Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Չալդրանի կուսակալի հետ

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Ս. Թադէի վանքի ուխտագնացութեան նախապատրաստական աշխատանքների ծիրից ներս, յուլիսի 23-ին, առաւօտեան ժամը 10:30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան պաշտօնական հանդիպում ունեցաւ Չալդրանի կուսակալ Մոհամմադ Ռեզա Աբդօլլահ Նեժադի հետ, նրա գրասենեակում:
Սրբազան Հօր պատւիրակութեան մաս էին կազմում Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը, ատենադպիր Վարդան Կարապետեանը, եւ Իրանի եկեղեցիների պահպանման պետական հիմնարկութեան յանձնախմբի անդամ՝ Ալէն Գրիգորեանը:
Սրբազան Հայրը պաշտօնապէս կուսակալին յայտնեց այս տարւայ եռօրեայ ուխտագնացութեան թւականը դէպի Ս. Թադէոս առաքեալի վանքը, յուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 1-ին եւ 2-ին է լինելու: Նա յատկապէս փառք տւեց Ամենակալին, որ պատերազմանական վտանգը դադարել է երկրում, եւ Իրանի թշնամիների քաղաքական հաշիւները առայժմ լռութեան են մատնւել:
Կուսակալը բացառիկ յարգանք ունենալով Սրբազան հօր նկատմամբ անձնապէս, վեր առաւ նրա հոգեւոր ծառայութեան նւիրեալ աշխատանքը, եւ թեմի վանքերի հանդէպ նրա հոգածու մօտեցումները: Նա անձնապէս եւ Կուսակալութեան կազմի անունից ամբողջական զօրակցութիւն յայտնեց հայ համայնքի պատասխանատուներին, դիւրասահ միջոցներով իրենց նպաստը բերելու հայ ժողովրին, իրենց ուխտագնացութեան երեք օրերի ընթացքում: Հանդիպման աւարտին, առաջնորդ Սրբազանը արծաթեայ յուշանւէր յանձնեց Կուսակալին, բարձր գնահատելով նրա անկեղծ հոգատարութիւնը հայ համայնքին:
Պաշտօնական հանդիպումից յետոյ, Կուսակալը կողմնակի անձնական դռնից առաջնորդեց Սրբազան Հօրը եւ նրա ընկերակիցներին դէպի ժողովասրահ, որտեղ ժողովական նիստի համար սպասում էին քաղաքապետը, Մշակութային ժառանգութեան տնօրէնը, ուժանիւթի եւ ելեկտականութեան տնօրէնը, Կարմիր Մահիկի ընդհ. պատասխանատուն, ջրամատակարարման տնօրէնը, եւ այն բոլոր անձերը, որոնք ուխտաւորների բազմութեան կեցութեան միջոցների նպաստող կազմակերպութիւնների վերին խաւն են կազմում:
Բացման խօսքով, Կուսակալ Մոհամմադ Ռեզան օրհնաբեր համարեց Ս. Թադէի ուխտագնացութիւնը Չալդրանի համար, անդրադառնալով անցած տարիների ընթացքում մեծաթիւ ուխտաւորների ժամանմանը, որը մեծ պատիւ է հանդիսանում Չալդրանի տարածաշրջանում բնակող ժողովրդի եւ պետական պատասխանատուների համար:
Սրբազանը խօսեց Ատրպատականի հայոց թեմի զաւակների եւ համայն հայութեան սերտ կապւածութեան մասին այս թեմի տարածքում գտնւող սրբավայրերին, եւ յատկապէս հայ հաւատքի ծննդավայր՝ Ս. Թադէոս Առաքեալի վանքին, որ հնագոյն սրբավայրն է քրիստոնէական եկեղեցու: Ապա, բոլոր ուխտաւորներին լաւագոյն սպասարկութիւնը մատուցելու առաջարկներ ներկայացրեց նա, մասնակցութեամբ Թեմական խորհրդի անդամների եւ Հայոց եկեղեցիների պետական հիմնարկութեան անդամի, որոնք իրենց տեսակէտները յայտնեցին ժողովականներին:
Յայտնենք, որ Ս. Թադէի վանքի եռօրեայ ուխտագնացութիւնը մօտալուտ լինելով, Թեմական խորհուրդը նշանակել է նոր անձեր, որոնք նւիրումով մասնակից են լինելու ուխտագնացութեան կազմակերպչական աշխատանքներին: