Արմէն Ռուստամեան. «Երկիրն այս վիճակից հանելը առաջնահերթ խնդիր է»
«Երկրի հիւրասրահ»-ը հիւրընկալել էր ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանին:
Հարցազրոյցի ընթացքում անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծւած իրավիճակին, նշել ՀՀ գործող իշխանութիւնների վարած արտաքին քաղաքականութեան մէջ այն հիմնական սխալները, որոնք ի վերջոյ յանգեցրեցին Արցախի կորստեան:
Արմէն Ռուստամեանն ի մասնաւորի ընդգծել է Արցախի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով տասնեակ տարիներ տեւած բանակցութիւնների նշանակութիւնը: «Այդ բանակցութիւնները տեղի էին ունենում չնայած այն հանգամանքին, որ կողմերի` Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները խիստ տարբեր էին: Դա կայունութիւն ստեղծող հարթակ էր, հարցի խաղաղ կարգաւորման հնարաւորութիւն, որ դադարեց գոյութիւն ունենալ ՀՀ իշխանութիւնների անխոհեմ պահւածքի` քննարկումները Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակցութիւնների հարթակ տեղափոխելու որոշումով: Դրա արդիւնքում մենք կորցրեցինք բանակցային գործընթացում մեր բոլոր առաւելութիւնները»,- ասել է Արմէն Ռուստամեանը:
Նա խօսել է նաեւ Արցախի հետագայ ճակատագրի մասին` նշելով որ ոչ մի պարագայում չի կարելի Արցախը վերջնականապէս կորսւած համարել: «Այսօր դեռ կան հնարաւորութիւններ Արցախի հարցը բանակցութիւնների առարկայ դարձնելու համար: Այնտեղ տեղի է ունեցել ցեղասպանութիւն` էթնիկ զտումների, մարդու իրաւունքների ոտնահարման, շրջափակման ու մի ողջ ժողովրդի հումանիտար աղէտների հասցնելու տեսքով: Սրանք իրողութիւններ են, որոնք ճանաչւել են միջազգային մի շարք կառոյցների ու իրաւապաշտպան կազմակերպութիւնների կողմից: Մենք պէտք է աշխատանքներ տանենք, որ այդ կազմակերպութիւնների ճնշման արդիւնքում հասնենք Արցախի ժողովրդի վերադարձին իրենց հայրենի օջախներ, նրանց իրաւունքների լիակատար պաշտպանութեանն ու կորուստների փոխհատուցմանը»,- նշել է Արմէն Ռուստամեանը:
ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ մի շարք ներքաղաքական հարցերի:
«Arfd.am»