ԹեհրանՀամայնք

Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման միջոցառում՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան յարկի ներքոյ

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի եւ «Հայ կին» միութեան կից՝ «Անահիտ» միութեան համագործակցութեամբ կազմակերպւել էր միասնական գեղարւեստական յայտագրով յագեցած ծրագիր Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում: Միութեան բակում ժողովուրդը նախ խնկարկում էր Բիւրաւոր նահատակների յիշատակին, ապա մուտք գործում սրահ:

Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերով մեկնարկած միջոցառմանը ցուցադրւեց ՀՀ Տաւուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանեանի եւ Արցախի Հանրապետութեան մշակոյթի, կրթութեան, գիտութեան, սպորտի փոխնախարար եւ Արցախի թեմական խորհրդի նախագահ Լեռնիկ Յովհաննիսեանի կողմից իրանահայութեանը յղւած պատգամները: Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը փոխանցեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը: Մեծ թւով հայրենակիցների մասնակցութեամբ կազմակերպւած ծրագիրը համեմւած էր միութեան սկաուտների երդումով, ասմունքային, պարային եւ երգչախմբային կատարումներով:

Related Articles

Back to top button