ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Ահմադիան. «Իրանը թոյլ չի տայ, որ թշնամիները որեւէ վնաս պատճառեն Հայաստանի հետ յարաբերութիւններին»

«ԱԼԻՔ» – Արդէն տեղեկացրել էինք, որ աշխատանքային այցով Թեհրանում գտնւող ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը հանդիպել է Ազգային անվտանգութեան գերագոյն խորհուրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:

Հանդիպման ընթացքում Ահմադիանն անդրադառնալով Իրան-Հայաստան յարաբերութիւններին ասել է, որ երկու երկրների «ռազմավարական յարաբերութիւնները» եւ բոլոր ոլորտներում սերտ համագործակցութիւնն օգուտ կը բերի տարածաշրջանային խաղաղութեանը եւ կայունութեանը։ Հաղորդում է «Թասնիմ» լրատւական գործակալութիւնը:

«Իրանը թոյլ չի տայ, որ թշնամիները որեւէ վնաս պատճառեն Հայաստանի հետ յարաբերութիւններին»,- յստակեցրել է նա:

Կարեւորելով բոլոր հարեւանների հետ սերտ կապեր պահպանելու Իրանի քաղաքականութիւնը՝ Ահմադիանը նշել է, որ կողմնակի մարդիկ շահագրգռւած չեն ողջ տարածաշրջանում հանգստութեամբ:

Նա ընդգծել է նաեւ Թեհրանի եւ Երեւանի համատեղ նախագծերն ամբողջութեամբ իրականացնելու անհրաժեշտութիւնը։

Իր հերթին Արմէն Գրիգորեանը բարձր է գնահատել Իրանի դերը Հայաստանին աջակցելու հարցում՝ ընդգծելով, որ Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնների ընդլայնումը կապւած չէ այլոց կամքի հետ։

Related Articles

Back to top button