
Այն, որ Թրամփը (թէպէտ ինչ որ տեղ իրաւացիօրէն) օրնիբուն դատափետում է իր նախորդին՝ սեփական ձախողումներն արդարացնելու մտօք, պարզ է ու մեկին բոլորի համար։
Եւ արդէն առաւել քան երբեւէ փաստ է հանրապետական Թրամփի նախընտրական խոստումների անկատարութիւնը, ինչքան էլ որ դրանում մեղադրւի դեմոկրատական Բայդենը…։
Մինչ այս, մինչ այն, բայց եւ այնպէս նաեւ փաստ է, որ ամերիկեան հասարակա-քաղաքական բազմաշերտ էլիտան սկսել է պախարակել ու քննադատել լոկ հանրապետական եւ դեմոկրատական պրիմիտիւ ու հնաբոյր համակարգի շրջագծում երկրի ընտրական գործընթացներ իրականացնելու հանգամանքը, անհրաժեշտ համարելով երրորդ հոսանքի կամ առհասարակ նոր ձեւաչափերով ընտրական ինստիտուտների կեանքի կոչումը…։
Ինչեւէ, փորձենք թւարկել թրամփեան նախընտրական բարձրագոչ խոստումների յատկապէս արտաքին քաղաքականութեան բնագաւառում ակնյայտ ձախողումները._
ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՈՒԿՐԱԻՆԱ ՊԱՏԵՐԱԶՄ
Պարոն Թրամփը խոստացել էր վերընտրւելուց յետոյ առաջնահերթօրէն եւ կարճ ժամանակում դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Աշխարհը ակնդէտ՝ սպասելով Թրամփ-Պուտին Ալիասկայի յայտնի հանդիպման դրական արդիւնքներին, այսօր յուսախաբ՝ ականատես է նոյն Թրամփի մէկ՝ Զելենսկուն, մէկ էլ՝ Պուտինին մեղադրելու կրկնւող արդարացումներին։ Ի դէպ՝ մեղադրեալների շարքում յայտնւեցին նոյնպէս թէ՛ եւրոպացիք, եւ թէ՛ նոյնինքն ՆԱՏՕ-ն, որի բիւջէի խոշոր տոկոսը ըստ Թրամփի՝ անհարկի կերպով վերապահւած է ԱՄՆ-ին…։ Եւ այսպէս՝ «Պուտինից հիասթափւած»՝ այժմ Թրամփը Զելենսկու զիջումների յոյսն է փայփայում…։
ԻՍՐԱՅԷԼ-ՊԱՂԵՍՏԻՆ ԹՆՋՈՒԿ
Թրամփի Նախընտրական խոստումներում նոյնպէս թիրախ էր իսրայէլա-պաղեստինեան թնջուկի կարգաւորումը, սակայն, այսօրւայ իրողութիւններով ապացուցւում է, որ ինքը՝ Թրամփը թիրախ է դարձել հրէական ու յատկապէս ցեղասպան Նեթանիահուի քմահաճոյքների։ Աւելին՝ մինչեւ իսկ արաբական անմիաբան ու Իսրայէլի հետ «բնականոն» յարաբերութիւնները ծաւալել ցանկացող կամազուրկ մի շարք երկրներն այսօր, իսլամական երկրների հետ համատեղ հակա-իսրայէլական համաժողով են կազմակերպում Դոհայում, երբ արդէն չափազանց լկտիացած Իսրայէլի կողմից հրթիռակոծման թիրախ է դառնում նոյն ԱՄՆ-ի շրջանային դաշնակից համարւող Կատարը…։ Երկիր, որն հիւրընկալել էր Իսրայէլի հետ հակամարտող ՀԱՄԱՍ-ի վերնախաւին՝ նոյն թնջուկի առնչութեամբ բանակցելու համար։
ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԹՂԹԱԾՐԱՐ
Իր նախընտրական խոստումներում ամենաբարձրաձայնւողն թերեւս Իրանի չարչրկւած «ատոմային սպառնալիքի վերացումն» էր։ Թէպէտ այդ հարցում նոյնինքն Թրամփն էր խայտառակ քայլի դիմել, դեռ 2015-ին ՄԱԿ-ի հովանու ներքոյ 5+1 ֆորմատով ստորագրւած միջազգային համաձայնագիրը պատռելով, բայց հետագային, իր 2-րդ նախագահական ժամանակաշրջանում նախաձեռնեց Իրանի հետ անմիջական բանակցային գործընթաց։ Սա եւս, անշուշտ, չվրիպելով սիոնական ռեժիմի ուշադրութիւնից, կանխւեց ու դա դեռ քիչ էր՝ դարձեալ տեղի տալով իսրայէլական ներգործութեանը, Թրամփը աչք փակեց Իրանի դէմ սանձազերծւած յունիսեան տմարդի յարձակման վրայ, ընդհուպ՝ մինչեւ իր իսկ միջոցով Իրանի ատոմային խաղաղ նպատակներով գործարկւող օբիեկտների ամբողջական ռմբակոծմանը…։
Արդիւնքում, սակայն, մէկ կողմից Իսրայէլը հակայարձակման թիրախ դարձաւ իրանական հզօր ու չախջախիչ հրթիռների, որն պէտք է խոստովանել նաեւ, որ աննախադէպ էր բոլոր ժամանակների հակաիսրայէլական պատերազմներում (արաբա-իսրայէլական), իսկ միւս կողմից՝ իրանական ողջ ժողովուրդը ցուցաբերեց նոյնպէս աննախադէպ համախմբում, յատկապէս երբ վտանգն ու սպառնալիքը գալիս էր արտաքին թշնամական ճակատից։ Իսկ ինչ խօսք՝ միջուկային տեխնոլոգիայի ֆիզիկական վնասները փոխարինելի են ու վերականգնելի, երբ միեւնոյն տեխնոլոգիայի գիտական-մարդկային պաշարները անջնջելի են ըստ ամենայնի։ Իրանը այս սպառնալիքը յաղթահարեց արժանապատւօրէն, իսկ թրամփեան Ամերիկան յաչս աշխարհի՝ եւս մէկ անգամ վարկաբեկւեց, խաթարելով սեփական արժանահաւատութիւնը, մինչեւ իսկ դաշնակիցների մօտ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Ինչեւէ, այսօր երեւի կորցրած վարկը վերականգնելու համար է, որ «Նոբէլեան» մրցանակի ձգտող Թրամփը մոգոնել է նոր պատերազմ սանձազերծել «անուղղայ» Վենեզուէլլայի դէմ, Կարայիբեան կղզիների շուրջբոլորը ամերիկեան տարատեսակ ռազմանաւերի տեղակայումով…։
Այս ամենին, սակայն, դիմակայելու պատրաստակամութիւն է յայտնել վենեզուէլլական ողջ ժողովուրդը, որի շուրջ 10 միլիոնը ինքնազօրակոչման ստորագրութիւն է ներկայացրել՝ ԲՈԼԻՎԱՐԵԱՆ երկրի ամբողջականութիւնն ու արժանապատւութիւնը անխախտ պահելու հերոսական կամարտայայտութեամբ…։
…Իսկ թէ ի՜նչ կարգավիճակ, կամ ասենք՝ ճակատագիր է ունենալու Հայաստանեան Սիւնիքում այսպէս ասած՝ «Թրամփեան կամուրջի» (ասել է թէ՝ «Զանգեզուրի պանթուրանական միջանցք») 99-ամեայ վարձակալումը, պէտք է կռահել վերոգրեալ փաստերից…
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու