Էդգար Քամալեան. «Հայաստանից են ասել՝ յանձնւել, ու զինւորականները ստիպւած են եղել յանձնել զէնքը, թիկունքում 30 հազար երեխայ կար»
«Ձեռքիս ե՛ւ լուսանկարչական ապարատ կար, ե՛ւ հեռախօս, բայց ո՞նց բարձրանար ձեռքս ու նկարեր սթրեսի մեջ գտնւող մարդուն, գուցէ յետոյ նա հասկանար ինձ, հասկանար, որ պատմութեան համար, փաստերի համար է անհրաժեշտ, բայց այդ պահին չյաղթահարեցի իմ ստրեսային հոգեբանական վիճակը չյաղթահարեցի»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է արցախցի լուսանկարիչ Էդգար Քամալեանը՝ յիշելով 2023 թւականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակարետում ստեղծւած վիճակը։
Յիշեցնենք, որ արտագաղթի ժամանակ պայթել էր վառելիքի պահեստը, որի հետեւանքով մահացել է 238 անձ, անհետ կորած համարւում 22 անձ։
Էդգարն ասում է, որ շատ բան է տեսել, բայց այդ օրերին ձեռքը դողում էր ու շատ դէպքերում չէր կարողանում լուսանկարել։ «Պատկերացնո՞ւմ էք՝ մարդը այրւածքներով այս կողմ այն կողմ է անում, որ չզգայ ցաւերը, մէկ ուրիշն ուզում է հիւանդանոցի դուռը կոտրել ու ներս մտնել, տեսնել իր երեք զաւակներն ո՞ւր են, ի՞նչ վիճակում են։ Մարտեր էին տեղի ունեցել, բայց վիրաւորների վիճակն այդ օրերին Ստեփանակերտի հիւանդանոցում այդքան ստրեսային չէր, որքան Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին վառելիքի պահեստի պայթիւնի հետեւանքով այրւածքներ ստացած մարդկանց վիճակը»,- նշել է լուսանկարիչը։
Էդգարի ընտանիքը՝ ծնողները, քոյրը, վերջինիս զաւակները, մօրաքոյրը, հօրաքոյրը, ամենավերջիններից է դուրս եկել Արցախից։
Նախ թշնամու գնդակոծութեան տակ յայտնւած Ճարտարից են ուշ դուրս եկել, քանի որ Մարտունու ճանապարհը փակ էր։ Նշենք, որ այստեղ կատաղի մարտեր են մղւել եւ Արցախի Մարտունու շրջանում գտնւող «Լուսնեակ» բարձունքը մինչեւ վերջ անառիկ է պահւել հայորդիների խիզախութեան, հնարամտութեան ու արեան շնորհիւ։
Ճարտարի բնակչութիւնը թերեւս ամենավերջիններից է, որ լքել է իր բնակավայրը, ինչպէս պատմեց Էդգարը, 4 օր Ստեփանակերտում է եղել, ամէն ինչ ունէր դուրս գալու համար, բայց սպասւում է, որ եւ ճանապարհը մի փոքր ազատւի, նաեւ հոգեբանական դժւարութիւն կար, ուզում էր մի քիչ էլ մնալ, ուղղակի քայլում էր Ստեփանակերտի փողոցներով, նայում շուրջը՝ փորձելով մտապահել ամէն ինչ։
Նրա փոխանցմամբ՝ Ճարտարում խուճապ չի նկատել, մարդիկ, գլուխները կախ, իրենց իրերն էին հաւաքում, գիտէին, որ ադրբեջանցիների հետ անհնար է ապրել։
«Մայրս իւրայատուկ սպասքի սիրահար է եղել, կարելի է ասել կոլեկցիոներ է եղել ու դեռ 80-ականներից հաւաքած տարբեր տեսակի սպասք ունէր։ Ինքը նեարդային նստած էր, մտքովս անցաւ, որ մայրս ինչ-որ կերպ պէտք է նեարդերը հանգստացնի, ասացի, որ բան պիտի ասեմ, ու տան երկրորդ յարկ ուղեկցեցի նրան, բարձրացանք, ես առաջին ափսեն վերցրի, կոտրեցի ու դրանից յետոյ մօրս կանգնեցնել չեղաւ, սկսեց կոտրել բոլորը։ Ճարտարից դուրս գալիս ուզում էի տունն էլ վառել, բայց ծնողներս թոյլ չտւեցին։ Իսկ մեր ապրածը մինչեւ տեղահանման 9 ամիսները պէտք է ինքներդ ապրէիք, որ հասկանայիք, եթէ գիւղերում գոնէ մարդիկ կարող էին մի լոլիկ աճեցնել, բանջարեղէն, կանաչի ու դա ուտէին, ապա Ստեփանակերտում իրավիճակը սարսափելի էր, մարդիկ սոված էին, երեխաների հետ գիշերներով հերթ էին կանգնում, որ հաց գնէին, երեք օր կանգնում էին իրենց հերթը հասնում էր, բայց հացը վերջանում էր, չէր հասնում, երբեմն հերթը հասնում էր, հոսանք չէր լինում, որ հացը թխւի, խմորն էին տալիս, մարդիկ երջանկանում էին, որ իրենց տանը կը կարողանան մի բան անել այդ խմորից հաց ստանալ։ Այդպէս 9 ամիս մտածւած մարդկանց նեարդերը լարւած պահեցին ու հասցրեցին 2023 թւականի սեպտեմբերի 19-ին»,- պատմել է Էդգարը։ Նրա կարծիքով՝ թերեւս չէին էլ սպասում, որ արցախցին այդ վիճակում կը կռւի, բայց կռւեցին։ Նրա համոզմամբ՝ այստեղից՝ Հայաստանից են ասել, որ յանձնւեն ու զինւորականները ստիպւած են եղել յանձնել զէնքը, մէջքի հետեւում 30,000 երեխայ կար։
Ո՞վ է Արցախը յանձնել, ո՞վ է զէնքը յանձնել երկար շահարկւող ու մանիպուլացիայի վերածւած հարցերին շուրջ իր ապրածի ու տեսածի հիման վրայ Էդգարն ընդգծում է՝ Հայաստանից են ասել են, որ յանձնւեն։
Ճարտարից դէպի Ստեփանակերտ 45 կիլոմետրանոց ճանապարհը 7 ժամում են անցել։ «2 տեղ ադրբեջանցիները կանգնած հարցնում էին՝ քանի՞ հոգի էք, ո՞ւր էք գնում»,- ասել է Էդգարը՝ չցանկանալով խօսել այդ պահին իրենց զգացողութիւնների մասին։ Ասաց, որ բլոկադայի օրերին ցաւն այն էր, որ երեխաները սոված էին, իրենք կարող էին դիմանալ, «եօլա գնալ», բայց երբ տեսնում էին, որ երեխան է սոված, ի՞նչ պէտք է անէին։
«Այդպէս 9 ամիս ապրելուց յետոյ մարդկանց մի մասի մօտ սրւել էր ինքնապահպանութեան բնազդը, ոմանք ստրեսի պատճառով, մեղմ ասած, իրենց արդէն լաւ էլ չէին պահում, նաեւ վառելիքի պահեստի պայթիւնի զոհերի շատ լինելը դրանից է եղել, երբ ասել են, որ բոլորին կը հասնի, միեւնոյն է, նորմալ խաղաղ հերթ պահել չի ստացւել, մարդիկ խուճապի մէջ են եղել, միանգամից շատերն են տարաներով ոտքով մօտ գնացել»,- պատմել է արցախցի լուսանկարիչը՝ նշելով, որ դէպք է եղել, երբ մարդը լցակայանից դուրս է եկել բենզինով ամբողջութեամբ թրջւած։