Արթուր Խաչատրեան. «Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կէտի չեղարկման ամենաօպտիմալ տարբերակը Նիկոլ Փաշինեանի հեռացումն է»
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կէտում յստակ գրւած է, որ ճանապարհի երթեւեկութեան անվտանգութիւնն ապահովելու են Ռուսաստանի դաշնային անվտանգութեան ծառայութեան սահմանապահ ծառայութեան աշխատակիցները. դրանով Նիկոլ Փաշինեանն ինքնիշխանութեան զիջում է կատարել երրորդ կողմին՝ ՌԴ-ին: Այս մասին «News.am»-ի հետ զրոյցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:
«Թէ հիմա ինչպէս են փորձելու չեղարկել, ես չգիտեմ: Այդ կէտի չեղարկման ամենաօպտիմալ տարբերակը Նիկոլ Փաշինեանի հեռացումն է»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ գուցէ Հայաստանը փորձում է վերաշարադրել այդ կէտը, Խաչատրեանն ասաց. «Ես չգիտեմ՝ ոնց կարելի է վերաշարադրել որովհետեւ այն ստորագրւել է: Այդ դէպքում պէտք է քաջութիւն ունենան եւ յետ կանչեն իրենց ստորագրութիւնը: Սիւնիքով ճանապարհի կամ միջանցքի ռիսկը շատ աւելի մեծ է: Բացի այն, որ պանթուրքական դարաւոր երազանքն է իրականացւում, նաեւ սրանով Ադրբեջանին կարող են հնարաւորութիւն տալ սադրանք՝ կազմակերպել ճանապարհի վրայ եւ յետոյ այդ ենթակառուցւածքների անվտանգութեան ապահովման պատրւակով օկուպացիոն զօրքեր մտցնեն Հայաստանի հարաւ»,- ասաց ընդդիմադիր պատգմաւորը՝ յաւելելով, որ Նիկոլ Փաշինեանը կամ պէտք է յետ քաշի իր ստորագրութիւնը, կամ պէտք է հեռանայ»:
Արթուր Խաչատրեանը պնդեց, որ Մեղրիով անցնող ճանապարհը թուրքերի ճնշման ներքոյ կառուցւող ճանապարհ է. «Որպէսզի Փաշինեանը կարողանայ այդ ճանապարհը ծախել ժողովրդի վրայ, ցոյց է տալիս, թէ դա Հայաստանի շահերից է բխում: Դա խայտառակ ռիսկային նախագիծ է, դա ադրբեջանական ինտերւենցիայի համար դուռ է բացում»: