Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արման Թաթոյեան. «Հայաստանում հաստատւած է կուսակցապետութիւն եւ անձիշխանութիւն»

«ԱԼԻՔ» – ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանն իր ֆէյսբուքեան գրառման մէջ անդրադարձել է ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի յուլիսի 7-ի գրառմանը, որում նա մասնաւորապէս նշել էր. «Առաւելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացւած համայնքի որեւէ տարածք (խօսքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասին է-ԽՄԲ.) չի կարող իրաւապահների գործունէութեան համար փակ լինել»:

«Իրականում, ՀՀ վարչապետի պաշտօն զբաղեցնող ՔՊ կուսակցութեան ղեկավարի հետ ամէն ինչ պարզ է. նա, յանուն իր իշխանութեան, դուրս է գալիս իր լիազօրութիւնների սահմաններից, ապօրինաբար միջամտում է կամ իւրացնում իրաւապահ մարմինների լիազօրութիւնները, որոնք բացառիկ են: Այսինքն` վերապահւած են միայն այդ մարմիններին, եւ վարչապետին արգելւած է այն, ինչ անում է:

Իրաւապահ մարմինները չպէտք է թոյլ տան, որ պետականութիւնը քայքայող գործողութիւններով ՔՊ կուսակցութիւնն իրենց վերածի իր շահերի պաշտպանութեան գործիքի:

Գործադիր իշխանութեան ղեկավարը իրաւապահ մարմիններին ուղղւած իր անթաքոյց քաղաքական հրահանգներով հեղինակազրկում է նրանց՝ նոյնիսկ հրապարակայնօրէն հրահանգ տալով` ինչ կարող են անել կամ ինչ չեն կարող անել: Դա արւում է կազմակերպւած. ՔՊ կուսակցութեան որոշ պատգամաւորներ անմիջապէս լծւում են այդ հրահանգի արդարացմանն ու տարածմանը: Քաղաքական իշխանութեան մոլուցքն այնքան մեծ է, որ անգամ չեն էլ մտածում, որ վարչապետի ստատուսները նրանցից իւրաքանչիւրի ապօրինութիւնները հաստատելու յաղթաթուղթ են։

Այսպէս են ոչնչացւում իրաւական պետութեան հիմքերը, չեն գործում զսպումներն ու հակակշիռները` ժողովրդավարական պետութեան մեխանիզմները: Ստացւում է` բոլորը, այդ թւում` Կառավարութիւնից անկախ մարմինները ծառայում են մէկ անձի եւ մէկ կուսակցութեան:

Մայր Աթոռում ինչ քննչական կամ հետապնդման գործողութիւն էլ որ իրականացւի, վարչապետի պաշտօն զբաղեցնող ՔՊ կուսակցութեան ղեկավարն իր անօրինական ուղղորդմամբ արդէն իսկ դրանց վրայ դնում է ապօրինութիւնների կնիքը։

Սրանք ապացոյցներ են, որ երկրում հաստատւած է կուսակցապետութիւն եւ անձիշխանութիւն»,- գրել է նա:

Related Articles

Back to top button