Առաջին զանգը հնչեց Ուրմիայի հայոց «Մասիհա» դպրոցում, 2024-2025 կրթական տարեշրջանի համար
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Երկուշաբթի՝ սեպտեմբերի 23-ին, համաձայն Իրանի Իսլամական Հանրապետութիւնում կրթական նախարարութեան կողմից յայտարարւած վերամուտին, բոլոր կրթօջախները վերաբացեցին իրենց դռները, բարի գալուստ մաղթելով հին եւ նոր աշակերտներին, 2024-2025 ուսումնական-կրթական տարեշրջանի համար:
Վերամուտի զանգը իր քաղցր հնչումով լսւեց Ուրմիայի «Մասիհա» ազգային դպրոցի բակում առաւօտեան ժամը 7:30-ին, որտեղ հաւաքւած աւելի քան հարիւր աշակերտները, տեսչութեան գլխաւորութեամբ բացւած համարեցին 2024-2025 կրթական-ուսումնական տարեշրջանը:
Հանդիսաւոր բացմանը ներկայ գտնւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, Պատգամաւորական ժողովի եւ Գործակալական խորհրդի անդամներ, բարերարներ եւ ծնողներ:
Դպրոցի մուտքին, Սրբազան Հայրը դիմաւորւեց տեսչուհի Ադրինէ Մեջլումեանի, ուսուցչական կազմի եւ փոքր աշակերտ-աշակերտուհիների կողմից, որոնք աղուհաց մատուցեցին նրա, օրհնութիւն խնդրելով: Ապա, դէպի շրջափակ ուղղւելու ճանապարհին, Սրբազանը հատեց յատուկ ժապաւէնը, եւ մօտեցաւ այնտեղ կանգնած աւելի քանի հարիւր թւով աշակերտութեան, որոնք կարօտով սպասում էին նրան:
Յայտնենք, որ դպրոցի տեսչութիւն եւ Գործակալական խորհուրդը համագործակցաբար, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի, առաջին յարկի վրայ վերանորոգութիւններ էին կատարել, յատկապէս սալայատակի փոփոխութեամբ, որը մեծ խանդավառութիւն էր ստեղծել աշակերտութեան մօտ:
Դպրոցի տեսչուհին բարի գալստեան յատուկ խօսք ուղղեց Սրբազան հօրը, որը միշտ հոգածու է գտնւում հայոց դպրոցին եւ ուրմիահայութեանը: Նա մաղթեց որ ուսումնական կեանքում բարձր իրագործումներով լեցուն լինի տարեշրջանը, նահանգի դպրոցների շարքում պատւաբեր դիրք ապահովելով հայոց ազգային «Մասիհա» դպրոցին:
Սրբազան Հայրը իր պատգամում կանաչ ճանապարհ մաղթեց բոլոր աշակերտութեան, խրատեց հնազանդիլ եւ հետեւիլ ուսուցչական կազմի կատարած նւիրական գործին, եւ յատկապէս գնահատեց տեսչուհի Ադրինէ Մեջլումեանին, նրան նւիրելով իր հրատարակած, Ատրպատականի եկեղեցիների պատմութեան նորատիպ Գ հատորը:
Աշակերտութիւնը կանոնաւոր շարքերով բարձրացաւ դասարաններ, խանդավառութեամբ սկսելու համար կրթական տարեշրջանը, իրենց ուսուցչակազմի գլխաւորութեամբ:
Այնուհետեւ, տեսչարանում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որի ընթացքում տեսչուհին եւ ուսուցչական կազմի հայերէնաւանդ ուսուցչուհիները իրենց ծրագրերը ներկայացրին Սրբազան հօրը, խորհրդակցելով նրա հետ: