Հայ Դատի տարածաշրջանային գրասենեակների արձագանքը ԵԱՀԿ Մինսկի գործընթացի լուծարման կապակցութեամբ

Հայ Դատի Վաշինգտոնի, Բրիւսէլի, Մոսկւայի, եւ Ֆրանսիայի գրասենեակները խստօրէն դատապարտելով Հայաստանի հանդէպ ուժի եւ սպառնալիքի կիրառման քաղաքականութեան պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փաստը, միաժամանակ հանդէս են գալիս արցախահայութեան հիմնարար իրաւունքների պատշտպանութեան նպատակով միջազգային իրաւասու մարմնի ստեղծման օգտին։
Հայ Դատի գրասենեակները համոզում են յայտնել, որ նման քայլով միջազգային հանրութիւնն ըստ էութեան լեգիտիմացնում է ուժի կիրառման միջոցով հակամարտութիւնները «լուծելու» եւ էթնիկ զտումների քաղաքականութիւնը։ Ըստ յանձնախմբերի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրական խաղաղութիւնը պէտք է հիմնւած լինի ոչ թէ Հայաստանի կողմից ադրբեջանականան պահանջների կատարման եւ դրանց միջազգայնօրէն ընդունման, այլ առաջնային հետեւեալ հանգամանքների վրայ.
- Ադրբեջանում պահւող հայ գերիների անյապաղ ազատ արձակում
- Հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն
- Հայաստանի անվտանգութիւնն ու ինքնիշխանութեան նկատմամբ ամբողջական յարգանք եւ օկուպացիոն զինւած ուժերի դուրսբերում ՀՀ ինքնիշխան տարածքից
- Արցախից բռնի տեղահանւած հայերի վերադարձի իրաւունքի իրացում՝ համաձայն Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի որոշման
Ներկայումս Հայ Դատի համաշխարհային ցանցը աշխատանքներ է իրականացնում Ղարաբաղեան հակամարտութեան միջազգայնացման ուղղութեամբ՝ վերջնական նպատակ ունենալով Ղարաբաղեան հակամարտութեան խորացած հետեւանքների յաղթահարմամբ զբաղւող միջազգային նոր հարթակի առաջացմանը նպաստելը, ինչի նախադէպը կարող է լինել, օրինակ, «Լեռնային Ղարաբաղի խաղաղութեան շւէյցարական նախաձեռնութիւնը»։
Մասնաւորապէս, Հայ Դատի յիշեալ յանձնախմբերը նկատել են.
Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակ
Մինսկի խմբի լուծարումը խաղաղութեան քայլ չէ, այլ Ադրբեջանի պարտադրած պայման՝ առաջ մղելու անհաւասար գործարք, որը ձեռք է բերւել ճնշմամբ եւ ուժի կիրառմամբ։ Այս վտանգաւոր նախադէպը պարգեւատրում է Արցախում Բաքւի իրականացրած ցեղասպանական էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ապօրինի բանտարկութեան ու խոշտանգումների, ինչպէս նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայի համար՝ խարխլելով միջազգային իրաւունքի ու դիւանագիտութեան սկզբունքները, որոնց մարմնաւորումը ժամանակին ԵԱՀԿ Մինսկի գործընթացն էր։
Հայ Դատի Եւրոպայի գրասենեակ
Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ԵԱՀԿ-ին եւ դրա անդամ պետութիւններին կոչ է անում հաւատարիմ մնալ իր հիմնական սկզբունքներին՝ դիւանագիտութեանն ու արդարութեանը։ Մենք յիշեցնում ենք կառոյցին եւրոպական առանցքային մարմինների՝ օրինակ՝ Եւրոպական խորհրդարանի, ինչպէս նաեւ Բելգիայի եւ Շւէյցարիայի նման երկրների յանձնառութիւնների մասին, որոնք ձեռնարկել են կոնկրետ քայլեր՝ պահանջելու եւ պաշտպանելու Արցախի հայ բնակչութեան վերադարձի իրաւունքը՝ միջազգային անվտանգութեան երաշխիքների ներքոյ, հայ պատանդների ազատումը եւ Ադրբեջանի բանակի դուրսբերումը Հայաստանի տարածքից։ Այս հարցերը մնում են չլուծւած՝ իրականութիւն, որը հասկանում են բազմաթիւ եւրոպական ղեկավարներ։
Հայ Դատի Ֆրանսիայի յանձնախումբ
Ֆրանսիան, որպէս Մինսկի խմբի համանախագահ, կրում է առանձնայատուկ պատասխանատւութիւն։ Փարիզն այժմ պէտք է ձեռնարկի կոնկրետ քայլեր՝ պաշտպանելու այն միջազգային իրաւունքի սկզբունքները, որոնց երկար ժամանակ աջակցել է։ Մենք կոչ ենք անում Ֆրանսիային եւ ԵԱՀԿ-ին շարունակել ներգրաււածութիւնը՝ պաշտպանելու տեղահանւած հայերի իրաւունքները, ապահովելու գերիների ազատ արձակումը եւ մշակութային ժառանգութեան պահպանութիւնը։ «Թշնամանքի էջը փակելը», ինչպէս յայտարարւել է 2025 թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնի հռչակագրում, չի կարող իրականացւել պարտադրւած լռութեամբ։ Դրա համար անհրաժեշտ է ճշմարտութիւն եւ արդարութիւն։
Հայ Դատի Մոսկւայի գրասենեակ
Առանց միջազգային միջնորդական ձեւաչափի եւ անվտանգութեան գործուն երաշխիքների հնարաւոր չէ հասնել Արցախեան հակամարտութեան կայուն կարգաւորման։ Այդ ձեւաչափի անգործութիւնն էր, որ պատերազմից յետոյ առիթ տւեց Ադրբեջանին բնաջնջման սպառնալիքի տակ հայրենազրկել Արցախի բնիկ ժողովրդին։ Այդ ձեւաչափի վերացումը կը խրախուսի Ադրբեջանին շարունակելու իր ցեղասպանական քաղաքականութիւնը՝ զուգահեռաբար վերացնելով հայերի հետքը հայկական Արցախից։ Ըստ այդմ, կոչ ենք անում վերականգնել միջազգային միջնորդական ձեւաչափը՝ աւելի գործուն երաշխիքներով եւ գործիքակազմով ապահովելու համար Արցախից բռնի հայրենազրկւած հայերի վերադարձի իրաւունքը, Բաքւում ապօրինի պահւող անձանց՝ գերիների եւ ռազմաքաղաքական ղեկավարների ազատութեան իրաւունքը, պատմամշակութային ժառանգութեան պահպանութեան իրաւունքը եւ արցախահայերի ինքնորոշման իրաւունքը։
ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
4 սեպտեմբեր 2025 թ.