Յովիկ Յարութիւնեանի յիշատակին (Օգոստոսի 3, 2024 Երեւան)
Կան մարդիկ, որոնց բացակայութեան հետ չես հաշտւում, քեզ հետ են միշտ եւ ամենուրեք, եւ նրանց բարի յուշերը ապրում են քո մէջ առհաւետ:
Այդպիսին էր Յովիկը։ Նա այնքան անմիջական եւ հարազատ էր, որ փոքր թէ մեծ, բոլորը նրան շատ հանգիստ, անունով էին դիմում՝ Յովիկ։
Յովիկը, Աւանէս Յարութիւնի Յարութիւնեան, կեանքից առյաւէտ հեռացաւ յուլիսի 27-ին, Երեւանում, լուսաբացին, իր տանը քնած ժամանակ։ Իր հանգիստ բնաւորութեան պէս, հանգիստ եղաւ նաեւ մահը՝ դառն անակնկալի եւ խորը վշտի մատնելով իր ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին։
Յովիկը ծնւել է 1945 թ.-ի ապրիլի 17-ին, Իրանի Թաւրիզ քաղաքում, բարեկեցիկ մի ընտանիքում: Տարրական կրթութիւնը ստացել է ծննդավայր՝ Թաւրիզում «Արամեան» դպրոցում։ 13 տարեկանում, ծնողների եւ քոյրերի՝ Անահիտի եւ Կարինէի հետ փոխադրւելով Թեհրան, միջնակարգ դպրոցը շարունակել է Թեհրանում: 1987 թ.-ին, ուսանել եւ բարձրագոյն կրթութիւն է ստացել Ազատ համալսարանի վարչագիտութեան ճիւղում։
Պատանեկան տարիքից անդամակցել է Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան մարզական միութեան բասկետբոլի խմբին, ուր եւ ծանօթացել է իր կեանքի ընկերոջ՝ Ռիտա Մարգարեանի հետ, ով նոյնպէս «Արարատ»-ի մարմնամարզութեան եւ բասկետբոլի խմբերի անդամ էր: Յովիկն ու Ռիտան ամուսնանում են 1972 թ.-ին, եւ կազմում ջերմ ընտանիք. ծնւում է նրանց դուստրը՝ Ալինան, ով արդէն ամուսնացած է Հենրիկ Մարտիրոսեանի հետ եւ ունեն մէկ աղջիկ՝ Նայիրին:
Յովիկը շատ բարի էր ու բարեկամասէր. արժեւորում էր ընկերական կեանքն ու շրջանակը: Ամբողջ էութեամբ մարզիկ էր ու մարզասէր, սիրում էր բոլոր մարզաճիւղերը, իսկ յատուկ սէր ունէր բասկետբոլի նկատմամբ:
Նա ողջ կեանքի ընթացքում անդամակցեց Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեանը եւ ստանձնեց տարբեր պարտականութիւններ։
Մարզական միութեան բասկետբոլի խմբում նախ մարզիկ էր, ապա թիւ մէկ խմբի հաւաքականի եւ երէցների խմբի անդամ: Անգամներ եղել է Մարզական միութեան վարչութեան անդամ եւ նախագահ. «Արարատ» կազմակերպութեան 40-ամեակին նւիրւած՝ Իրանի Համահայկական խաղերի ջահակիրն էր։
Եղել է Համադպրոցական եւ Համահայկական խաղերի կազմակերպիչ յանձնախմբերի անդամ եւ նախագահ։ Երկու նստաշրջան (1984, 1985-86) ընտրւել է Կենտրոնական վարչութեան անդամ։ Իսկ վերջին տարիներին ստանձնել էր «Արարատ» մարզաւանի վարիչի հանգամանքը։
Յովիկ Յարութիւնեանը Իրանում աշխատել է «Թոլիպրես» հիմնարկում՝ տնօրէնի պաշտօնում, եւ հանգստի է կոչւել նոյն հիմնարկում։ Ապա «Բոնյադ-է Մոսթազաֆան» հաստատութեան կողմից աշխատանքի է հրաւիրւել՝ Աբադան քաղաքում որպէս «Փաքսան» նորակառոյց գործարանի տնօրէն։
Տասը տարի աշխատելուց յետոյ, հրաւիրւել է աշխատելու հայրենիքում, 2002 թ.-ին Երեւանում հիմնելով նոյն արտադրութեան (Փաքսան) գործարանը. այն տնօրինել եւ աշխատել է հինգ տարի:
Հազիւ իր մահւանից 3 շաբաթ առաջ, յուլիսի 14-ին, «Արարատ» կազմակերպութեան 80-ամեակի առիթով Երեւանում. Աշտարակի ձորում կազմակերպւած դաշտահանդէսին ներկայ էր նաեւ Յովիկը, եւ մխիթարւում ենք, որ կարողացաւ մի վերջին անգամ վայելել հին ու նոր ընկերների ներկայութիւնը, որն իր մօտ թարմացրեց անցեալի շատ յուշեր:
Յովիկն ամբողջ մի կեանք զբաղւեց մարզանքով։ Հանգստի կոչւելուց յետոյ, տարւայ մեծ մասը, բնակւում էր հայրենիքում, որտեղ եւ՝ իր սեփական օջախում, 79 տարեկանում կնքեց իր մահկանացուն։
Յովիկի լուսաւոր յիշատակը միշտ վառ պիտի մնայ մեր սրտերում։
Բարի երթ քեզ սիրելի Յովիկ, լոյսերի մէջ հանգչես, հողը թեթեւ լինի վրադ:
ՌԻՏԱ ԵՒ ԱԼԻՆԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆՆԵՐ