«Հայոց տնտեսական Ցեղասպանութիւն»

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
2016 թ.-ին, Երեւանի Էդիթ փրինթ հրատարակչութեան կողմից, լոյս է տեսել, Խաչատուր Դադաեանի գրչին պատկանող՝ 516 էջերից բաղկացած, «Հայոց տնտեսական Ցեղասպանութիւն» անւամբ գիրքը որում ներկայացւած է, հայերի տնտեսական գործունէութիւնը Թուրքիայի տարածքում, մինչեւ 1915 թւականը։
Հաւանօրէն առաջին ընթերցմամբ, «Հայոց տնտեսական Ցեղասպանութիւն» եզրոյթը, ոմանց մօտ խորթ հնչիւն թւայ սակայն այդ առթիւ հեղինակի ներքոյիշեալ տրւած բացատրականից. «Վերջին տարիներին ակնյայտ հետաքրքրութիւն է դրսեւորւում Օսմանեան Թուրքիայում հայոց տնտեսական, ֆինանսանիւթական կորուստների քննարկաման ու լուսաբանման հանդէպ։ Հրատարակւում են գրքեր, հայ վաճառականութեան պատմութեան շուրջ ուսումնասիրութիւններ, ամերիկեան ու եւրոպական մամուլում, ստեպ-ստեպ երեւան են գալիս նոյնուղի հրապարակումներ։ Ըստ էութեան, դրանք բոլորը վերաբերում են հայոց տնտեսական ցեղասպանութեան, եւ ինչպէս Ցեղասպանութեան իրողութիւնն է ուրացւում, այնպէս էլ «ամօթխածօրէն» լռութեան է մատնւում, իր ճշգրիտ բնորոշմամբ չի անւանւում Մեծ Եղեռնի այդ կարեւորագոյն բաղադրեալը, ուղեկիցը եւ շարժառիթներից մէկը։ Ահա թէ ինչու մենք այս գրքով քաղաքական, գիտական, մասնագիտական, հասարակական բառապաշարում շրջանառութեան մէջ ենք դնում Օսմանեան Թուրքիայում «Հայոց տնտեսական Ցեղասպանութեան» եզրոյթը». վերոնշեալ բացատրականից յետոյ, նշեալ խորթ հնչիւն թւացող եզրոյթը, ընթերցողի համար դառնում է տրամաբանական հարազատ եզրոյթ։
Ըստ հեղինակի, հայերի ներդրումը Թուրքիայի տնտեսութիւնում անչափ էական է եղել իր նշանակութեամբ, ծաւալներով եւ ընդգրկմամբ եւ ցաւ է յայտնում որ մեր ժողովրդի բազմադարեայ տնտեսական մշակոյթի այս ողբերկական էջը գրեթէ չի ուսումնասիրւել եւ իր նպատակն է համարել լրացնել այդ բացը։
Ցեղասպանութեան հետեւանքով հայութեան կրած ֆինանսանիւթական կորուստների խնդիրն ի սկզբանէ գտնւել է հայ քաղաքական, հասարկական կազմակերպութիւնների ուշադրութեան կիզակէտում, ինչպէս 1916 թ.-ին ՀՅԴ-ի Բաքւի կոմիտէի նախաձեռնութեամբ ծրագրւեց եւ Անդրկովկասի զանազան վայրերում կատարւեց տեղեկութիւնների հաւաքագրում Արեւմտեան Հայաստանի հայ բնակչութեան կոտորածների կազմակերպման եւ իրակացման վերաբերեալ «Վշտապատում» անւամբ։
1918 թ.-ի հոկտեմբերին Թիֆլիսում կայանում է Հայկական հայրենակցական միութիւնների կենտրոնական խորհրդի նիստ՝ Յովհաննէս Թումանեանի գլխաւորութեամբ որտեղ որոշւում է Հաշտութեան վեհաժողովին հայ ժողովրդի կողմից մի յուշագիր կազմելու եւ ներկայացնելու համար ընտրել յանձնաժողով։ Նոյեմբերի 21-ին կազմւում է «Համաշխահային պատերազմից հայ ժողովռդի կրած վնասների քննիչ յանձնաժողով։ Յանձնաժողովի չորս բաժիններից մէկը՝ Տնտեսականը, պիտի զբաղւէր հայութեան ունեցած նիւթական կորուստների հաշւառումով։ Յանձնաժողովը գործեց 1919 թ.-ի վերջը եւ աշխատանքը մնաց անաւարտ։
Խաղաղութեան վեհաժողովին հայ ժողովրդի շահերը ներկայացնում էին Ազգային պատւիրակութիւնը՝ Պօղոս Նուբարի գլխաւորութեամբ եւ Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութիւնը՝ Աւետիս Ահարոնեանի։ Հայոց նիւթական պահանջների վերաբերեալ միասնական յուշագրում, ըստ այդ պատւիրակութիւնների հաշւարկի, հայ ժողովրդին թուրքերի հասցրած վնասները կազմում էին 19 մլրդ. 130 մլն. 932 հազար ֆրանք որից Արեւմտեան Հայաստանի բաժինն էր 14 մլրդ. 598 մլն. 460 հազար իսկ Հայաստանի Հանրապետութեանը եւ Կովկասի հայաբնակ շրջաններինը՝ 4 մլրդ 532 մլն. 477 հազար ֆրանք։
Գիրքը իր նիւթերին պատկանող, բազմազան սեւ-սպիտակ եւ գունաւոր նկարներով, բաղկացած է չորս գլուխներից ըստ հետեւեալի.
«Քաղաքներ» Սոյն գլխում ներկայացւած են ներկայի Թուրքիայի 100 քաղաքներ որոնք բոլորն էլ տիպիկ ապացոյցներ են հայի տնտեսական տաղանդի ինչպէս նաեւ ընդգրկւած են բնակչութեան, եկեղեցիների եւ վարժարանների թւաքանակի, բարքերի, կենցաղավարութեան, նիստ ու կացին, հագուստ-կապուստին եւ տւեալ քաղաքի հայութեան հաւաքական կերպարի բնութագրումներ։
«Մարդիկ» գլխում ներկայացւած են առեւտրատնտեսական եւ ֆինանսական գործունէութեամբ զբաղւած 67 անձինք, այդ շարքում՝ արեւմտեան հայոց խոշորագոյն ազգային բարերարներ Հ. Պեզճանի, Տիւզեան, Տատեան, Գիւլբենգեան գերդաստանները, անշուշտ այդպիսի մարդիկ հազարաւոր են եղել, բայց ընտրւել են առաւել ակնառուները որոնց լուսանկարները պահպանւել են։
Երրորդ գլխում ներառնւած են 48 ֆինանսավարկային հաստատութիւններ, արտադրական ձեռնարկութիւններ եւ տնտեսական միութիւններ որոնցից աչքի են ընկնում «Օսմանեան առեւտրային բանկը», «Իբրանոսեան եղբայրներ» խոշորագոյն առեւտրային ֆիրման, Ֆաբրիկատորեան եղբայրների (Մեզիրէ) եւ Խ. Քիւրքչեանի (Խարբերդ) տեքստիլ ձեռնակութիւնները։ Նման տնտեսական կառոյցներ իհարկէ հազարաւոր են եղել։
Գովազդներ գլխում զետեղւած են Թուրքիայում հայոց արտադրութեանց պատկանող 100 գովազդապատկերներ բայց իրականում այդ պատկերները, մի քանի անգամ աւելի են քան ներկայացւածները։
Տնտեսական իմաստով, ինչ շահեց Թուրքիան 1915-ից։
Ըստ հեղինակի, հայոց տնտեսական գործունէութեան արդիւնքը՝ կապիտալը, նախ ծառայեց որպէս թուրք եւ քուրդ ցեղասպան զանգւածների արիւնարբու տքնանքի «աշխատավարձ»։ Երկրորդ՝ դարձաւ երիտթուրքական կառավարութեան ցեղասպան քաղաքականութեան բաղկացուցիչ՝ ապա առաջին աշխարհամարտում պարտւած Թուրքիայի ռազմատուգանքի վճարամիջոց։
Հեղինակը թուրքի հաւաքական կերպարի առնչութեամբ, յղում է կատարում Կ. Պատրիկի Պատմագիրք յուշամատեան Սեբաստիոյ գաւառի հայութեան, Ա. հատորի 591 էջի, Բէյրութ 1974 թ. «Թուրքերը իրենց տիրապետութեան առաջին օրէն մինչեւ գրեթէ 1915 թւականը միշտ հեռու էին մնացեր առեւտրական եւ արհեստագործական ասպարազէն, անվայել համարելով այդպիսի «խոնարհ» զբաղումներ իրենց տիրապետող ազգ (միլլեթը հաքիմէ) հպարտութեան։ Անոնք առաւելապէս զինւորականներ էին, իսլամական կրօնի ծառայողներ, պետական պաշտօնեաններ, մեծ մասամբ հողատէրեր-կալւածատէրեր, քիչ բացառութեամբ՝ առեւտրականներ եւ քանի մը աննշան արհեստնորու մէջ աշխատող։ Անոնք առաւելապէս անասնապահ, երկրագործ, բանջարամշակ (պօստանճի), այգեպան էին»։
Ժամանակի ընթացքում տիտղոսային գերադասի նկրտումները քրիստոնեայ փոքրամասնութեան՝ հայութեան, նկատմամբ տնտեսական բռնազաւթումներ իրականացնելու խնդրում ահագնացան եւ ձեռք բերեցին պետական կազմակերպական բնոյթ։
Գիրքը իր ընդհարութեան մէջ, մի կատարեալ եւ կարեւոր փաստերի ժողովածու է, որը կարող է յօգուտ բերել Հայ Դատի միջազգային հետապնդման աշխատանքներում։
Երեւան
25.07.2026 թ.



