Բաղերի Քանի. «Բազմակողմանիութիւնը գլոբալ սպառնալիքներին եւ մարտահրաւէրներին դիմակայելու գլխաւոր միջոցն է»
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Ալի Բաղերի Քանին Նիւ Եօրքում մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի «Բազմակողմ համագործակցութիւն՝ աւելի կայուն, աւելի ժողովրդավարական եւ արդար աշխարհակարգի ուղղութեամբ» թեմայով նիստին:
Ելոյթ ունենալով ԱԽ նիստում, ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատարը շեշտել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան նոր կառավարութեան մօտեցումն ու արտաքին քաղաքականութիւնը միտւած է բազմակողմանիութեան ամրապնդմանը՝ հիմնւած ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ միջազգային իրաւունքի սկզբունքի վրայ:
Նա յայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ողջունում է բազմակողմանիութեան ամրապնդման եւ միջազգային իրաւունքի նկատմամբ յարգանքն ու ՄԱԿ-ի կանոնադրութեան նպատակների եւ սկզբունքների իրականացմանն ուղղւած ցանկացած նախաձեռնութեանը:
«Բազմակողմանիութիւնը գլոբալ սպառնալիքներին եւ մարտահրաւէրներին դիմակայելու գլխաւոր միջոցն է: Մենք հաւատում ենք, որ սա միակ ճանապարհն է ստեղծելու անվտանգ, արդար եւ ներառական միջավայր, որպէսզի բոլոր ազգերը կարողանան օգտւել կայուն աճից եւ խաղաղութիւնից»,- ասել է Բաղերի Քանին՝ յաւելելով. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս փաստել է իր հաւատարմութիւնը բազմակողմանիութեանը, դրա վառ օրինակը նրա կառուցողական մօտեցումն է Միջուկայն համապարփակ համաձայնագրի կնքմանը:
Միջուկային համապարփակ համաձայնագիրը որպէս յաջողւած բազմակողմ նախաձեռնութիւն, կարողացաւ լուծել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի առնչութեամբ արեւմտեան երկրների անյարգի խնդիրներից մէկը եւ մտացածին մտահոգութիւնը: Այն պէտք է վերացներ Իրանի ժողովրդին պարտադրւած դաժան պատժամիջոցները: Ցաւօք, այս բազմակողմանի գործընթացը լուրջ մարտահրաւէրի հանդիպեց Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի միակողմանի մօտեցմամբ: Համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը միջազգային ասպարէզում միակողմանիութեան դրսեւորումներից է, որը վնաս է հասցրել համաձայնագրի բոլոր կողմերին»:
Բաղերի Քանին նշելէ, որ տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետութեան հարեւանութեան քաղաքականութիւնը բազմակողմանութեան քաղաքականութեան վրայ ուշադրութիւն դարձնելու դրսեւորումներից մէկն է՝ ընդհանուր հարցերի եւ մտահոգութիւնների կարգաւորման համար.
«Այս համատեքստում Իրանը հետամուտ է տարածաշրջանային երկխօսութեանը եւ համագործակցութեանը՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ ռեսուրսները կարող են յատկացւել տարածաշրջանի առաջընթացի եւ զարգացման համար՝ ի շահ բոլորի: Իրականում, տարածաշրջանում հաւաքական անվտանգութեան եւ կայուն զարգացման համար գործընկերութեան եւ համագործակցութեան ամրապնդումը կը լինի Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնական սկզբունքը:
Արտատարածքային պատժամիջոցների տեսքով միակողմանի հարկադրման միջոցները ծայրայեղ անմարդկային միակողմանիութեան դրսեւորում են:
ԱՄՆ-ը եւ նրա արեւմտեան դաշնակիցները, ովքեր իրականացնում են այդ պատժամիջոցները, պէտք է պատասխանատւութիւն կրեն պատժամիջոցների ենթարկւած ազգերին պարտադրւած աւերածութեան, մահւան եւ անվերջ տառապանքների համար, ներառեալ՝ իմ ժողովուրդը»,- յստակեցրել է նա: