Ստանիսլաւ Տարասով. «Բրիտանական հետախուզութիւնը «մեծ խաղի» մէջ է մտնում Հայաստանում»
Երբ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցութեան սառեցման մասին եւ դա բացատրեց, իբր չեն կատարւել նրա պայմանները Երեւանի նկատմամբ, յատկապէս 2021-2022-ին, ապա Հայաստանի անվտանգութեան ծառայութեան գեներալի կոչումով նախկին բարձրաստիճան ղեկավարներից մէկը հեղինակիս ասաց.
«Հիմա սպասէք Հայաստանում Մեծ Բրիտանիայի քաղաքական բեմ դուրս գալուն»:
Նա ելնում էր ռուսական փորձագիտական շրջանակներում տարածւած վարկածից, որ հէնց «բրիտանական հետախուզութիւնն է իրականացրել Փաշինեանի իշխանութեան առաջխաղացման նախագիծը»։ Նրա խօսքով՝ այդ ծրագիրը բաղկացած էր մի քանի փուլից․ Հայաստանի բանակի նախապատրաստումն Ադրբեջանի հետ առաջիկայ պատերազմում պարտութեան, այդ ֆոնին Ռուսաստանի քաղաքական վարկաբեկում, ՀԱՊԿ-ից դուրս գալ եւ Գիւմրիում ռուսական ռազմակայանի վերացում, Եւրասիական տնտեսական միութեան ձեւաչափով Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական կապերի խզում։ Գեներալը նաեւ պնդում էր՝ Ադրբեջանն իրազեկւած է եղել Լոնդոնի «Փաշինեան» գործողութեան իրականացմանը, որի հետագայ մանրամասները կազմակերպւել են բրիտանական MI6 հետախուզական ծառայութեան ղեկավար Ռիչարդ Մուրի 2022 թ. վերջին Երեւան կատարած այցի ժամանակ՝ արդէն ղարաբաղեան երկրորդ պատերազմում պարտւած Հայաստան։ Վերջինս նախկինում Թուրքիայում դեսպան էր։ Այդ իսկ պատճառով ենթադրւում էր, որ նա կարող է միջնորդի դերում հանդէս գալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործում։ Բայց նոյնիսկ այդ դէպքում հայ հետախոյզի «դաւադրութեան վարկածը» դժւարութեամբ էր հաւատալի թւում, թէեւ Բաքւի համաձայնութիւնը Երեւանի հետ խաղաղութեան բանակցութիւնները՝ Մոսկւայից Բրիւսէլ կամ Վաշինգտոն տեղափոխելու վերաբերեալ, շատ հարցեր էին առաջացնում։ Առաւել եւս, որ առաջին պլան մղւեց Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցութիւնը Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ։ Սակայն հիմա իրավիճակը սկսում է կերպարանափոխւել։
Այստեղ բեմադրւած բնութագրով շատ սիւժէներ կան։ Միացեալ Թագաւորութեան պաշտպանութեան փոխնախարար Ջէյմս Հիպպին, պատգամաւոր Ռոբերտ Բաքլենդի հարցմանը գրաւոր պատասխանում, որը յայտնւել է անգլիական ԶԼՄ-ներում, յայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդիւնաբերութեան համար պոտենցիալ շահի մասին, եթէ Հայաստանը դուրս գայ ՀԱՊԿ-ից, եւ «Բրիտանիան պատրաստ է աջակցութիւն ցուցաբերել Ռուսաստանից բխող սպառնալիքների դէպքում»: Ինտրիգն այստեղ այն է, որ այժմ Հայաստանը յայտարարում է Ադրբեջանի կողմից սպառնալիքի մասին՝ կապւած՝ ինչպէս խաղաղութեան պայմանագրի ստորագրման ձախողման, այնպէս էլ՝ Հայաստանի հետ սահմանազատման եւ սահմանագծման բանակցութիւնների գործընթացի խափանումից յետոյ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջների ի յայտ գալու հետ։
Հիպպիի վարկածով, եթէ Ադրբեջանը որոշի եւս մէկ ուժային սցենարի դիմել, ապա «նրա թիկունքում կանգնած կը լինի ոչ թէ Թուրքիան, այլ Ռուսաստանը»: Այստեղ կան կարեւոր նրբերանգներ. եթէ Բաքուն պատերազմ սկսի Երեւանի դէմ, ապա այն նրա համար եւս յաջող կը լինի թէկուզ այն պատճառով, որ Հայաստանն արգելափակել է ՀԱՊԿ-ի միջամտութիւնը։ Դրանից յետոյ ուժի մէջ կը մտնի «անգլիական նաւերը չեն կարող բարձրանալ Տաւրոսի լեռները» դարաւոր բրիտանական ասացւածքը. փոխարէնը՝ կարող է գործել հետախուզութիւնը։
Այնուհետեւ Լոնդոնը Բաքւին եւ Երեւանին, առանց Մոսկւայի մասնակցութեան, դուրս կը բերի դէպի Թուրքիա ելք ունեցող «Զանգեզուրի միջանցք»-ի բացման խնդրի լուծմանը՝ կարծես աւարտելով Հայաստանը եւրոպական կառոյցներ ներքաշելու իր գործողութեան տարրերից մէկը։ Լոնդոնեան ԶԼՄ-ների տւեալներով՝ այս նախագծի իրականացման ուղղութեամբ այժմ ինտենսիւ աշխատում է Երեւանում բրիտանական դեսպանատունը: Նշւում է՝ արդէն պատրաստ է «Զանգեզուրի միջանցք»-ը Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեւական վերահսկողութեան տակ անցնելու նախագիծը, իսկ դէ ֆակտօ՝ բրիտանական հետախուզութեան MI6-ին: Ի դէպ, արդեօք այս հանգամանքով չե՞ն պայմանաւորւած Երեւանի յայտարարութիւնները՝ «Զւարթնոց» օդանաւակայանից եւ Մեղրիի հատւածից ռուս սահմանապահներին արտաքսելու անյետաձգելի անհրաժեշտութեան մասին: Ահա թէ ինչու Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները նշել են՝ «ուշադրութեամբ են վերաբերւում Հիպպիի խօսքերին», որոնք, իրենց կարծիքով, «հաստատում են արեւմտեան երկրների ձգտումը՝ Հայաստանն օգտագործել յետխորհրդային տարածքում, մասնաւորապէս, Հարաւային Կովկասում իրենց շահերն առաջ մղելու համար»: Եւ ոչ միայն դա: Մոսկւան նաեւ կարծում է, որ լայն համատեքստում «Արեւմուտքը մտադիր է Հայաստանը դարձնել իր գործիքը Մոսկւայի հետ հակամարտութեան մէջ»՝ «գլոբալ Բրիտանիայի» ֆոնին՝ ի դէմս վերածնւող Բարձր Դռան»։
Այս ամէնն Անդրկովկասում սկսւող «մեծ խաղի» տարրերն են՝ Լոնդոնի մասնակցութեամբ։ Բրիտանացիներն արդէն եղել են այս տարածաշրջանում օկուպացիոն զօրքերի կարգավիճակով 1918-1919-ականների սկզբին։ 1921 թ. մարտի 16-ին Անգլիայի գանձապետարանի կանցլեր Ռոբերտ Հորնը եւ ՌՍՖՍՀ արտաքին առեւտրի կոմիսար Լէոնիդ Կրասինը ստորագրեցին առեւտրային համաձայնագիր։ Այս դիւանագիտական փաստաթուղթը սովորական առեւտրային փաստաթուղթ չէ՝ երկու երկրների միջեւ առեւտրային գործառնութիւնները կարգաւորելու պարզ նպատակով: Դա քաղաքական-առեւտրային բնոյթի համաձայնագիր էր, որն Անդրկովկասում «սանձազերծում էր Վլադիմիր Լենինի կառավարութեան ձեռքերը»։ Հետաքրքիր է՝ ինչ կը լինի այս անգամ, եթէ Լոնդոնում իշխանութեան գայ լէյբորիստական կառավարութիւնը։
iarex.ru