Հայաստան - ԱրցախՔաղաքական

7 ձերբակալւածներից 5-ն ազատ արձակւեցին հիմքերի բացակայութեան պատճառով

Ձերբակալւածների պահման վայրից յուլիսի 13-ին ազատ արձակւեցին յուլիսի 10-ին «ահաբեկչութեան նախապատրաստման» գործի շրջանակում ձերբակալւած 5 երիտասարդներ, այդ թւում՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինեանը, ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի անդամ Արսէն Մարտոյեանը, ՀՅԴ անդամ Տարօն Մանուկեանը։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արման Ղազարեանը նշեց. «Այս ամէնը իշխանութիւնների որդեգրած կեղծ քաղաքականութեան արդիւնքն է, իրենց այս անօրինականութիւնները, ձերբակալութիւնները, կալանաւորումները մեզ համար դարձել է ապրելակերպ։ Սա հերթական բռնաճնշումն էր, որով ուզում են մեզ լռեցնել»։

ՀՅԴ  Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ ձերբակալւածների թւում մի երիտասարդ կար, որը ո՛չ Դաշնակցութեան հետ կապ ունէր, ո՛չ Երիտասարդական միութեան, ո՛չ էլ նոյնիսկ բազմաչարչար սթրայքբոլ խաղի հետ։

«Առաջին օրը, երբ խուզարկում էին տունը, ինչ-որ անուններ էին որոշման մէջ, դէ բոլորին ճանաչում էինք։ Մի անուն կար, որը որեւէ մէկիս ծանօթ չէր։ Էս 3 օրը գլուխ էին կոտրում, թէ ով է։ Քանի որ ծառայամէտ քննիչներն առաջին իսկ օրն արգելեցին տեսակցութիւնները, նաեւ պատգամաւորական այցերը, շփում չունէինք։ Նոր հարազատները եկան, մտածում էինք, որ սթրքայբոլ խանութի տէրը կարող է լինել։ Հարազատներն ասում են՝ ի՞նչ խանութ, ի՞նչ բան, սանտեխնիկ է։ Տղան դուրս եկաւ, որեւէ մէկին չի ճանաչում։ Տնից մարդուն բռնել, բերել են, 3 օր պահել են ահաբեկչութեան կասկածանքով»,- նշեց Մանուկեանը։

Գեղամ Մանուկեանի որդին՝ Տարօն Մանուկեանն էլ ասաց, որ այդպէս էլ չի հասկացել, թէ ինչու է 3 օր անցկացրել անազատութեան մէջ։

«Ինչի կասկածանքով ինձ մեղադրում էին, ուղղակի աբսուրդի ժանրից է, որեւէ նման դրւագի հետ կապ չեմ ունեցել, չեմ էլ ունենայ երբեւէ»,- լրագրողի հետ զրոյցում նշեց Տարօնը։

Նրա կարծիքով՝ այս ամէնն արւում է պարզապէս մարդկանց լռեցնելու, վախի մթնոլորտ սերմանելու համար։ Շեշտեց՝ այս ամէնն անհետեւանք չի մնալու, եւ փաստաբանները բողոքարկելու են ապօրինի ձերբակալութիւնը։

Վահագն Մատինեանն էլ ընդգծեց, որ իր տանն իրականացւած խուզարկութեան արդիւնքում ապօրինի որեւէ բան չէր յայտնաբերւել։ Նրա կարծիքով՝ թերեւս իրենց ՁՎՊ-ում պահելու նպատակը ստուգողական գործողութիւններ իրականացնելն էր։

ՀՅԴ  Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան անդամ Քրիստինէ Վարդանեանն իր խօսքում նշեց՝ պարզապէս Փաշինեան-Ալիեւ հանդիպմանը զուգահեռ իշխանութիւններն ու իրաւապահ մարմինները որոշել էին հերթական շոուն անել։ Ըստ նրա՝ իրավիճակի աբսուրդը ցոյց է տալիս նաեւ այն հանգամանքը, որ 7 ձերբակալւածներից 5-ն ազատ են արձակւում, քանի որ նրանց մեղադրանք չի առաջադրւել հիմքերի բացակայութեան պատճառով։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Միանսեանն էլ խօսելով ՀՅԴ երիտասարդների դէմ շինծու մեղադրանքների մասին, ասաց. «Նիկոլահպատակ իրաւապահ համակարգը չի կարողանում հիմնաւորել այս ապօրինի ձերբակալութիւնները»:

Նշենք, որ կալանաւորւել է 2 անձ, որոնցից մէկը սթրայքբոլ խաղի սիրահար 18-ամեայ Անդրանիկ Չամիչեանն է, եւս 1 անձ կալանաւորւել է տանն ապօրինի նռնակ ունենալու համար, սակայն նրա գործն առանձնացւել է «ահաբեկչութեան նախապատրաստման» պատմութիւնից, նրան մեղադրանք է ներկայացւել ապօրինի զէնք, զինամթերք պահելու համար։

Arfd.am

Related Articles

Back to top button