«ԱԼԻՔ» – Թեհրանի՝ հոկտեմբերի 4-ի ուրբաթօրեայ աղօթքը տեղի ունեցաւ Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի առաջնորդութեամբ:
Իր ելոյթում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը հանգամանօրէն անդրադարձել է տարածաշրջանի վերջին իրադարձութիւններին, Լիբանանում եւ Պաղեստինում տիրող իրավիճակին եւ Սիոնիստական ռեժիմի դէմ Իրանի ԶՈՒ-ի իրականացրած պատժիչ գործողութեանը:
«Իսլամի պաշտպանական կանոնների, Իսլամական Հանրապետութեան սահմանադրութեան եւ միջազգային օրէնքների համաձայն, Իրանի զինւած ուժերի փայլուն գործողութիւնը սիոնիստական արնախում ռեժիմին պատժելու հարցում միանգամայն օրինական էր եւ իրաւաչափ: Իսլամական Հանրապետութիւնն այս ոլորտում, անհրաժեշտութեան դէպքում, իր պարտականութիւնը կը կատարի առանց յապաղելու կամ շտապելու՝ հաստատակամութեամբ եւ վճռականութեամբ»,- ասել է այաթ. Խամենէինի` յստակեցնելով, որ ցանկացած հարւած սիոնիստական բռնազաւթիչներին՝ ծառայութիւն է ոչ միայն տարածաշրջանին, այլեւ՝ ողջ մարդկութեանը:
Խօսելով լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման նահատակ առաջնորդի՝ Սէյէդ Հասան Նասրօլլահի մասին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նրան բնութագրել է որպէս իսլամական աշխարհի հպարտութեան աղբիւր, սիրելի դէմք եւ տարածաշրջանի ժողովրդների խօսուն լեզուն՝ նշելով, որ նրա ազդեցութիւնը նահատակութիւնից յետոյ աւելի կը մեծանայ, եւ տարածաշրջանի ժողովրդներն ու Աստծոյ ճանապարհին պայքարողները հետեւելով նրա նահատակութեան պատգամին, աւելի վճռակամօրէն կը մարտնչեն սիոնիստական թշնամու վերջնական պարտութեան եւ ոչնչացման համար:
Նշելով, որ իսլամական աշխարհը հիմնականում տուժել է եւ տուժում է ամբողջատիրական եւ ծաւալապաշտ ուժերի պառակտիչ քաղաքականութեան արդիւնքում, այաթ. Խամենէին իսլամական աշխարհին սթափւելու եւ համախմբւելու կոչ է արել. «Իրանի ժողովրդի թշնամին նոյնն է, ինչ Պաղեստինի, Լիբանանի, Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի, Եմէնի եւ այլ իսլամական երկրների թշնամին: Բոլոր ագրեսիւ եւ պառակտիչ հրամանները տրւում են նոյն կենտրոնից, միակ տարբերութիւնը՝ կիրառւող տարբեր մեթոդներն են:
Իւրաքանչիւր ժողովուրդ, որը ցանկանում է խուսափել թշնամու կաթւածահար անող շրջափակումից, պէտք է զգօն լինի, եւ երբ թշնամին փորձեց հարւածել մի ժողովրդի, շտապի օգնել այդ ժողովրդին, այալպէս հերթը կը հասնի նրան»:
Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կոչ է արել ամրացնել թշնամու դէմ պաշտպանական գօտին՝ Աֆղանստանից մինչ Եմէն, Իրանից մինչ Գազա եւ Լիբանան՝ բոլոր իսլամական երկրներում՝ ահազնգելով, որ ԱՄՆ-ն Սիոնիստական ռեժիմին օգտագործում է տիրանալու համար տարածաշրջանի բոլոր ռեսուրսներին. «ԱՄՆ-ի ու նրա յանցակիցների կողմից բռնազաւթիչ ռեժիմին ցուցաբերւող աջակցութիւնն ընդամէնը շղարշ է՝ քողարկելու իրենց իրական քաղաքականութիւնը՝ միտւած այդ ռեժիմն իրենց գործիքին վերածելուն՝ զաւթելու համար տարածաշրջանի բոլոր ռեսուրսները, իսկ յետոյ ագրեսորին օգտագործելու համար համաշխարհային՝ գլոբալ հակամարտութիւններում»:
Անդրադառնալով 2023 թւականի հոկտեմբերի 7-ին պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման իրագործած «Ալաքսայի փոթորիկ» գործողութեանը, այաթ. Խամենէինի նշել է, որ այդ գործողութիւնն օրինական քայլ էր, եւ որ պաղեստինցիներն իրաւացի էին. «Սահմանադրութեան, ինչպէս նաեւ միջազգային օրէնքների եւ իրաւունքի համաձայն՝ ազգերի, այդ թւում նաեւ պաղեստինցիների պաշտպանութիւնը բռնազաւթիչներից միանգամայն օրինական եւ օրինաչափ է եւ ունի ամուր տրամաբանութիւն: Ոչ ոք, ոչ մի կենտրոն կամ միջազգային կազմակերպութիւն իրաւունք չունի բողոքելու նրանց դէմ»:
Իր ելոյթի երկրորդ բաժինն Իսլ. յեղափոխութեան առաջնորդն արտասանել է արաբերէն լեզւով՝ այն ուղղելով յատկապէս Լիբանանի եւ Պաղեստինի ժողովուրդներին:
Այաթ. Խամենէին մտացածին եւ անիրականանալի ցնորք է անւանել բռնազաւթիչ ռեժիմի չարբաստիկ գոյութիւնը երաշխաւորելու սիոնիստա-ամերիկեան ցանկութիւնը՝ նշելով. «Այս արհեստածին ռեժիմը չարւորակ ուռուցք է, որն ինչպէս Ղուրանն է բնութագրում արմատազուրկ է եւ անկայուն, որն ամերիկեան օգնութիւնների շնորհիւ հազիւ է իրեն ջրի երեսը պահում եւ սա էլ Աստծոյ օգնութեան շնորհիւ երկար չի տեւելու»:
Նշենք, որ երէկւայ ուրբաթօրեայ աղօթքին մասնակցում էին հարիւ հազարաւոր հաւատացեալներ: Ներկայ էր երկրի ռազմաքաղաքական ողջ ղեկավարութիւնը:
Այն ուժի եւ միասնականութեան բացառիկ ցուցադրում էր, որն առ ոչինչ դարձրեց սիոնիստական եւ արեւմտեան ու հակաիրանական պարսկալեզու լրատւամիջոցների վերջին օրերի քարոզչական բոլոր սադրանքներն ու կեղծիքները: