Իրանը ցոյց տւեց, որ կարող է հարւած հասցնել Իսրայէլին
Իսրայէլը ցանկանում է մօտեցնել մեծ պատերազմը, իսկ Իրանը ցանկանում է խուսափել դրանից
Ռուսաստանի միջազգային յարաբերութիւնների խորհրդի փորձագէտ Գէորգի Ասատրեանը Alpha News-ի հետ զրոյցում անդրադարձել է Իրանի հրթիռային յարձակմանն Իսրայէլի վրայ, Մերձաւոր Արեւելքում լայնածաւալ պատերազմի հաւանականութեանը եւ ինչպէս դա կարող է ազդել Հարաւային Կովկասի տարածաշրջանի վրայ։
«Եթէ գլոբալ խօսենք, գործ ունենք ներկայիս միջազգային համակարգի կործանման հետ։ Իսկ միջազգային յարաբերութիւնների իւրաքանչիւր դերակատար ձգտում է հասնել իր առջեւ դրւած նպատակներին։ Իրանը չէր կարող չպատասխանել Իսրայէլին։ Սա վերջին տարիներին Իսրայէլի դէմ ամենաուժեղ հարւածն էր։ Եւ դա աւելի լուրջ էր, քան առաջին հարւածը: Եթէ առաջին հարւածն աւելի տեղեկատւական նշանակութիւն ունէր, քանի որ դա առաջին անգամն էր, եւ ոչ ոք նման բան չէր սպասում, ապա երկրորդ հարւածը աւելի նշանակալից էր։
Իրանի կողմից որոշ թիրախներ խոցւել են՝ չնայած Իսրայէլի յայտարարութեանը։ Ընդհանուր առմամբ Իրանը ցոյց է տւել, որ կարող է հարւած հասցնել Իսրայէլին։ Միգուցէ հարւածը կարող է լինել ոչ աղէտալի, բայց կարող է բաւականին լուրջ խոցել։
Այստեղ կայ նաեւ հոգեբանական պատերազմի բաղադրիչը, որովհետեւ, այս ամբողջ իրավիճակի պատճառով Իսրայէլի ժողովուրդն ապրում է բաւականին ծանր իրավիճակում եւ շատ ժամանակ են անցկացնում բունկերներում։ Եւ այդ առումով, ըստ էութեան, Իրանը ելնում է նրանից, որ Իսրայէլին մշտական լարւածութեան մէջ կը պահի, ինչը նոյնպէս կարող է ազդեցութիւն ունենալ նրա հետ, որ Իսրայէլում նման քաղաքական համակարգ է, եւ ժողովրդի, Իսրայէլի բնակչութեան մեծամասնութեան կարծիքից նոյնպէս կախւած կը լինի, թէ ինչպէս կը զարգանայ արտաքին քաղաքական կուրսը»,- ասել է Ասատրեանը։
Իսրայէլը ցանկանում է մեծ պատերազմ, Իրանը խուսափում է դրանից
Փորձագէտի կարծիքով՝ Իսրայէլը ցանկանում է մօտեցնել մեծ պատերազմը տարածաշրջանում, իսկ Իրանը ցանկանում է խուսափել դրանից կամ առնւազն հետաձգել այն։
«Իրանը խուսափում է մեծ կոնֆլիկտից, դա երեւում է, զգացւում է։ Իսրայէլն իր հերթին իր հարցերը լուծում է ե՛ւ հիւսիսում, ե՛ւ հարաւում՝ փորձելով անվտանգութեան բուֆերներ ստեղծել եւ Իրանին զրկել իր պրոքսի ուժերից»,- նշել է Ասատրեանը։
Իսրայէլը փորձում է ազդել Լիբանանի քաղաքական համակարգի վրայ
Խօսելով Լիբանանում Իսրայէլի գործողութեան մասին՝ փորձագէտն ասել է, որ Իսրայելը փորձելու է ազդել Լիբանանի քաղաքական համակարգի վրայ եւ դրանով թուլացնել «Հըզբօլլահ»-ին։
«Ես կարծում եմ, որ նրանք բուֆերային գօտի կը կառուցեն Լիբանանի հարաւում եւ կը փորձեն ազդել Լիբանանի քաղաքական համակարգի վրայ, փոխել Լիբանանի քաղաքական համակարգը, որպէսզի այն դառնայ ոչ բարեկամական «Հըզբօլլահ»-ի նկատմամբ, որպէսզի Լիբանանի բնակչութեան մի ստւար զանգւած ստիպւած լինի կարծել, որ «Հըզբօլլահ»-ի նկատմամբ չէզոք կամ դրական վերաբերմունքը գին կունենայ Լիբանանի ժողովրդի տարբեր դաւանանքների, տարբեր կրօնական խմբերի համար»,- ընդգծել է Ասատրեանը:
Առանց ԱՄՆ-ի, Իսրայէլի համար դժւար կը լինի ապահովել իր անվտանգութիւնը
Փորձագէտի կարծիքով՝ առանց ԱՄՆ աջակցութեան Իսրայէլի համար աւելի դժւար կը լինի ապահովել իր անվտանգութիւնը։
«Հարկ է նշել, որ հասարակական կարծիքը, այդ թւում՝ ԱՄՆ-ում, Իսրայէլի եւ Իսրայէլի արտաքին քաղաքականութեան վերաբերեալ փոխւում է։ Եւ վաղ թէ ուշ, ԱՄՆ-ի ներսում կարող է լինել գլոբալ պարադիգմի ինչ-որ փոփոխութիւն: Առանց ԱՄՆ-ի աջակցութեան Իսրայէլի եւ Իսրայէլի ղեկավարութեան համար աւելի բարդ կը լինի, քանի որ նրանց շրջապատը շատ անբարեացակամ է, նոյնիսկ եթէ մենք չենք խօսում այն քաղաքական ռեժիմների մասին, որոնք ընդհանուր առմամբ աջակցում են Իսրայէլին կամ չէզոք դիրք են զբաղեցնում, այդ թւում նաեւ արաբական երկրները»,- ընդգծել է Ասատրեանը։
ԱՄՆ-ի քաղաքական ազդեցութիւնը թուլացել է
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դերին Մերձաւոր Արեւելքում եւ Վաշինգտոնի՝ Իսրայէլին հետ պահել Իրանի դէմ պատասխան հարւածից, որպէսզի խուսափի խոշոր էսկալացիայից, փորձագէտն ասել է.
«ԱՄՆ-ի քաղաքական ազդեցութիւնն իսկապէս թուլանում է: Իհարկէ, դա մեծ միջուկային տէրութիւն է, տեխնոլոգիական տէրութիւն, տնտեսական տէրութիւն, բայց ԱՄՆ-ի ներսում նման քաղաքական խառնաշփոթը, ընտրութիւնների շրջանը կասկածի տակ է դնում քաղաքական որոշումների կայացման համարժէքութիւնը։ Եւ այս կամ այն դաշնակիցները, որոնք ԱՄՆ-ն ունի աշխարհում, կարող են հարց տալ, թէ վաղն ով կը լինի այնտեղ, ընդհանրապէս ինչ է կատարւում։
Ուստի կարծում եմ, որ ԱՄՆ-ի միանշանակ ազդեցութիւնն Իսրայէլի վրայ չկայ։ Միւս կողմից, առանց ԱՄՆ-ի աջակցութեան, Իսրայէլն այս տարածաշրջանում չի կարող ապահովել իր լիակատար անվտանգութիւնը: Եւ ես կարծում եմ, որ Իսրայէլի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը դա շատ լաւ հասկանում է։ Այստեղ նրանք միայնակ չեն կարող դիմակայել իրենց սպառնացող սպառնալիքներին»։
Մերձաւոր Արեւելքի էսկալացիան կարող է ազդել Հարաւային Կովկասի վրայ
Խօսելով այն մասին, թէ ինչպէս կարող է Մերձաւոր Արեւելքում էսկալացիան ազդել հարաւկովկասեան տարածաշրջանի վրայ, փորձագէտն ասել է, որ Մերձաւոր Արեւելքում մեծ պատերազմը կարող է թոյլ տալ Հարաւային Կովկասի տարբեր ուժերին իրենց հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Իսկ առկայ սպառնալիքների ֆոնին նա քննադատական գնահատական է տւել Հայաստանի իշխանութիւնների արտաքին քաղաքականութեանը:
«Ինձ թւում է, որ մեծ պատերազմը, եթէ դա տեղի ունենայ, կարող է այսպէս թէ այնպէս թոյլ տալ Հարաւային Կովկասի տարբեր ուժերին իրենց մնացած բոլոր հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Իրանը տարածաշրջանում ունի իր շահերը, Իսրայէլն էլ ունի շահեր, որոնք կապւած են Իրանի դէմ իր ուժի ազդեցութեան կամ հնարաւոր նախագծերի հետ՝ օգտագործելով այլ երկրներ։ Հետեւաբար, տեսականօրէն, եթէ մեծ պատերազմ սկսւի, ապա տարբեր ուժեր կարող են այդ իրավիճակն օգտագործել իրենց շահերի համար եւ փորձել ուժային ճանապարհով լուծել իրենց հարցերը։
Հայաստանը վարում է տարօրինակ քաղաքականութիւն, որն, իմ կարծիքով, չեն հասկանում ոչ Արեւմուտքում, ոչ Արեւելքում, ոչ հարաւում, ոչ հիւսիսում։ Այդ պատճառով այստեղ մնում է միայն հետեւել, թէ ինչի կը հանգեցնի այդ ամէնը»,- եզրափակել է Գէորգի Ասատրեանը։