
«ԱԼԻՔ» – Փոխարտգործնախար Քազեմ Ղարիբադաին հեռուստատեսային հարցազրոյցի ժամանակ ընդգծել է, որ Իրանի իրաւունքները միջուկային եւ պատժամիջոցների վերացման հարցում յստակեցւած են բոլորի համար, եւ Իրանի համար հանդուրժելի չեն անօրինաբար ներկայացւող պահանջները: «Մենք բանակցութիւնների սեղան չենք նստել միամտութիւնից ելնելով, կամ միւս կողմի նկատմամբ վստահութիւնից դրդւած»,- ընդգծել է նա:
Ղարիբաբադին ընդգծել է. «Մենք վճռական ենք մեր սկզբունքները հետապնդելու հարցում։ Եթէ երկխօսութիւն է պէտք, մեր սկզբունքները պէտք է հաշւի առնւնեն սեղանին։ Իրանը որեւէ երկխօսութեան մէջ չի մտնելու թոյլի դիրքերից»։
Նախարարի տեղակալը յաւելել է. «Միացեալ Նահանգներն է հրադադարի խնդրանքով դիմել մեզ։ Եթէ մինչեւ այդ, որոշ կողմեր կարծում էին, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար, այժմ սիոնիստական ռեժիմն են համարում տարածաշրջանի հիմնական սպառնալիքը։ Սա եւս յաղթանակ է եւ նւաճում»։
Նա ընդգծել է. «Տարածաշրջանի երկրները եւ միջազգային բազմաթիւ կազմակերպութիւններ յայտարարութեամբ նշել են՝ սիոնիստական ռեժիմի դէմ Իրանին աջակցելու ցանկութեան մասին: Ի՞նչ են ցոյց տալիս արաբական եւ Իսլ. երկրների նման յայտարարութիւնները։ Անշուշտ, դրա մի մասը պայմանաւորւած է նրանց ռազմավարական ուղղութիւնների փոփոխութեամբ։ Իրանը ռեժիմին չի պատասխանել միայն իր միջուկային ծրագիրը պաշտպանելու համար, այլ վճռականօրէն պատասխանել է իր անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը պաշտպանելու համար»։
Բանակցութիւնները վերսկսելու ուղերձների վերաբերեալ նա նշել է. «Ուղերձներ ենք ստացել պատերազմի առաջին իսկ օրւանից: նրանք ցանկանում էին վերսկսել բանակցութիւնները: Պատերազմի ընթացքում ինչ իմաստ պիտի ունենայ բանակցութիւնը: Իրանի մարտավարութիւնն այն էր, որ քանի դեռ ագրեսիան շարունակւում է, բանակցութիւնների գնալն անիմաստ է: Դրա համար ուղերձներին արձագանք չի եղել: Չնայած դրանք շարունակում ենք ստանալ նաեւ այսօր»:
Նա յաւելել է. «Եթէ բանակցութիւնները երկու ամիս տեւած չլինէր, այս պատերազմը կարող էր աւելի շուտ տեղի ունենալ: Իսկ աշխարհի երկրներն այդ դէպքում ձեզ արդարացւած չէին համարելու: Մենք ընտրեցինք տրամաբանական ուղին, եւ խաբէութիւնն ու խաբւած լինելն այստեղ սխալ ձեւակերպում է»:
Ղարիբաբադին նաեւ Եւրոպական եռեակի կողմից ձգանման մեխանիզմը գործարկելու սպառնալիքի վերաբերեալ յայտարարել է. «Մենք պաշտօնապէս չենք տեղեկացւել այդ մասին: Եթէ նրանք գնան նման քայլի, ամբողջութեամբ կը հեռացւեն Իրանի հետ փոխգործակցութեան ասպարէզից»:
Նա յաւելել է. «Իսկ ո՞ր Բարջամի մասին են խօսում կամ վկայակոչում: ԱՄՆ-ն դուրս եկաւ համաձայնագրից. իսկ նրանք նոյնպէս չկատարեցին իրենց պարտաւորութիւնները»: