ԹեհրանՀամայնքՀարցազրոյցՄարզական

Իրանի 56-րդ Համահայկական խաղերի ուղիով

Թւականիս սեպտեմբերի 10-ին Թեհրանում նախաձեռնութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան, «Արարատ» մարզաւանում բացումն է կատարւելու Իրանի 56-րդ Համահայկական խաղերի:

Այդ առիթով հարցազրոյց ենք ունեցել Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան վարչութեան նախագահ Արբի Սարգսեանի հետ:

Անդրադառնալով 56-րդ շրջանի Իրանի Համահայկական խաղերին Արբի Սարգսեանը նշեց, որ խաղերի բացումը կատարւելու է չորեքշաբթի, սեպտեմբերի 10-ին երեկոյեան ժամը 19:30-ին «Արարատ» մարզաւանում:

Մասնակից խմբերի մասին նա նշեց. «Այս տարի խաղերին մասնակցում են Թեհրանից՝ Հ. Մ. «Սիփան» միութիւնը, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը, Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը, Հայկական Բարեգործական ընդհանուր միութիւնը, Հայ Համալսարանականների ընդհանուր միութիւնը, Թեհրանի «Փերիոյ» կրթասիրաց միութիւնը եւ «Րաֆֆի» մարզամշակութային համալիրը, իսկ հայահոծ քաղաքներից՝ Նոր Ջուղայից, Թաւրիզից, Ուրմիայից, Գեարդաբադից, Շիրազից եւ Արաքից: Այս տարւայ մարզաձեւերն են՝ ֆուտբոլ, որը մի քանի տարի է ինչ 7-հոգանոց ձեւաչափով է կատարւում, բասկետբոլ, ժայռամագլցում, թեթեւ ատլետ, թենիս, սեղանի թենիս եւ շախմատ:

Նա նշեց, որ խաղերի բացւմը կատարւելու է սեպտեմբերի 10-ին եւ խաղերը շարունակւելու են մինչեւ սեպտեմբերի 18-ը, եւ ընդգծեց. «Ելնելով Իրանի դէմ սիոնիստական վարչակարգի կողմից պարտադրեալ 12-օրեայ պատերազմին եւ «Արարատ» մարզաւանի կրած վնասին, որի հետեւանքով մասամբ դադարել էր աշխատանքները, ուստի հնարաւոր չեղաւ յանձնախումբ կեանքի կոչել եւ այդ իսկ պատճառով կազմակերպութեան Մարզական միութեան վարչութիւնը անձամբ յանձն առաւ խաղերի կազմակերպման գործընթացը: Աշխատանքները իրականացնելու համար եւ հրաւիրել են միութենականներ, որպէս խաղերի, մարզական խմբերի եւ բանակավայրի պատասխանատուներ եւ դիմել ենք մի շարք աշխատանքների համար նաեւ միութենականների օգնութեանը»:

Արբի Սարգսեանը նշեց. «Աշխատանք է տարւում որ Հայաստանից բասկետբոլի երիտասարդական տղայոց երկու խմբեր հրաւիրել՝ Միրակ եւ Շենգաւիթ խմբերը, որպէսզի առաւել աշխուժութիւն պարգեւի խաղերին»:

Անդրադառնալով ջահակիրին նա նշեց. «Իրանի 56-րդ Համահայկական խաղերի ջահակիրն է՝ Հ.Մ.Ա.Կ.-ի վետերան բասկետբոլիստ եւ Իրանի բասկետբոլի հաւաքականի նախկին անդամ Նորիկ Մկրտչեանը»: Նա վերջում խօսքը ուղղելով մարզիկներին, նրանց մաղթեց յաջողութիւն եւ ընդգծեց, որ խաղերի հիմնական նպատակներից է՝ փոխանցել ընկերասիրութիւն, ազգասիրութիւն եւ հաւաքական աշխատանքի կարողականութիւն»:

Հարցազրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button