ԹեհրանՀամայնքՀասարակականՀարցազրոյց

Նարէ Խալոյեան. «Համաշխարհային նորամուծութիւններին հետեւելը իմ աշխատանքի կարեւոր մասն է»

Մանկուց սիրել եմ արւեստն ու կառուցելը։ Լեգոների մեծ սիրահար էի. յաճախ հսկայական կառոյցներ էի կառուցում։ Գիտե՞ս չէ, Հայաստանում բնակարանները զրոյական վիճակում են վաճառւում, ոչ թէ ինչպէս Իրանում: Պարզապէս պատեր են, գաջած մակերես, դուռ ու պատուհան՝ եւ վերջ։ Ո՛չ լարեր, ո՛չ էլ հոսանք։

Նարէ Խալոյեանը ծնւել է 1995 թւականին Թեհրանում: Բակալաւրի աստիճան է ստացել Թեհրանի Ազատ համալսարանում՝ ճարտարապետութեան ոլորտում։

2019 թւականին ընդունւել է Կատալոնիայի Պոլիտեխնիկական համալսարան, Բարսելոնտեխ, որտեղ յաջողութեամբ աւարտել է զարգացած եւ առաջադէմ ճարտարապետութեան մագիստրոսական ծրագիրը։

Այնուհետեւ, իր մասնագիտական հմտութիւնները կատարելագործելու նպատակով անցել է նաեւ յետբուհական կրթութիւն՝ ճարտարապետութեան եռաչափ տպագրութեան ոլորտներում։ Իր յետբուհական կրթութեան շրջանակում իրականացրած խմբային նախագիծը՝ TOV, արժանացել է 2023 թւականի Նոր եւրոպական Բաուհաուս մրցանակի, ընդգրկւելով մրցոյթի 15 յաղթողների շարքում նորարարական դիզայնի ոլորտում։

2022 թւականին Երեւանում հիմնադրել է N design studio ինտերիեր դիզայն ստուդիան։

Նարէն ակտիւօրէն ներգրաււած է եղել հասարակական աշխատանքներում: Անդամակցում է Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեանն, ակտիւ մասնակցութիւն է ունեցել Սկաուտական միութեան շարքերում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտօններ:

 

տեղծագործական ճանապարհի սկզբում, ինտերիեր դիզայնի, ինչպէ՞ս ես փորձում բացայայտել յաճախորդի ներաշխարհը, նրա ճաշակն ու երազանքները, որպէսզի հնարաւոր լինի առաւել մօտ լինել նրա սպասումներին ու կեանքին, ներդաշնակ միջավայր ստեղծել՝ արտացոլելով նրա զգացական աշխարհը նաեւ:

-Ընդհանրապէս, յաճախորդի հետ զրոյցի ընթացքում ես սկսում եմ հասկանալ նրա ակնկալիքները։ Քանզի էստետիկան եւ գործառականը՝ ֆունկցիոնալը, միմեանց փոխլրացնող հասկացութիւններ են, սակայն դրանք անպայման անհրաժեշտ է համատեղել յաջող նախագիծ ունենալու համար։ Խօսքը, իր հերթին, ոչ միայն հաղորդակցութեան միջոց է, այլեւ մարդու մտքի ու էութեան արտացոլումը։ Այն ձուլում է գաղափարը եւ դարձնում այն տեսանելի։ Խօսքը կամուրջ է մարդու ներաշխարհի եւ արտաքին աշխարհի միջեւ։ Եթէ ունես լսելու ունակութիւն, յաճախորդը ինքն է պատմում, թէ ինչ է ցանկանում, ինչ է սպասում իր տարածքից, եւ հէնց այնտեղ է դրւած կարեւորագոյն արժէքը։

Էստետիկան իւրաքանչիւր նիւթի երանգի, հիւսւածքի ու զգացողութեան մէջ է արտայայտւում։ Իմ աշխատանքային ընթացքը սկսում է հէնց հատակագծի մշակմամբ։ Այնուհետեւ, ըստ անհրաժեշտութեան, վերահատակագծւում է՝ կենտրոնանալով առաջին հերթին կիրառելի ու ֆունկցիոնալ կողմերի վրայ։

Այս փուլում առանձնայատուկ կարեւորութիւն ունեն էսքիզները։ Դրանք թոյլ են տալիս դեռ իրական աշխատանքից առաջ պատկերացնել ապագայ տարածքի հնարաւոր կերպարները։ Կարճ ասած, էսքիզները գաղափարից իրականութիւն տանող առաջին քայլերն են՝ մի լեզու, որով պատկերների միջոցով շփւում ես պատւիրատուի հետ։

Հետագայում այս ամէնին աւելանում է՝ մատերիալը, նիւթը։ Ինտերիեր դիզայնում նիւթը հիմնական բաղադրիչն է, որով ձեւաւորւում ու կառուցւում է տարածքի կերպարը։ Այն ունի ոչ միայն գործառնական, այլեւ գեղագիտական ու զգայական նշանակութիւն։

Բանն այն է, որ ամէն տարածք իր պատմութիւնն ունի եւ արտացոլում է սեփականատիրոջ ներաշխարհը։ Ճարտարապետն այստեղ ոչ միայն գաղափարի հեղինակն է, այլեւ ղեկավարը, զրոյից մինչ վերջ արտայայտում եւ զարգացնում է այն, նախագծի կատարելագործման ճանապարհին։

-Նարէ, եկէք արձանագրենք, որ Դուք լինելով հայրենադարձ երիտասարդ վաղ տարիքում հիմնել էք Ձեր ճարտարապետական ստուդիան N design Studio-ն: Ձեր գործունէութեանը հետեւելով, մասնաւորապէս կարելի է նկատել ժամանակակից լուծումների կիրառումը: Ինչպէ՞ս էք հասցնում հետեւել համաշխարհային սրընթաց նորամուծութիւններին՝ ե՛ւ նախագծերի, ե՛ւ տեխնոլոգիաների կիրառման առումով: Ի՞նչ միջոցներով է հնարաւոր բարձրակարգ լուծումներն ապահովել եւ այն նոր մակարդակի հասցնել:

-Համաշխարհային նորամուծութիւններին հետեւելը իմ աշխատանքի կարեւոր մասն է։ Այն շարունակական պրոցես է շուկայի մանրակրկիտ ուսումնասիրութեամբ, միջազգային ցուցահանդէսներ, օրինակ Milan Salone del Mobile այցելութիւններ, օտարերկրեայ հեղինակաւոր ամսագրերին բաժանորդագրելը եւ այլն:

Մասնագիտական համաժողովներն ու ցուցահանդէսները, հնարաւորութիւն են տալիս անձամբ ծանօթանալ նոր նիւթերին, տեխնոլոգիական լուծումներին եւ համաշխարհային նախագծերի թրենդներին։ Նորարարական լուծումներից կարող եմ նշել, որ օգտագործում եմ Unreal engine-ը, որը մի ուժեղ 3D շարժիչ է, այն օգտագործւել է որպէս խաղերի մշակման գործիք, բայց վերջին տարիներին, լայնօրէն օգտագործւում է նաեւ ճարտարապետութեան ոլորտում ի ցոյց դնելու նախագծերը, վիրտուալ շրջայցեր ստեղծելու եւ յաճախորդներին աւելի իրական պատկեր ներկայացնելու համար։

Համաշխարհային լուծումները միշտ չէ, որ կարելի է պարզապէս կիրառել անհրաժեշտ է դրանք համատեղել ունեցածդ գիտելիքների հետ՝ հաշւի առնելով յաճախորդի պահանջները, մշակութային առանձնայատկութիւնները եւ տարածքի ֆիզիկական հնարաւորութիւնները։

Իրականում, համակարգչային ծրագրերը հնարաւորութիւն են տալիս ստեղծել եզակի, բարձրակարգ եւ ժամանակակից լուծումներ, որոնք բարձրացնում են նախագծի մրցունակութիւնը տեխնոլոգիաների սրընթաց զարգացումների ժամանակ: Այնուամենայնիւ, չմոռանանք, որ տեխնոլոգիան զուտ գործիքակազմ է մտածածդ աւելի գեղեցիկ ներկայացնելու համար, այն նպաստում է գաղափարը էստետիկօրէն գեղեցիկ ներկայացնելուն: Բայց այն չի կարող փոխարինել մարդուն, հարիւր տոկոսով կատարելով նրա պահանջները, սիրածն ու պատկերացրածը: Հիմնականում այն պրոցեսներն է արագացնում: Պարզապէս կարծում եմ տեխնոլոգիաները շատ են զարգանալու, բայց հիմնական նպատակը մարդկանց ծառայելն է:

-Լինելով իրանահայ երիտասարդ, համալսարանական կրթութիւնն անցկացնելով նախ Իրանում ապա արտերկրում՝ Իսպանիայում, կարելի է ենթադրել, որ յաճախ էք հանդիպել միջազգային տարբեր փորձերի: Եղե՞լ է արդեօք այնպիսի դէպք կամ դէպքեր, երբ հնարաւորութիւն էք ունեցել ինտերիեր դիզայնն ամբողջովին այլ տեսանկիւնից ընկալել՝ մի ակնոց, մտահորիզոն, որը երբեւէ չէիք կիրառել կամ նկատել նախկինում:

-Իրանն, Իսպանիան ու Հայաստանը իւրովի ազդեցութիւն են թողել իմ մասնագիտական ձեւաւորման ու կայացման վրայ՝ փոխանցելով իւրայատուկ աշխարհայեացք։ Մեր աշխատանքը կապւած է արւեստի ու մշակոյթի հետ, եւ հէնց այդ միջավայրն է ներշնչում ու ուղղորդում։ Ինտերիեր դիզայնը իր արմատներով կապւած է մշակոյթին. այն դրա ձեւական արտայայտութիւններից մէկն է։ Այս ամէնը վերահաստատում է այն միտքը, որ դիզայները պէտք է լինի ճկուն եւ գործի մարդու համար՝ տարածքը դարձնելով ոչ միայն ծառայող, այլեւ ստեղծագործելու համար համապատասխան պայմաններ ապահովող միջավայր։

Չմոռանանք, որ մշակոյթները մեծ ազդեցութիւն ունեն բայց գնալով մարդկանց սպասումները տարածքների նկատմամբ մօտենում են ու աւելի նման են դառնում: Այնուամենայնիւ, իւրաքանչիւր նախագիծ ինձ համար իւրովի է: Որովհետեւ, սեփականատիրոջ էնեգիան է տարբեր, նրանցից իւրաքանչիւրը փոխանցում, սնուցում է էներգիայի մի նոր, եզակի աղբիւր:

Ինտերիեր դիզայնի պրոցեսում դու ամիսներ շփւում ես, միեւնոյն մարդու հետ եւ նրանք երբեմն, նոյնիսկ ինչ-որ բաներ են կիսում քեզ հետ, որ հնարաւոր է թէկուզ իրենց ամենամօտ հարազատի հետ չկիսէին: Նրանք ինձ, թոյլ են տալիս մուտք գործել իրենց նեղ անձնական տարածք եւ դա պարտաւորեցնող զգացում է, պատասխանատւութիւն, վստահութեան դրսեւորում, որտեղ ես առաւել հոգատարութիւն եւ զգուշաւորութիւն եմ ցանկանում դրսեւորել նրանց համար ճիշտ դիզայն ստեղծելու ուղղութեամբ: Այսպիսով իւրաքանչիւր նախագիծ վերածւում է մի նոր պատութեան, որտեղ ես բացայայտում եմ՝ ե՛ւ նոր մարդկանց, ե՛ւ ինքս ինձ, որպէս ինտերիեր դիզայներ եւ անհատականութեան: Բոլոր նախագծերից  անսահման էներգիա եմ ստանում, նոր գիտելիքներ ձեռքբերում, եւ փորձում եմ ակնկալիքներ արդարացնել դրա համեմատ լաւագոյն լուծումներն առաջարկելով:

Նախագծերի ժամանակ աւելի յաճախ համոզողի դերում ես, թէ՞ համոզւում ես:

-Ոսկէ միջինն եմ փորձում գտնել: Իհարկէ, քիչ են եղել դէպքեր, երբ գործընթացի ընթացքում անհամաձայնութիւն է առաջացել։

Ո՞րն է այն կէտը, երբ զգում ես ստեղծագործական գործընթացն արդէն ստացւում է:

-Երբ զգում ես այն պահը, որ պատւիրատուն տեսնելով եռաչափ 3D պատկերերները արդէն ինքն իրեն իր ապագայ տանն է պատկերացնում, դա իսկական գնահատանք է։ Տուն, որտեղ ներդաշնակ են նիւթերը, գոյներն ու ձեւերը, եւ որտեղ մարդը կարող է ապրել ու ստեղծագործել։

Ինտերիեր դիզայնն ոչ միշտ է դիտարկւում որպէս հասանելի ծառայութիւն հասարակութեան համար:

-Ինտերիեր դիզայնը Հայաստանում աւելի հասանելի ծառայութիւն է հասարակութեան լայն մասսաների համար, պայմանաւորւած զրոյական իրավիճակում բնակարանների տրամադրմանը:

Ճարտարապետութիւնը նաեւ ունի համախմբման ներուժ, ինչպէ՞ս ես գնահատում հայութեան ճարտարապետական համայնքի ներկայ իրավիճակը:

-Իւրաքանչիւր մասնագիտութեան շուրջ յաճախ ձեւաւորւում է ստեղծագործական համայնք, որն իր արժէքով մեծ նշանակութիւն ունի եւ դրսեւորւում է որպէս մարդկային կապիտալ ու ռեսուրս։ Հայաստանում ես նոր եմ ծանօթանում այդպիսի համայնքների հետ, որոնք իրենց գործունէութեամբ ծառայում են հասարակութեանը։

Նման համայնքները կարեւոր են, դրանք հնարաւորութիւն են տալիս մտածելու, գաղափարներ արտայայտելու եւ մտքեր կիսելու։ Այդ նախաձեռնութիւնները յաճախ ունեն դրական ազդեցութիւն թէ՛ մասնագիտական, թէ՛ հասարակական մակարդակում։

Եթէ հնարաւորութիւն ունենայիք ստեղծել Հայկական Սփիւռքի խորհրդանշող տարածքը 21-րդ դարում, այն որտե՞ղ կը լինէր, աշխարհի ո՞ր կէտում, ո՞ր աւանդական կամ ժամանակից տարրերը կը ներառէիք, ինչպիսի՞ տեսք կունենար այն, ինչպէ՞ս այն կը դարձնէիք հասարակութեան անբաժանելի մասնիկը, նրա սեփականութիւնը:

-Ես կարծում եմ մենք արդէն ունենք այդ տարածքը: Այն այստեղ է: Որտեղ ես եւ դու զրուցում ենք: «Արարատ»-ը: Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը: «Արարատ»-ը հէնց ինքնին հայկական Սփիւռքի խորհրդանիշն է, այն ոչ միայն մարզական կենտրոն է, այլ նաեւ հայ համայնքի մշակութային ինքնութեան եւ համերաշխութեան խորհրդանիշ։ «Արարատ»-ն իր ճարտարապետութեամբ եւ գործառոյթներով, մարմնաւորում է հայկական սփիւռքի արժէքները: Ես հայկական բազմաթիւ համայնքներում եմ եղել ԱՄՆ, Կանադա, Լիբանան եւ այլն: Այնպիսի երկրներ, որտեղ մեծ են հայկական համայնքները: Բայց բոլորն էլ գիտեն, որ «Արարատ»-ը խորհրդանիշ է, որը չունի համեմատութիւն։ Անփոխարինելի գաղափար ու ինքնութեան արտացոլանք է:

Եթէ աւելի խորանանք, ի՞նչ կը կատարելագործէիք «Արարատ»-ում` որպէս  ստեղծագործող: 

-Աւելի ժամանակակից շունչ հաղորդելու համար կը համատեղէի ստեղծարարար կենտրոնի գաղափարը՝ պատկերաւոր ասած, օրինակ, ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գաղափարը, կը միաձուլէի մարզամշակութային, գիտական կենտրոնի գաղափարի հետ: Հայաստանից հեռու, միեւնոյն ժամանակ, տան զգացումը հաղորդող իրականութիւն: Եթէ աւելի յստակ, ապա, մենք արդէն ունենք, հայկական Սփիւռքի ամբողջական խորհրդանիշը՝ Արարատը:

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

 

Related Articles

Back to top button