Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գառնիկ Դանիէլեանը Շւեդիայում բարձրաձայնել է Ադրբեջանում պահւող գերիների հարցը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիէլեանն անցեալ օրերին գտնւում էր Շւեդիայում՝ հանդիսանալով հայ-շւեդական բարեկամական խմբի անդամ: Հանդիպումների ժամանակ նա բարձրաձայնել է մեր երկրի համար կարեւոր օրակարգային հարցեր՝ միջազգային հանրութեան կողմից Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը համարժէք գնահատականներ տալու խիստ անհրաժեշտութեան, արցախահայութեան վերադարձի եւ այլ իրաւունքների վերականգնման հարցում միջազգային աջակցութեան կարեւորութեան մասին։ Նա ընդգծել է նաեւ Արցախում տեղի ունեցող մշակութային ժառանգութեան ոչնչացումը դատապարտելու եւ համապատասխան բանաձեւեր ընդունելու անհրաժեշտութիւնը։

Շւեդիա այցելութեան մասին Գառնիկ Դանիէլեանը գրել է.

2023 թւականին Շւեդիան աւելի քան 1 մլն. ԱՄՆ դոլար է յատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտէին՝ Արցախի բնակչութեան հումանիտար կարիքների համար։ Հաշւի առնելով Արցախից բռնի տեղահանւած մեր հայրենակիցների՝ օր օրի վատթարացող սոցիալական դրութիւնը, խնդրեցի չդադարեցնել այս տեսակ աջակցութիւնները։

Տարբեր կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել եմ Ադրբեջանում պահւող մեր գերիների՝ ապօրինաբար պահւող ռազմաքաղաքական եւ քաղաքացիական անձանց հարցը՝ ակնկալելով, որ գործուն քայլեր կը ձեռնարկւեն վերջիններիս ազատ արձակելու ուղղութեամբ։

Խօսել եմ նաեւ Շւեդիայի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու եւ դատապարտելու կարեւորութեան մասին։ Նշեմ, որ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ առայժմ ընդունել է միայն Ռիկսդագը (Շւեդիայի խորհրդարանը)։

Պատիւ եմ ունեցել նիստերից մէկը անձամբ վարելու՝ ներկայացնելով ՀՀ-ում պառլամենտական ընդդիմութեան համար ստեղծւող արհեստական խոչընդոտները, օրէնսդրական նախաձեռնութիւններ բերելու եւ ընդունելու դժւարութիւնները, Դոնթի բանաձեւի՝ համամասնական ընտրակարգի մանդատների բաշխման խախտման դէպքերը, մասնաւորապէս՝ ընդդիմութեանը ԱԺ մշտական յանձնաժողովների նախագահութիւնը չյանձնելու ապօրինի քաղաքականութիւնը։

Տեղեկանալով այցիս մասին՝ ինձ հետ հանդիպելու ցանկութիւն յայտնեցին շւեդահայերը, որոնք իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին ցանկացած հայանպաստ գործունէութեան մէջ ներգրաււելու հարցում։

Եւս մէկ անգամ ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել շւեդական կողմին՝ արժանացրած ջերմ ընդունելութեան եւ փորձի փոխանակման հնարաւորութեան համար»։

Arfd.am

Related Articles

Back to top button