Արթուր Խաչատրեան. «Եթէ Տաւուշի հատւածից զիջումներ արւեն, Հայաստանի ամբողջ հիւսիս-արեւելքը խոցելի է լինելու»
«Ինչպէս ադրբեջանական բոլոր պահանջների, այնպէս էլ այս պահանջի առջեւ Փաշինեանն ընկրկելու է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասել է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով Տաւուշի հատւածից զիջումներ անելու մասին Փաշինեանի մարտի 12-ի յայտարարութեանը։
«Դրանք ռազմավարական նշանակութեան տարածք են»,- ասում է Արթուր Խաչատրեանը՝ ընդգծելով, որ դրա հետեւանքով Հայաստանի ամբողջ հիւսիս-արեւելքը խոցելի է լինելու։
Ըստ Արթուր Խաչատրեանի՝ նախ 4 գիւղը կուզեն, յետոյ այլ գիւղեր, կասեն ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը սահմանազատւած չէ, ով ասաց, որ այս բարձունքը պատկանում է Հայաստանին։ «Նոյն պատճառաբանութիւնը կը բերեն, ինչը ներկայացրեցին Ջերմուկի հատւածում 150 քկմ. օկուպացնելու ժամանակ։ Ի՞նչ ասեց Ալիեւը, ասաց, եթէ սա ձեր տարածքն է, ապա սահմանը կահաւորւած կը լինէր, եթէ կահաւորւած չի ո՞վ ասեց, որ ձեր տարածքն է»,- յիշեցրել է Արթուր Խաչատրեանը։
«Տաւուշի այդ հատւածով անցնում է Վրաստան գնացող ճանապարհը, որը յայտնւելու է ադրբեջանական թիրախում։ Դա Ադրբեջանի համար բարձունք է, ճանապարհ է, ենթակառուցւածք է։ Բոլոր մխրճումները ռազմավարական նշանակութիւն ունեցող կէտերում են, բարձունքներն են, որոնք վերահսկում են ճանապարհները ու շատ հեշտ է Հայաստանի հարաւը հիւսիսից կտրելու համար»,- ասաց Արթուր Խաչատրեանը՝ յաւելելով, որ դա Սովետական Միութեան յանցաւոր քաղաքականութեան դրսեւորումներից է, երբ Երեւանից Թբիլիսի գնալու համար Ղազախի շրջանով էինք անցնում։
«Փաշինեանը միակ հայն է, որ բոլշեւիկների գծած սահմանը պատրաստ է մարմնով պաշտպանել»։
Yerkir.am