ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱՐԱՂՉԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉՏՐՒԵԼ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԵՐԵՔ ԵՐԿՐՆԵՐԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ

«ԱԼԻՔ» – ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստի նախօրէին, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին հեռախօսազրոյց է ունեցել Խորհրդի անդամ մի քանի երկրների ԱԳ նախարարների հետ, եւ նրանց կոչ է արել չտրւել եւրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հակաիրանական սադրանքներին:

Հեռախօսազրոյցների ընթացքում Արաղչին կարեւորել է Կառավարիչների խորհրդի առանցքային դերը ՄԱԳԱՏԷ-ի հեղինակութեան պաշտպանման, մասնագիտական համաբաւի եւ անկախ գործունէութեան ապահովման գործում: Այս համատեկստում, նա Խորհրդի ապագայ նիստը շատ կարեւոր է համարել:

Ներկայացնելով ՄԱԳԱՏԷ-ի հետ յարաբերութիւններում Իրանի Իսլամական Հանրապետութեան կառուցողական մօտեցումը, ԱԳ նախարարը հակաիրանական բանաձեւ առաջարկելու եւրոպական երկրների նախաձեռնութիւնը համարել է չարդարացւած քայլ, որը կարող է խաթարել ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական եւ մասնագիտական գործառոյթները:

Արաղչին դատապարտել է եւրոպական երեք երկրների ոչ կառուցողական եւ չարդարացւած գործողութիւններն Իրանի Իսլամական Հանրապետութեան խաղաղասիրական բնոյթի միջուկային ծրագրի նկատմամբ՝ յիշեցրել է Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ ձեռք բերւած փոխըմբռնումները Գործակալութեան գլխաւոր տնօրէնի՝ Թեհրան կատարած վերջին այցի ընթացքում. «Եւրոպական երեք երկրների՝ Իրանի դէմ բանաձեւ ընդունելու սադրիչ գործողութիւնները միայն կը թուլացնեն եւ կը խաթարեն Գործակալութեան եւ Իրանի միջեւ փոխըմբռնմանն ուղղւած գործընթացները»,- յստակեցրել է նա:

Related Articles

Back to top button