Ապրիլեան ոգեկոչման 109-ամեակի նշում՝ Ուրմիայում
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, ապրիլի 25-ին, Ուրմիայի հայ համայնքը եւ միութենականները հաւաքւելով Ուրմիայի Ս․ Ստեփանոս ծխական եկեղեցու շրջափակում, մէկ անգամ եւս իրենց նւիրական պարտքը մատուցեցին Հայոց Ցեղասպանութեան նահատակներին, ոգեկոչելով Սրբոց Նահատակաց տօնը։
Սուրբ պատարագը մատուցեց Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Քարոզի պահին, Տէր Հայրը ընթերցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի պատգամը Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակին նւիրւած:
Սուրբ նահատակներին նւիրւած արարողութիւնը տեղի ունեցաւ Ապրիլեան նահատակաց յուշարձանին մօտ Տէր Հօր նախագահութեամբ, որի աւարտին բոլոր ներկաները միասնաբար երգեցին Տէրունական աղօթքը:
Միասնական երգեցողութիւնը տեղի ունեցաւ նաեւ «Կիլիկիա» մաղթերգի, որի աւարտին կատարւեց ծաղիկների մատուցում: Ազգային իշխանութեան անդամներից սկսեալ, բոլոր միութիւնների եւ կազմակերպութիւնների՝ ՀՕՄ-ի, Հ.Մ.Ա.Կ.-ի, Գեարդաբադ եւ Ռահւա գիւղերի հոգաբարձութիւնների եւ Ուրմիայի կրթական հաստատութիւնների՝ «Մասիհա» դպրոցի եւ ՀՕՄ-ի «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանի ներկայացուցիչները ծաղկեմատոյց կատարեցին, յարգելով սուրբ նահատակների յիշատակը:
Հ.Մ.Ա.Կ.- ի կրտսերների խումբը թէ՛ ունեցաւ իր փոքրիկ գեղարւեստական կատարումը եկեղեցում, եւ թէ՛ կատարեց աշակերտական խոստովանանքը։ Այսպիսով մէկ անգամ եւս Ուրմիայի հայ համայնքը իր պարտքը մատուցելով, ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակի 109-ամեակը։