Հօր ձեռամբ ստացան իրենց նւէրները: Յատուկ շնորհակալութիւն յայտնւեց «Կոմիտաս» քառաձայն երգչախմբի երաժիշտ ղեկավար Վարդան Վահրամեանին, որը Կիրակի օրերին ղեկավարում է սուրբ պատարագի երգեցողութիւնը եւ նւագում երգեհոնը: Շնորհակալութիւն յայտնեց նաեւ եկեղեցու աւագ Սարկաւագ Բարեշնորհ Վարդան աւագ սրկ. Տէր Մարտիրոսեանին եւ Թեմական խորհրդի ատենադպիր՝ Վարդան Կարապետեանին:
Յայտնենք, որ Ուրմիայի հայոց «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանի երեխաները իրենց ուսուցչուհիների գլխաւորութեամբ Վարդանանց զօրավարաց նւիրւած ասմունքներ եւ սրտի խօսքեր էին պատրաստել, որոնք ուղիղ եթերով ներկայացրին թեմի ժողովրդին: Առաջնորդ Սրբազան Հայրը գնահատեց բոլոր մանուկներին, որոնք իրենց քաղցր ելոյթներով առաւել եւս զօրացրին ազգի եկեղեցական արմատները, եւ ուրախացրին թեմի ժողովրդին: