Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ձիւնիկ Աղաջանեան. «Փաշինեանի Դաւոս մեկնելը պատահական չէ. հերթական բանակցային դրւագն է նախապատրաստւում»

«ԱԼԻՔ» – Մենք շատ տխուր յիշողութիւններ ունենք Նիկոլ Փաշինեանի՝ Դաւոսի համաշխարհային տնտեսական համաժողովին առաջին մասնակցութիւնից. Ամենաանպատշաճ ձեւով նա ներկայացաւ եւ որպէս անձ, եւ որպէս քաղաքական գործիչ, որը տարիներ շարունակ Արցախի խնդրով արտայայտութիւններ է արել, թէ որպէս պետութեան ղեկը ստանձնած անձնաւորութիւն: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում նշեց ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ձիւնիկ Աղաջանեանը՝ անդրադառնալով նրան, որ այս տարի երկար ընդմիջումից յետոյ Նիկոլ Փաշինեանը որոշել է մասնակցել Դաւոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:

«Այսքան տարի անց մենք տեսնելու ենք բոլորովին այլ կերպար եւ ակնկալել, որ նա աւելի լաւ եւ աւելի համարձակ ու բանիմաց  կերպով է արտայայտելու իր դիրքորոշումները, ես խիստ կասկածում եմ՝ հաշւի առնելով պարտւողական ու զիջողական քաղաքականութիւնը, որ իրականացնում է եւ ամենօրեայ դոզաւորւած նահանջի եւ յանձնման դրւագները, որին մենք ականատես ենք լինում:

Վստահ եմ, որ այդ համաժողովին մասնակցելու համաձայնութիւնը պատահական չէ. վերջին շրջանում նրա եւ Ադրբեջանի նախագահի միջեւ հանդիպումները կազմակերպւում են որեւէ միջազգային միջոցառման շրջանակներում՝ լինի ռուսական, կամ արեւմտեան հովանու ներքոյ: Ենթադրում եմ, որ հերթական բանակցային դրւագն է նախապատրաստւում, որի ժամանակ կը համաձայնեցւեն թէ Մինսկի խմբից հրաժարւելու հարցերը, թէ այլ զիջումներից մենք տեղեկացւած կը լինենք»,-ասաց նա:

Ձիւնիկ Աղաջանեանը վստահութիւն յայտնեց, որ այդ հնարաւոր հանդիպման օրակարգում լինելու են նաեւ հարցեր, որոնց մասին նորամուծութիւն համարւող ֆէյսբուքեան տեղեկատւական գրեթէ պաշտօնական դարձած խողովակներով փոխանցում են իշխանութիւնների դիրքորոշումները. «Դրանց ստւար մասը պետութեան ու ժողովրդի համար կործանարար հետեւանքներով յղի են: Ես կարծում եմ, որ այս պարագայում կը քննարկւեն մի շարք այլ դրոյթներ եւս: Ես չեմ ակնկալում ադրբեջանական կողմից որեւէ ընդառաջ քայլ կամ որեւէ դրական մօտեցում՝ հաշւի առնելով նաեւ մերձաւորարեւելեան տարածաշրջանում վերջին զարգացումները եւ սիրիական ձեռքբերումների առումով Թուրքիայի էլ աւելի ամբարտաւան ու յանդուգն կեցւածքը, որն իր արտացոլումն է գտնում նաեւ Ադրբեջանի նախագահի պահւածքի վրայ: Ես վստահ եմ, որ Ալիեւը մենախօսութեամբ հանդէս կը գայ, այսինքն իր պահանջները կը դնի եւ կակնկալի հայկական կողմից դրանց բաւարարում»,- ասաց դեսպանը:

Related Articles

Back to top button