«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման ծրագրերով լիցքաւորւած Թեհրանի հայկական համայնքը իր անկոտրում կամքով մասնակից է դառնում կազմակերպւող միջոցառումներին:
Այդ շրջանակում երէկ՝ ապրիլի 29-ին համատեղ գեղարւեստական-բանախօսական միջոցառում էր կազմակերպւել նախաձեռնութեամբ՝ Հ. Ուս. «Չհարմահալ» եւ Իրանահայ Ուսուսցիչների միութիւնների: Օրւայ բանախօս էր հրաւիրւել «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:
Ոգեկոչման երեկոն կազմակերպւել էր Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» սրահում, իսկ նախասրահում ներկայացւած էր Ցեղասպանութեան պատկերներ: Միջոցառմանը, որը մեկնարկեց Տէրունական աղօթքով, հնչեցին մեներգեր, դաշնամուրի ու ֆլէյտայի համատեղ կատարումներ, ասմունքներ, ներկայացւեցին Կոմիտասի, Սօսէ Մայրիկի, Սերոբ Աղբիւրի, Սիամանթոյի, Յովհաննէս Թումանեանի եւ Սողոմոն Թեհլիրեանի կենսագրական տւալները եւ Արցախ աշխարհի պատմականը:
Օրւայ բանախօս Արամ Շահնազարեանը համապարփակ գծերով անդրադարձաւ Հայաստանում ներկայ իրավիճակին առկայ սպառնալիքներին, Հայոց Պետականութեանը սպառնացող գոյաբանական բնոյթի մարտահրաւէրներին եւ դրանց յաղթահարմանն ուղղւած հայ ժողովրդի անելիքներին:
Միջոցառումը եզրափակւեց միութեան երգչախմբի կատարումներով՝ խմբավար Ժոզէֆ Տէր-Գալստանեան: