ԱտրպատականՀամայնք

Հրեշտակների պահպանութիւնը Իրանական հայրենիքին

Խմբագրական «Արտազ» պաշտօնական ամսագիր

Օդային ռազմական յարձակումների ենթարկւած Իրանը, իր հաւատարիմ ժողովրդի խորը հայրենասիրութեամբ ինքնապաշտպանութեան դիմեց, յետ մղելով 12 օրեր երկիրը ռմբակոծութեան մատնած թշնամուն:

Ինքնապաշտպանութեան եւ վասն հայրենեաց մղւած քայլերը մեզ տանում են մինչեւ 1897-ի յուլիսի 25-ը, երբ դարձեալ հայրենապաշտպան մեր ֆիդայիները, Ատրպատականի հայոց մեր թեմի Դերիկի վանքից ուղղւեցին դէպի Խանասորայ դաշտը, եւ «կարմիր գոյն»-ով ներկեցին կանաչ մարգագետինը…:

Անմահանուն հերոսներ՝ Նիկոլ Դումանի, Վարդան Մեհրաբեանի եւ Իշխան Արղութեանի հրամանատարութեամբ, 150 հայ ֆիդայիներին յաջողւում է պարտութեան մատնել Մազրիկ ցեղին, որի գլխաւոր՝ Շարաֆ բէկին յաջողւում է ամօթահար խոյս տալ գիշերանց: Կռիւը տեւում է ընդամէնը երկու օր, եւ 27 յուլիսին աւարտւում է հայերի յաղթանակով: Ճիշտ է, որ Խանասորայ արշաւանքին զոհւում են 25 ֆիդայիներ, որոնց շարքին Ռոստոմի եղբայրը՝ Կարօն, սակայն այս յաղթանակը մեծ յոյս է ներշնչում, այդ օրերում Համիտեան լծի տակ տնքացող հայ ժողովըրդի զաւակներին:

Պատերազմից ու անարդարութիւնից չյոգնող աշխարհը չի՛ դադարում ծնել անձեր, որոնք մարդու արիւն ըմպելուց բացի այլ հաճոյք չունեն…:

Խաղաղութեան հրեշտակների առաքումը այս աշխարհ, աւետարանական լուրով հաղորդւեց մարդկութեան, Յիսուսի ծննդեան պահին. «Փառք ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»: Ե՞րբ է լսելու երկնային այս պատւէրը աշխարհակործան մարդկութիւնը, որպէսզի հասկանայ, թէ ինք չէ՛ այս աշխարհի տէրը, եւ ինք չէ Ստեղծիչը, եւ իրաւունք չունի այն կործանելու…:

Իրանում շուրջ յիսուն տարիներից ի վեր խաղաղութեամբ եւ հաւասար ու արդար կեանքով ապրող ժողովուրդները, որոնց շարքին նաեւ հայ ժողովրդի զաւակները, մեծ անակնկալի եկան, աշխարհակործան ղեկավարների օդային յարձակումներից, որոնք անգթաբար հարւածեցին նոյնիսկ ժողովրդական բնակավայրեր:

Հրեշտակները պաշտպանեցին ժողովրդի զաւակներին, որոնք իրենց սովորական կեանքի ընթացքում լինելով, ինչպէս նաեւ արդի ռումբերի դիմաց փետրաշէն կառոյց ունեցող տներում ապաստանած լինելով, ամէն րոպէ վտանգի ներքեւ էին գտնւում, մահւան գիրկը գնալու վախից սարսափահար վիճակում:

Խաղաղութեան առաքեալները սաւառնում են Իրանի երկնատարածքում… : Նրանք ազատ, բայց բարի կամք ունեն թռչկոտել, բայց հեռու մնալ այն վայրագ արծիւներից, որոնք փորձում են խաղաղ երկինքը կեղտոտել իրենց արագասոյր ռազմական մուգ ինքնաթիռներով, որոնց սլացքը դեռեւս հասանելի չէ պաշտպանողական ռումբերին:

Աշխարհի «ղեկավարները» համարւող, եւ ինքնասիրութեամբ տոգորւած անձեր հանդիսացող պաշտօնակատարները չեն հասկանում, որ ո՛չ մարդկութեան եւ ո՛չ էլ այս տիեզերքի հիմնադիրներն ու տէրերն չեն կարող լինել իրենք: Ե՞րբ են դաստիարակւելու նման ղեկավարները, որպէսզի աստւածապարգեւ այս կեանքը հաւասարապէս վայելեն մարդիկ:

Իրենց կատարած գիւտերով, դէպի ամենամօտակայ մոլորակը գնալու փորձերով, նոր հպարտանքի եւ մեծամտութեան շողեր են արձակում արդի աշխարհի ղեկավար տարրերը, մոռանալով նւազագոյն երկրաշարժերը, որոնք կարող են սարսափահար անել իրենց յոխորտանքը:

Անորոշութեամբ ու յանկարծական փոփոխութիւնների մատնւելու մտահոգութիւններով լիքը ներկայ ժամանակներում, հրեշտակների պահպանութեան եւ սուրբերի միջնորդութեան ենք ապաւինել:

Related Articles

Back to top button