«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Հինգշաբթի՝ հոկտեմբերի 3-ին, «Արարատ» ֆուտբոլի թիմի տղաներն այցելեցին լեգենդար մարզիչ, Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի տարիների աւագ Հասան Հաբիբիին:
Այցը տեղի ունեցաւ «ԱԼԻՔ» օրաթերթի առաջարկով եւ Իրանի ազգային հաւաքականի վետերան ֆուտբոլիստ Մայիս Մինասեանի նախաձեռնութեամբ:
Այցի ընթացքում Հասան Հաբիբին բոլորին տեղը տեղին յիշելով, երբ հանդիպեց թերթիս լուսանկարչին նշեց, որ ճիշտ է յիշղողութեան հետ խնդիրներ ունեմ երբեմն, բայց հաստատ քեզ չեմ ճանաչում: «Դա խօսում է ձեր ճկուն յիշողութեան մասին, քանի որ սա մեր առաջին հանդիպումն է»,- նշեց թղթակիցը նկատելով մարզիչի դէմքին դաջւող ժպիտը:
Հասան Հաբիբիի խոնաւացող աչքերից կարելի էր որսալ նրա ապրումները, որը նրա այտն էր համբուրում: Հին աշակերտների հետ՝ հարազատ ընտանիքի կողքին յայտնւելու բուռն զգացումների մասին էր խօսում դէմքից չհեռացող ժպիտը:
Հաճելի հանդիպմանը, ներկայ էին հին ընկերները՝ Յովիկ Հաթամզադէն, Մայիս Մինասեանը, Սամսոն Պետրոսեանը, Էդմոնդ Բեզիկը, Մասիսի Յակոբեանը, Սէրժիկ Իւսէֆին եւ թիմի յանձնախմբի նախկին անդամ հանգուցեալ Միսակ Շահնազարեանի որդին՝ «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:
Իրանական ֆուտբոլի կենդանի լեգենդը՝ Հասան Հաբիբին աշնանային այդ երեկոյի սկզբում, իր ուրախութիւնը յայտնեց անւանի հայ ֆուտբոլիստներին իր յարկի ներքոյ հիւրընկալելու եւ նրանց կրկին հանդիպելու համար: Նա բոլորին անուն առ անուն յիշելով թւարկում էր նաեւ իւրաքանչիւրի հետ ունեցած յուշերը:
Հաբիբիի տան անկիւնում՝ բուխարիկի վրայ աչքի էր ընկնում նրա ու Պէլէի համատեղ լուսանկարը, որի կողքին էր դրւած «Արարատ» ֆուտբոլի թիմի հաւաքական լուսանկարը:
Պրն. Հաթամզադէն տղաների անունից շնորհակալութիւն յայտնեց լեգենդար մարզիչին ջերմ ընդունելութեան համար եւ յիշեցնելով Հ.Մ.Ա.Կ-ի 78-ամեակին գնդապետի պատւին մարզաւանում իրականացւած միջոցառման մասին յոյս յայտնեց՝ թիմի նախկին տղաների մասնակցութեամբ՝ շարունակւեն նման հանդիպումները՝ այս անգամ «Արարատ»-ի յարկի ներքոյ:
Յովիկ Հաթամզադէի մասին տղաները կատակով յիշեցրին, որ «Արարատ»-ի միակ պաշտպանն է եղել, ով մեր թիմի դարպասին գոլ չի խփել:
Հասան Հաբիբիի եւ հանդիպման մասին մեր ընդարձակ ռեպորտաժին կարող էք ծանօթանալ թերթիս առաջիկայ համարներից մէկում: