Վասիլի Կոլտաշովը՝ Ռուսաստանի եւ Իրանի յարաբերութիւնների մասին. «Այստեղ տարաձայնութիւնների պատճառ չկայ»
Ռուս քաղաքագէտ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի եթերում խօսել է Հարաւային Կովկասում հաղորդակցութիւնների ապաշրջափակման եւ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապւած հարցերի շուրջ:
«Եկէք նայենք տարածաշրջանում Մոսկւայի նպատակներին։ Դրանք այն են, որ պատերազմ չլինի։ Իր հերթին Իրանը չի ցանկանում, որ տարածաշրջանում տեղի ունենայ Թուրքիայի հզօրացում։ Թուրքիան ցոյց է տալիս, որ ինքը Ռուսաստանին դիտարկում է որպէս իր թշնամի։ Այսինքն՝ ցանկանում է, որ Ռուսաստանը փլուզւի, եւ Ղրիմն անցնի Ուկրաինայի, իսկ յետոյ՝ Թուրքիայի տնօրինութեանը։
Ի՞նչ կը լինի վերջում։ Արդիւնքում՝ չկայ ոչ «Զանգեզուրի միջանցք» Ադրբեջանի տրամադրութեան տակ, ոչ պատերազմ, ոչ հարցի վերջնական լուծում, քանի որ հարցի վերջնական լուծումը Ռուսաստանի եւ Իրանի համար ձեռնտու չէ։ Իսկ հարցի վերջնական լուծում ասելով պէտք է հասկանալ, որ ամբողջութեամբ փակւելու է Հայաստանի եւ Ադրբեջանի հակասութիւնների հարցը, եւ ամէն ինչ հանդարտւելու է, եւ Հայաստանն, օրինակ, հանգիստ մտնելու է ԵՄ եւ ՆԱՏՕ, քանի որ սահմանային բոլոր վէճերն արդէն վերացւած կը լինեն։ Արդեօք այս զարգացումը ձեռնտու է Ռուսաստանին։ Ոչ: Արդեօք դա ձեռնտու է Իրանին։ Ոչ:
Այսպիսով, մի կողմից զուսպ են Թուրքիան ու Ադրբեջանը, միւս կողմից՝ Հայաստանը։ Սա այն է, ինչ դուք պէտք է հասկանաք տեղի ունեցած իրադարձութիւններից։ Այստեղ տարաձայնութեան հիմք չկայ, յամենայնդէպս, վերջնական անհամաձայնութիւն Ռուսաստանի եւ Իրանի միջեւ։ Աւելի շուտ, կարելի է ասել, որ երկու երկրներն էլ ներկայ պայմաններում հասել են իրենց նպատակներին»,- կարծում է փորձագէտը։
Կոլտաշովի խօսքով՝ Իրանի համար կարեւոր է չկորցնել իր ազդեցութիւնը Հայաստանում, եւ այդ ուղղութեամբ ջանքեր է գործադրում։
«Իրանին պէտք է, որ Հայաստանում ամենաուժեղ հակառուսական քարոզչութեան պայմաններում Իրանի ազդեցութիւնը չխաթարւի։ Պատկերացրէք՝ Փաշինեանը հիմա կը սկսի Իրանին պախարակելու արշաւը, որ Իրանը հակաժողովրդավարական է, կանանց իրաւունքները չեն յարգւում, եւ այլն, եւ այլն։ Իմպերիալիստական, ռեակցիոն, վտանգաւոր հարեւան, որին պէտք է ատել, որովհետեւ Իրանը կարող է մեզ դաւաճանել եւ այլն։
Սկսւելու է սորոսական այս ամբողջ արշաւը, բոլոր այն ՀԿ-ները, որոնք սնւում են ամերիկացիներից, սկսելու են Իրանի դէմ արշաւ։ Այդ դէպքում ո՞վ է պաշտպանելու Հայաստանը։ Ռուսաստանին արդէն հայհոյել ու քշել են։ Դէ ո՞վ: Միայն Իրանը: Ուստի Իրանը կարծում է, որ այս իրավիճակում իրեն ձեռնտու է փորձել մեծացնել սեփական ազդեցութիւնը եւ միաժամանակ հաւասարակշռութեան մէջ պահել Հիւսիսային Իրանի տարածաշրջանը»,- եզրափակել է քաղաքագէտը։