Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայեացք ԱԺ-ից կամ ի՞նչ է խոստանում Էրդողան-Ալիեւի բիրտ գործիքի վերածւած ՀՀ իշխանութիւնը

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր

 

Անցնող շաբաթը նշանաւորւեց ԱԺ-ում տեղի ունեցած բուռն քննարկումներով. 2025 թ. բիւջէի քննարկման ժամանակ, ի թիւս իշխանութեան չափազանց վտանգաւոր ուղեգծի մատնանշման, ընդդիմադիր պատգամաւորների կողմից եղան նաեւ բազմաթիւ բացայայտումներ ու կարեւոր դիտարկումներ, որոնք ամբողջական են դարձնում անցնող եւ գալիք բիւջետային տարիներին առկայ գործընթացները:   

Այսպէս, պարզւեց՝ անցնող բիւջետային տարում (օրինակ բերւեց 2-րդ եռամսեակը) աշխատատեղերը ոչ թէ աւելացել, այլ կրճատւել են թէ՛ պետական, թէ՛ մասնաւոր հատւածում, բացասական է եղել նաեւ միգրացիոն սալդոն՝ աւելի շատ մարդ հեռացել է երկրից, քան եկել:

Փաստւեց, որ չնայած ՀՀ-ն իր աջակցութիւնն էր յայտնել ցեղասպան Ադրբեջանին, որ Բաքւում անցկացւի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովը (COP-29), այդուհանդերձ, ՀՀ իշխանութիւնների կողմից երկիրը շարունակական ստորացումների ու նւաստացումների ճանապարհով տանելը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանը շարունակում է գերիներին օգտագործել որպէս լծակ ՀՀ-ի դէմ: Այնինչ, նորմալ երկրում պէտք է դա տրամաբանօրէն հակառակը լինէր:  

Ընդհանուր առմամբ, ներկայացւած բիւջէն անւանւեց «պարտքով ու երազներով ապրելու բիւջէ», ձախող բիւջէ, իրականութեան աղճատում, չհիմնաւորւած խոստումներ, ձախողումների արձանագրում: Չափազանց դանդաղում է տնտեսական աճը՝ 2022-ին արձանագրւած 12.6, 2023-ին՝ 8.3 տոկոս տնտեսական աճի ընթացքը 2024 թ. արտացոլւելու է 5.8%-ով, իսկ 2025 թ. նախատեսւում է ապահովել 5.6%-անոց աճ, իսկ յաջորդ 2 տարում աճը կը կազմի 5.5%: Սա այն դէպքում, երբ Փաշինեանի իշխանութիւնը խոստանում էր առնւազն 7% տնտեսական աճ ապահովել, իսկ 2022-2024 թթ.՝ խոստացւել էր 9% աճ:

Կառավարութիւնը խաբել է ժողովրդին նաեւ բազմաթիւ գործարանների եւ նախագծերի ստեղծման մասին իր խոստումներով: Կտրուկ նւազել են օտարերկրեայ ուղղակի ներդրումները: Ֆիզիկական անձանց անունով կատարւած դրամական փոխանցումների բացասական սալդոն էլ  փաստում է, որ երկրից մեծ արագութեամբ դուրս է գալիս փողը: Պատճառը թէ՛ մոլեգնող կոռուպցիան, հովանաւորչութիւնն ու քաղաքական տեռորն է բիզնեսի վրայ, թէ՛ անվտանգութեան ոլորտի ռիսկերը. մարդիկ այլեւս յոյս չեն կապում ՀՀ ապագայի հետ: Երկրի անվտանգութեան համակարգը եւս կազմաքանդւած է այն աստիճան, որ օտարերկրեայ ներդրողները չեն կարող այլեւս ՀՀ սուվերեն տարածքում անգամ գործարան կառուցել:   

Այս ամենին զուգահեռ՝ ահագնացող չափերի է հասել պետական պարտքը, որը 2025 թ. նախատեսւում է կրկին աւելացնել մեծ չափով: Հասարակութիւնը պատրքերի մէջ է թաղւած ոչ միայն անուղղակի՝ պետական պարտքի իմաստով, այլեւ ուղղակի՝ աննախադէպ չափերի հասած սպառողական եւ այլ վարկերի շնորհիւ: Պատգամաւորները փաստել են՝  յատկապէս սպառողական վարկերի աննախադէպ աճը նշանակում է, որ հասարակութիւնն ուղղակի թաղւած է աղքատութեան մէջ:   

Ընդդիմադիր պատգամաւորները փաստեցին, որ Փաշինեանի իշխանութեան մնալու դէպքում 2025 թ. երկրից արտահանումները 37-40%-ով նւազելու են, եւ արհեստական շնչառութիւնները չեն օգնելու այլեւս:   

Աննախադէպ չափերի է հասնում երկրում խաղամոլութիւնը, թմրամոլութիւնը ու յանցագործութիւնների թիւը:   

Փաստւեց, որ կառավարութիւնը ոչ միայն չի կատարել իր ծրագրային խոստումները, այլեւ որոշ ուղղութիւններով շեղւել է դրանցից 180 աստիճանով: Խօսքը, մասնաւորապէս, Արցախի հիմնահարցի, Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, ռազմավարական գործընկերների հետ յարաբերութիւնների եւ այլնի մասին է: Խաթարւել են նաեւ յարաբերութիւնները Արեւմուտքի հետ. Նիկոլ Փաշինեանը ՀՀ միակ ղեկավարն է, ում ԱՄՆ ոչ մի նախագահ չի ընդունել:   

Կասկածելի են պաշտպանութեան ոլորտին ուղղւած ծախսերը, գիտութեան ոլորտը եւս անմխիթար վիճակում է. փակւում են գիտական հաստատութիւնները: Կրթական ոլորտը հասցւած է ճգնաժամի եզրին. այստեղ եւս ականատեսն ենք փակման եզրին կանգնած ԲՈՒՀ-երի, իսկ կառավարութեան առաջարկած միջոցառումները ոչնչի մասին են:   

Փաշինեանի իշխանութիւնն ուղղակի կազմաքանդել է նաեւ Սփիւռքի հետ կապերը. ստեղծւած անհասկանալի ու մակաբոյծ կառոյցը՝ Սփւիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակը, ուղղակի զրոյի է հասցրել Սփիւռքի ներուժի օտգագործումը երկրի զարգացման գործում:

Փաշինեանի իշխանութիւնը շարունակում է, այսպէս կոչւած, խաղաղութեան կեղծ օրակարգը մատուցել հասարակութեանը՝ առաջնորդւելով «մասը զիջենք, որ միւս մասը կարողանանք պահել», «զիջենք, որ Ադրբեջանի յարձակումը հետաձգենք» կործանարար թէզերով ու մտայնութեամբ: Արդիւնքում՝ թշնամին աւելի է ամրացնում իր դիրքերը եւ պատրաստւում է՛լ աւելի ցաւոտ խոցել, իսկ իշխանութիւնները է՛լ աւելի մոլեգին կերպով են կատարում թշնամու պահանջները՝ յարձակւելով արդէն պետութեան եւ պետականութեան յենասիւների՝ Անկախութեան հռչակագրի, խորհրդանիշների, ինչպէս նաեւ ազատաշունչ երգերի եւ այլնի վրայ:   

Ի դէպ, ամենեւին պատահական չէ, որ իշխող ՔՊ խմբակի ելոյթների առիւծի բաժինը հենց Հ. Յ. Դաշնակցութեան դէմ էր ուղղւած. սա եւս լիովին օրինաչափ է եւ տեղաւորւում է ՀՀ կազմաքանդման թուրք-ադրբեջանական պլանների մէջ: Ողբերգութիւնն այն է նաեւ, որ տրամաբանութեանն ու իրերին հակառակ գործող ՔՊ-ական վարժեցւած խմբակը փորձում է Հայաստանի Առաջին Հանրապետութիւնն ստեղծած, նորանկախ հանրապետութեան կայացման գործում արիւն ու քրտինք թափած եւ պետականութիւնը որպէս բացարձակ արժէք դիտարկող ուժին՝ Հ. Յ. Դաշնակցութեանը, ներկայացնել իբրեւ պետութեան համար վտանգ ներկայացնող կառոյց-գաղափարախօսութիւն: Կարճ ասած՝ Փաշինեանի իշխանութիւնը վերածւել է Էրդողան-Ալիեւ զոյգի բիրտ գործիքի, որով մաշկազերծ է արւում Հայաստանի Հանրապետութիւնը:   

Ինչպէս եւ սպասելի էր, ընդդիմադիր պատգամաւորների վերոնշեալ փաստարկւած ու յստակ ելոյթներին իշխանութեան ներկայացուցիչներն արձագանգեցին ոչ բովանդակային, չարչրկւած ու մաշւած, ծաղրավիրաւորական, մերկապարանոց եւ, որն ամենացաւալին է,   թուրքական հայեցակարգերի վրայ հիմնւած թէզերով ու որակումներով: 

Յաւելենք նաեւ, որ ընդդիմադիր պատգամաւորները շնորհակալ աշխատանք տարան իրենց ճակատում եւ արժանի են դրւատանքի:

Related Articles

Back to top button