Փաշինեանի կառավարութիւնը ներսից քանդում է Հայաստանը

Հայաստանի ճգնաժամը խորանում է։ Ամէն օր երկրի անձեռնհաս կառավարողները մաս առ մաս խլում են նրա ինքնիշխանութիւնը՝ քանդելով այն պետութիւնը, որը պաշտպանելու համար էին ընտրւել։
Այժմ Հայաստանի ղեկավարները կրկնում են նրա ոխերիմ թշնամիների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների դիրքորոշումները՝ կարծես նրանք են զբաղեցնում վարչապետ Նիկոլ Փաշինեանի աթոռը Երեւանում։
Անցեալ շաբաթ Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաները մի շարք հակասական եւ հակահայկական յայտարարութիւններ արեցին։
Յաջորդ տարւայ յունիսին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններից առաջ Փաշինեանը հանրութեանը հեղեղել է խաղաղութեան մասին դատարկ խոստումներով։ Սակայն, նոյնիսկ մի շարք նւաստացուցիչ զիջումներից յետոյ, նախագահ Իլհամ Ալիեւը մերժում է այսպէս կոչւած պայմանագիրը՝ չնայած օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որը բեմադրւել էր այն ստորագրելու համար։
Հազւադէպ առիթներով Փաշինեանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյեանը խոստովանել են ճշմարտութիւնը։ 2024 թւականին Փաշինեանն անփոյթ կերպով ասաց սահմանամերձ Կիրանց գիւղի բնակիչներին. «Դուք կարող է մի եօթ օր անվտանգ ապրէք, ութերորդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»։ Անցեալ շաբաթ Ազգային ժողովում Միրզոյեանը նոյն խոստովանութիւնն արեց. «Լիակատար խաղաղութիւն չի լինի, նոյնիսկ եթէ Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրւի»։ Սակայն նրանք արագ վերադառնում են այն հերիւրանքին, թէ «խաղաղութիւն է հաստատւել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»։
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի տւած խոստումը Փաշինեանին, որ նա կը յորդորի Ալիեւին ազատ արձակել հայ բանտարկեալներին, ոչ մի արդիւնք չտւեց՝ մնալով միայն խօսքի մակարդակում։ Աւելի վատ՝ Փաշինեանը խնդրեց Թրամփին գերիների հարցը չներառել փոխըմբռնման յուշագրում՝ վախենալով, որ ազատ արձակւելուց յետոյ իր քաղաքական մրցակիցները կարող են մարտահրաւէր նետել յաջորդ տարւայ ընտրութիւններում։
Ալիեւի պահանջով Մինսկի խումբը լուծարելուց յետոյ Փաշինեանն արդարացրեց այն՝ անւանելով «անօգուտ», թէեւ այն գրեթէ երեք տասնամեակ կանխել էր պատերազմը։ Նա նոյնիսկ յայտարարեց, որ Ղարաբաղի հարցը «վաղուց լուծւած էր»։ Եթէ դա ճիշտ լինէր, ապա ինչո՞ւ պէտք է Ալիեւն արիւնալի պատերազմ սկսեր 2020 թւականին՝ այն գրաւելու համար։
Իրականում Փաշինեանը յանձնեց Արցախը՝ տապալելով բանակցութիւնները, անտեսելով Մինսկի խմբի առաջարկները եւ 2019 թւականին ամբարտավանօրէն յայտարարելով. «Ես բանակցութիւններն սկսել եմ ոչ թէ Սերժ Սարգսեանի կէտից, այլ իմ սեփական կէտից, սա կարեւոր նրբութիւն է»։ Ալիեւը սպառնալից պատասխանեց. «Փաշինեանի հետ բանակցութիւններն անօգուտ են եւ անիմաստ…․ Բանակցութիւնների ձախողման դէպքում Ադրբեջանն իրաւունք ունի խնդիրը լուծել պատերազմով»։ Արցախը կորցնելուց յետոյ Փաշինեանն անհեթեթօրէն յայտարարեց, թէ Հայաստանը հիմա «աւելի անկախ է, քան երբեւէ…»։ Ինչպէ՞ս կարող է տարածքների եւ հազարաւոր կեանքերի կորուստը երկիրը դարձնել աւելի անկախ։ Արդեօ՞ք Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն կը վերադարձնի Արեւմտեան ափը, կը ճանաչի Պաղեստինը, իսկ յետոյ կը յայտարարի, թէ Իսրայէլն «աւելի անկախ» է դարձել։ Միայն պարտւած ղեկավարը կարող է նման անհեթեթ արդարացում յօրինել։
Փաշինեանը նաեւ հերքեց, որ Սպիտակ տանը համաձայնել է ամերիկեան ընկերութեանը 99 տարով յանձնել այն ճանապարհի կառավարումը, որն Ադրբեջանը հիմնական մասը կապում է Նախիջեւանի հետ՝ հակասելով նախագահ Թրամփի հրապարակային յայտարարութեանը։
Օգոստոսի 28-ին մամուլի ասուլիսում Փաշինեանը պարծեցաւ. «Ես եմ կառավարութիւնը։ Ոչ մէկ չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ»։ Սա ամենացայտուն ապացոյցն է նրա բռնապետական մտածելակերպի, չնայած նրա մշտական պնդումներին, թէ ղեկավարում է ժողովրդավարական երկիր։ Յաջորդ առաւօտ նա աշխատանքից ազատեց վարչապետի աշխատակազմի միջազգային իրաւական հարցերով ներկայացուցչի գրասենեակի ղեկավար Լիպարիտ Դրմէեանին՝ այն բանի համար, որ վերջինս ընդունել էր Հայաստանի պարտաւորութիւնը՝ կատարելու միջազգային արբիտրաժի վճիռը կառավարութեան կողմից Սամուէլ Կարապետեանի էլեկտրացանցի ապօրինի բռնագրաւման գործով։ Թէեւ Հայաստանն այդ արբիտրաժային վճռով պարտւել էր, Փաշինեանը կեղծօրէն յայտարարեց. «Մենք յաղթել ենք արբիտրաժային դատարանում»։
Յետ չմնալու համար, Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանը սեպտեմբերի 11-ին յայտարարութիւններ արեց, որոնք հակասում են Հայաստանի շահերին՝ կարեկցանք արտայայտելով Ադրբեջանի հանդէպ։
Հարցին, թէ արդեօք Բաքուն պէտք է թոյլ տայ նոյն փոխադարձ ընթացակարգերն Ադրբեջանի տարածքով անցնող հայկական բեռների համար, Սիմոնեանը պատասխանեց. «Վերքերը թարմ են՝ թէ՛ մեր կողմից, թէ՛ իրենց կողմից։ Բա մենք մարդ չե՞նք սպանել։ Մարդ չի՞ մահացել Ադրբեջանի կողմից։ Խօսքը սահմանին դէմ առ դէմ շփւելու մասին է… Յարաբերութիւնների եւ վստահութեան վերականգնման այս զգայուն ժամանակահատւածում նպատակն է նւազագոյնի հասցնել այդ շփումը։ Ադրբեջանը նոյնպէս շատ մեծ վէրքեր ունի։ Ադրբեջանը համարում է, որ… Հայաստանի Հանրապետութիւնը իր երկրի 20 տոկոսը 30 տարի շարունակ պահել է գրաւման տակ եւ նոյնիսկ ցեղասպանութեան հասնող յայտարարութիւններ է անում։ Սա նրանց մտածելակերպն է, եւ ակնյայտ է, որ Ադրբեջանի համար շատ կարեւոր է կանխել ամէն հնարաւոր ապագայ սպառնալիք»։ Սիմոնեանը, կարծես թէ, մոռացել է, որ ինքը ոչ թէ Ադրբեջանի, այլ Հայաստանի խորհրդարանի նախագահն է։
Սիմոնեանը նաեւ ծաղրեց ընդդիմադիր կուսակցութիւններին՝ պնդելով, որ նրանք «եօթ հոգի մարդ փողոցում չեն կարողանալու հաւաքել», եւ պարծենալով, որ «իմ նկարը դնեմ փողոցում, շատ աւելի մարդ շուրջը կը հաւաքւի»։ Ընդդիմութեան առաջնորդներից մէկը հակադարձեց. «Այո, շատ աւելի շատ մարդ կը հաւաքւի Սիմոնեանի նկարի շուրջ փողոցում՝ դրա վրայ թքելու համար»։
Վերջապէս, Փաշինեանի կառավարութեան կողմից Հայաստանի սրբազան խորհրդանիշներից հրաժարւելու վերջին օրինակն է նոյեմբերի 1-ից ուղեւորների անձնագրերի վրայ սահմանահատման կնիքից Արարատ լեռան պատկերը հանելու որոշումը: Արդեօք յանձնւող կառավարութիւնը յաջորդ քայլով երկիրը կը վերանւանի՞ «Էրմենիստան»։
Քանի որ Հայաստանի կառավարութիւնը չի պաշտպանում պետութիւնը, քաղաքացիները պարտաւոր են պաշտպանել այն։ Իւրաքանչիւր զիջում, իւրաքանչիւր ջնջւած խորհրդանիշ, թշնամու իւրաքանչիւր հռետորաբանութեան կրկնութիւն՝ եւս մէկ քայլ է դէպի ազգային ոչնչացում։ Հայ ժողովուրդը՝ հայրենիքում եւ արտերկրում, պէտք է վերջապէս արթնանայ եւ իշխանութեան բերի նոր ղեկավարների, որոնք կը ծառայեն Հայաստանի շահերին, այլ ոչ թէ նրա թշնամիների։ Պատմութիւնը չի ների անգործութիւնը։ Գործելու ժամանակը հիմա է, քանի դեռ պաշտպանելու Հայաստան գոյութիւն ունի։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ