Հայկ Մամիջանեան. «Փաշինեանը մատաղ է արել «Եռաբլուրի» մեր տղէրքին միայն մի նպատակի համար»
2020 թւականի 44-օրեայ պատերազմից անցաւ 4 տարի: Այս պատերազմի հետեւանքով Ադրբեջանը կարողացաւ օկուպացնել, տիրանալ Արցախի մօտ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքի, որի 50 տոկոսից աւելին Ադրբեջանի նախագահ Ալիեւը ստացաւ Նիկոլ Փաշինեանից՝ թղթով՝ ռազմական գործողութիւնների դադարից յետոյ։
Նոյեմբերի 9-ին յայտարարւեց կրակի դադարեցման վերաբերեալ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 9 կէտից բաղկացած եռակողմ յայտարարութեան ստորագրման մասին։
Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։
44-օրեայ պատերազմից երեք տարի անց՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը եւս մէկ յարձակում իրականացրեց Արցախի վրայ։
10 ամիս շարունակւող շրջափակումից յետոյ այս յարձակմամբ Ադրբեջանն օկուպացրեց ամբողջ Արցախը։
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Հայկ Մամիջանեանը, խօսելով Արցախեան 44-օրեայ պատերազմի մասին, նախ շեշտել է՝ ցաւալի է, որ պատերազմից 4 տարի անց, Արցախը յանձնած իշխանութիւնն իր համարժէք պատիժը դեռ չի կրել։
«Փոխել է (նկատի ունի Նիկոլ Փաշինեանին-ԽՄԲ.) մեր իշխանութեան կողմից թողնւած սպառազինութիւնների գնման պլանը, դրա միջից հեռացրել 2500 ԱԹՍ գնելու կէտը։ ԱԹՍ-ներ, որոնց մեծ մասը Հայաստան էր գալու մինչեւ 2020 թւականը. պայմանագրերը կնքւած էին, գումարը՝ տրւած։ Ապա գնել է SU-եր, արել սելֆիներ, Տաւուշի մարտերը հռչակել երրորդ համաշխարհային պատերազմ, ասել՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ՝ Ադրբեջանին այս ամէնով տալով առիթ՝ սկսել արիւնալի ագրեսիա՝ 44-օրեայ պատերազմ, որի ժամանակ Հայաստանի Զինւած ուժերի 50 տոկոսից պակասն է ներգրաււել, իսկ ինքը Սարդարապատի մասին էր խօսում՝ մարդկանց առաջարկելով կասկաներ գտնել ու գնալ մարտի։
Իհարկէ, մեր հայրենիքը մենք վաղ թէ ուշ կազատագրենք, բայց ամենադաւաճանական կէտն այն է, որ Եռաբլուրում ննջողներին, որոնք աւելի լաւն էին, քան ես, քան բոլոր ՔՊ-ականները, միայն այն փաստով, որ այս երկրին տւել են ամենաթանկը՝ կեանքը, յետ բերել հնարաւոր չէր։
Ինքն այդ տղաներին մատաղ է արել միայն մի նպատակով, որ կարողանայ նորից վերընտրւել։ Հոկտեմբերին կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չի արել, որ իրեն դաւաճան չասեն։ Հետեւապէս, ինքն իր կեանքում մի բան է լաւ արել՝ եթէ ժամանակին լաւ յօդւած էր ծախում, ապա հիմա՝ երկիրը»,- ասել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավարը։