Փաշինեանը հատել է բոլոր կարմիր գծերը. նրա օրերը հաշւած են

Երբ մենք կարծում էինք, որ Հայաստանում իրավիճակը չի կարող աւելի վատանալ, վարչապետ Նիկոլ Փաշինեանը հնարեց երկիրը կործանելու նոր եղանակներ։
Փաշինեանի տապալւող իշխանութեան օրօք մենք կորցրեցինք Արցախը, երբ 2020 թւականի պատերազմում զոհւեցին 4000 հայ զինւորներ եւ շատ աւելին վիրաւորւեցին։ Մնացած 130 հազար արցախահայերը 2023 թւականին ստիպւած եղան լքել իրենց հազարամեակների հայրենիքը։ Վարչապետը կոչ է անում հայերին մոռանալ իրենց փառահեղ անցեալը եւ հրաժարւել ապագայի երազանքներից։ Աւելին, նա այլեւս չի ուզում լսել Հայոց Ցեղասպանութեան, Արարատ լեռան կամ Արեւմտեան Հայաստանի մասին։
Ինչ-որ մէկն իր ֆէյսբուքեան էջում տեղադրել էր հետեւեալ մռայլ հաղորդագրութիւնը. Հայաստանի ոստիկանութիւնը Էջմիածնում է: Երկու ազդեցիկ հայ միլիարդատէրեր բանտարկւած են Բաքւում եւ Երեւանում: Երկու արքեպիսկոպոսներ ձերբակալւած եւ բանտարկւած են Հայաստանում: Նախագահը լուռ է: Ժողովուրդը կոմայի մէջ է: Թշնամին սրում է ատամները: Երկիրն անպաշտպան է: Սփիւռքը չկայ:
Միեւնոյն ժամանակ վարչապետը, Հայաստանի գոյութիւնն ապահովելու փոխարէն, զբաղւած է Գարեգին Բ կաթողիկոսի եւ այլ բարձրաստիճան հոգեւորականների մասին անպարկեշտ հաղորդագրութիւններ տարածելով։ Դատաւորները ենթարկւում են նրա քաղաքական հրամաններին, իսկ խորհրդարանական մեծամասնութիւնը կուրօրէն կատարում է նրա ցանկութիւնները։ Այլ կերպ ասած՝ մենք ունենք միանձնեայ կառավարում՝ բռնապետութիւն։
Հայ Առաքելական Եկեղեցու Հայաստանի եւ Սփիւռքի բոլոր թեմակալ առաջնորդները եւ եպիսկոպոսներն անցեալ ուրբաթ համատեղ յայտարարութիւն տարածեցին, որում ասւում էր․ «Խորապէս վրդովւած ենք Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանութիւնների եւ անձամբ վարչապետի հրահրած պախարակելի արշաւի առնչութեամբ, որն ուղեկցւում է հոգեւորականների հանդէպ ատելութեան ու թշնամանքի տարածմամբ եւ անձնական բնոյթի վիրաւորանքներով ու անարգալից արտայայտութիւններով»։ Եկեղեցու առաջնորդները դատապարտեցին «ուժային կառոյցների ներկայացուցիչների ներխուժումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ Տ. Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանին ձերբակալելու՝ եկեղեցականների եւ հաւատացեալների նկատմամբ բռնի գործողութիւններ իրականացնելու սպառնալիքով»։ Նրանք նաեւ քննադատեցին բարերար Սամուէլ Կարապետեանի եւ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանեանի բանտարկութիւնը՝ կոչ անելով անյապաղ ազատ արձակել նրանց։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանը հաղորդագրութիւն էր ուղարկել բոլոր առաջնորդներին եւ եպիսկոպոսներին՝ անյաջող փորձ անելով նրանց համոզելու յայտարարութիւն չանել կաթողիկոսին աջակցելու վերաբերեալ։
Ես կարծում եմ, որ վարչապետն այս անգամ չափն անցել է։ Քանի դեռ ուշ չէ, Հայաստանի ժողովուրդը պէտք է ոտքի կանգնի՝ նրա վարչակարգին վերջ դնելու համար։ Անցեալ շաբաթ, չնայած կառավարութեան կողմից ձեռնարկւած բռնաճնշումներին, հազարաւոր հայեր դուրս եկան երթով Երեւանի փողոցներ՝ բողոքելու գործարար Կարապետեանի ձերբակալութեան եւ բանտարկութեան դէմ, որը յայտնի է իր բազմաթիւ բարեգործական ծրագրերով։ Անգիտակցաբար, Փաշինեանը ստեղծել է մի նոր հաւանական հակառակորդ, որը կարող է առաջնորդել նրա վարչակարգի տապալման գործը։
Կարապետեանի միակ «մեղքն» այն էր, որ պաշտպանել է Կաթողիկոսին եւ Հայոց եկեղեցուն Փաշինեանի անհիմն յարձակումներից։ Հլու-հնազանդ դատաւորը դատապարտեց այդ անմեղ մարդուն նախնական երկամսեայ ազատազրկման։
Աւելին, Փաշինեանը հրամայեց անյապաղ բռնագրաւել Կարապետեանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութիւնը, որում նա ներդրել էր մի քանի հարիւր միլիոն դոլար: Ոստիկանութիւնը խուզարկեց Կարապետեանի երեւանեան գլխաւոր գրասենեակը, եւ նրա երկու առանցքային ղեկավարներ ձերբակալւեցին կեղծ պատրւակներով: Անցեալ ամիս նրա աւելի քան 40 կողմնակիցների մեքենաները բռնագրաւեցին եւ չվերադարձրեցին: Միեւնոյն ժամանակ, Կարապետեանը բանտից յայտարարութիւն տարածեց՝ «Նիկոլ Փաշինեանը եւ նրա կառավարութիւնը տեղ չունեն Հայաստանում եւ չպէտք է որեւէ կապ ունենան հայ ժողովրդի ապագայի հետ»:
Վարչապետի ապօրինի գործողութիւնները ծանր հետեւանքներ ունեն Հայաստանի համար: Փաշինեանի վրէժխնդրական որոշումը, հաւանաբար, կը յանգեցնի նրան, որ Կարապետեանը Հայաստանի Հանրապետութիւնը կը տանի միջազգային արբիտրաժ, հնարաւոր է՝ ստանալով աւելի քան մէկ միլիարդ դոլարի պատժիչ փոխհատուցում: Ցաւալի է, որ հայ հարկատուները, ի վերջոյ, կը վճարեն այս ահռելի գումարը:
Երբ Փաշինեանը հրամայեց բանտարկել Կարապետեանին, խորհրդարանում կառավարութեան կողմնակիցներն անմիջապէս օրէնք ընդունեցին, որի համաձայն ազգայնացւեց նրա էլեկտրաէներգետիկ ընկերութիւնը եւ խիստ վիրաւորական յայտարարութիւններ արեցին՝ իրենց ստրկատիրոջը հաճոյանալու համար: Մասնաւոր ընկերութեան բռնագրաւումը կը վնասի Հայաստանի հեղինակութեանը միջազգային ֆինանսական հաստատութիւնների առջեւ: Սա 34 տարի առաջ անկախութիւնից ի վեր ազգայնացւած առաջին ընկերութիւնն է եւ, հաւանաբար, կը յանգեցնի էլեկտրաէներգիայի մատակարարման կրկնակի անջատումների, քանի որ Հայաստանի կառավարութիւնը նման ձեռնարկութիւն ղեկավարելու փորձառութիւն չունի: Այս խափանումները միայն կը մեծացնեն հանրային դժգոհութիւնը:
Երբ միջազգային հանրութիւնը եւ հայկական սփիւռքը իմանան, որ Երեւանը ազգայնացնում է մասնաւոր բիզնեսները, օտարերկրեայ ներդրողները չեն ցանկանայ միջոցներ ներդնել Հայաստանում։
Իրավիճակն էլ աւելի վատթարացաւ այն բանից յետոյ, երբ վարչապետի կուսակցութեան երկու հանրայայտ անդամներ խորհրդարանական ելոյթներում զրպարտեցին Կարապետեանին։ Նա դատական հայցեր է ներկայացրել Արսէն Թորոսեանի եւ Հայկ Կոնջորեանի դէմ՝ պահանջելով, որ նրանք հետ վերցնեն իրենց զրպարտչական յայտարարութիւնները, հրապարակային ներողութիւն խնդրեն եւ իւրաքանչիւրը վճարի ինը միլիոն դրամ փոխհատուցում։ Թորոսեանը կեղծ մեղադրանք էր առաջադրել Կարապետեանին ռուսական ՊԱԿ-ի հրամանները կատարելու մէջ, մինչդեռ Կոնջորեանը պնդել էր, որ Կարապետեանը «տասնամեակներ շարունակ թալանել է հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետութիւնը»։
Երբ տարբեր երկրներից նշանաւոր հայեր համատեղ յայտարարութիւն տարածեցին՝ դատապարտելով Փաշինեանի վարչակարգին, Թորոսեանը յարձակւեց նրանց վրայ՝ մեղադրելով, որ նրանք չգիտեն, թէ ինչ է կատարւում Հայաստանում: Ես վստահեցնում եմ Թորոսեանին, որ Սփիւռքը խոր վշտով յետեւում է հայրենիքի ողբերգական դաւաճանութեանը: Սփիւռքահայերը չեն կուրացել Փաշինեանի քարոզչութիւնից: Թորոսեանը կիրառում է վարչակարգի սիրելի մարտավարութիւնը՝ Սփիւռքը հանելով ընդդէմ Հայաստանի, ներկայ ղեկավարներին՝ ընդդէմ նախկինների, իսկ արցախցիներին՝ ընդդէմ տեղացիների:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ