Ռոբերտ Քոչարեան. «Իմ ժամանակ ոչ մի դպրոց չենք փակել, նոյնիսկ եթէ գիւղում լինի 1 երեխայ, գիւղը պէտք է ունենայ դպրոց»

«Աւելի շատ հիմա մենք խօսում ենք անվտանգութեան մասին, մեր ինքնութեան մասին, Եկեղեցու, Եկեղեցուն պաշտպանելու մասին, եւ իսկապէս սա մեր ինքնութիւնը պաշտպանելու պայքար է։ Սա այն է, ինչ երեւի միաւորում է եւ պէտք է միաւորի բոլոր հայերին, իմ համար կարեւոր է ընտանիքում աւանդական յարաբերութիւնները. սա է մեր թիմի թէզը»,-Ամասիայում իր ելոյթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը։
«Տպաւորութիւն է, թէ նախագահական ընտրրութիւններ են, ամէն ինչ անձի շուրջ է։ Մենք ուզում ենք մարդկանց ասել, որ վերջապէս սա խորհրդարանական ընտրութիւններ են։ Բայց որտե՞ղ են արմատները, արմատները նաեւ գալիս են մեր այս Սահմանադրութիւնից եւ սուպերվարչապետական համակարգից… Սուպերվարչապետութիւնը չարիք է դարձել մեր երկրում»,-ասաց Ռոբերտ Քոչարեանը՝ անդրադառնալով Ամասիայի տարածաշրջանի խնդիրներին եւ դրանց հնարաւոր լուծմանը։
«Այսօր Հայաստանում գիւղատնտեսութեան վիճակը գնալով վատանում է։ Ութ տարի անընդմէջ մենք անկում ենք արձանագրում գիւղատնտեսութեան ոլորտում, իսկ անասնաքանակը անգամներով է կրճատւել գրեթէ 40%-ից աւելի։ Եթէ մենք խօսում ենք անկախութեան մասին, ապա պարէնային անկախութիւնը եւս այդ անկախութեան կարեւորագոյն բաղադրիչներից մէկն է։ Եւ հետաքրքիր մի բան է ստացւում, անընդհատ խօսում են ինքնիշխանութեան մասին, բայց քանդում են այդ ինքնիշխանութեան հիմքերը, քանդում են անվտանգային համակարգը, քանդում են սննդային անվտանգութիւնը, քանդում են գրեթէ ամէն ինչ, եւ մենք այստեղ ենք ձեզ ասելու, որ մենք գալիս ենք այս ընթացքը ստոպ տալու եւ կառուցելու համար, եւ մենք կարող ենք դա անել»,-ասաց Ռոբերտ Քոչարեանը։
«Այն ինչ կատարւում է դպրոցների հետ, ընդհանրապէս կրթական համակարգի հետ խայտառակութիւն է, իմ ժամանակ մօտ 140-ից աւելի դպրոց ենք կառուցել, եւ ոչ մի դպրոց չենք փակել։ Հիմա Հայաստանով մէկ, մօտաւոր յարաբերակցութեամբ, երկու դպրոց եթէ կառուցում են, ուրեմն վեցը փակում են։ Եթէ մենք ուզում ենք ունենալ գիւղեր, գիւղում պէտք է լինի դպրոց։ Նոյնիսկ գիւղում լինի մէկ երեխայ, հինգ երեխայ, գիւղը պէտք է ունենայ դպրոց։ Մեր մօտեցումը սա էր։ Եւ իշխանութեան գալով անպայման այս ամէն ինչը շտկում ենք»։



