Թեհրան

Մի ամբողջ օր աշխոյժ մթնոլորտ՝ «Արարատ»-ում

Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութիւնը հիմնադրման առաջին օրից իսկ սկսեալ, նպատակադրել է դաստիարակել հայ պատանուն ու երիտասարդին հայկական ջերմ միջավայրում եւ սպասարկել ու ծառայել համայնքին, այնպէս որ իրապէս «Արարատ»-ը լինի բոլորի երկրորդ ու սիրելի տունն ու պէտք է շեշտել, որ այդ ուղղութեամբ են աշխատում մեր չորս միութիւններն ու մարմիններն ու նման մի ծանրաբեռնւած օր վկայում է թէ ինչ են անում «արարատ»-ականներն ու «Արարատ»-ի կողքին կանգնած ընկերները, երբ զբաղւած են աշխատանքներով՝ ամբողջը միատեղ ու միաժամանակ։

2023 թւականի ուրբաթ, դեկտեմբերի 22-ի առաւօտեան մեծ խանդավառութիւն էր տիրում «Արարատ» մարզաւանի չորս կողմերում։

– Արւեստից միութեան Մանկա-պատանեկան երաժշտա-թատերական խմբի աշակերտներն ու ծնողները, վարչութեան հրաւէրով ներկայ էին մարզաւանում պարի դահլիճում՝ մասնակցելու ապագայ ծրագրերի իրագործման բացատրական հանդիպմանը, որի աւարտին աշակերտները ստացել են 2023 թւականի աշխատանքներին մասնակցելու առիթով գնահատագրեր։

Կողքում՝ «Շահբազեան» սրահում «Արարատ» պարախմբի աշակերտներն ու ծնողներն եկել էին մասնակցելու ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի միջոցով Նոր տարւայ առիթով կազմակերպւած խնջոյքին, որի ընթացքում երեխաները պատրաստել են զարդեր ու իրենց եղեւնին դարձրել տօնածառ եւ Նոր տարւայ կապակցութեամբ սովորել են ու պարել են յատուկ պար։

Պարախմբի անդամները եւս ստացել են գնահատագրեր եւ վկայագրեր։

Երաժշտա-թատերական խմբի աշակերտները միանալով պարախմբին դիմաւորել են Ձմեռ պապին, ստացել են կապոցներ եւ անցկացրել ուրախ ժամեր։ Միջոցառմանը ներկայ էին Կենտրոնական վարչութեան նախագահն ու Միութեան կապն ու ընկերները։

– Սկաուտական միութեան անդամները «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում իրենց ծնողների հետ դիմաւորել են Ձմեռ պապին։ Կազմակերպւել էին զանազան խաղեր, ուրախ ժամանց եւ հիւրասիրութիւն։ Անդամները ստացել են կապոցներ։

– Մարզական միութեան վարչութեան հրաւէրով նոր ժողովասենեակում տեղի է ունեցել 46-րդ Համադպրոցական խաղերի առիթով հանդիպում, որին ներկայ էր Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախագահ՝ Ալֆրէդ Կարապետեանը եւ բոլոր դպրոցների ծնողական խորհուրդների ներկայացուցիչները։

Ժողովի բացումը կատարել է Մարզական միութեան նախագահ՝ Արբի Սարգսեանը, նշելով որ 46-րդ Համադրոցական խաղերը նւիրւած է «Արարատ» կազմակերպութեան 80-ամեակին, եւ յայտնել է մի շարք բացատրութիւններ։

Այնուհետեւ խօսքը տրւել է Կրթական խորհրդի նախագահին։

Ներկաները համեստ ընդունելութեան ընթացքում ունեցել են մտքերի փոխանակում։

– Երէցների միութեան Ամանորի դիմաւորման յանձնախմբի նախապատրաստական աշխատանքները շարունակւում էր։

– Նախապէս պայմանաւորւածութեամբ Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Սոֆի Ջաղարբէգեանի հետ Նոր տարւայ եւ հայկական աւանդութիւնների թեմայով ու դրանք միութենական կեանքում իրագործելու կապակցութեամբ հարցազրոյց էր կազմակերպւել RT (Russia today) լրատւական կենտրոնի հետ։

– Նոյն օրը տեղի է ունեցել կազմակերպութեան Ֆինասա-տնտեսական յանձնախմբի հանդիպումը։

– Հ.Մ.Ա.Կ.-ն թեւակոխում է իր հիմնադրման եւ գործունէութեան 80-րդ տարին։ Ուրբաթ օրը Կազմակերպութեան հիմնադրման 80-ամեակի յանձնախմբի հրաւէրով հանդիպմանը ներկայ էին՝ Հ.Մ.Ա.Կ.-ի միութիւնների ու մարմինների նախագահներն, որտեղ յանձնախմբի փոխնախագահ՝ Լիդա Վարդանեանը մեկնարկել է ժողովը, եղել են մտքերի փոխանակումներ ու առաջադրանքներ։

Հաշւած օրեր են մնացել հրաժեշտ տալու հին տարուն։

Ոչ միայն այս ուրբաթն էր աշխատանքային աշխուժութիւն տիրում, այլ տարւայ բոլոր օրերն էլ զանազան ու բազմազան աշխատանքներով են զբաղւում անդամներն, ընկերական ու յիշարժան պահեր անցկացնում միմեանց հետ, սովորում են կեանքի փորձառութիւններ, մարզւում են, արւեստով զբաղւում ու ծառայում անշահախնդիր, միշտ շրջապատւած ազգային լիցքերով տոգորւած, նւիրեալ ու բարեացակամ բարեկամներով։

Հ.Մ.Ա.Կ.

Առնչւող Յօդւածներ

Back to top button